«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2007-04-04 | #62, 2007-04-05 | #63, 2007-04-06


ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ` ՏԱՍԸ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Մանկական գրականությունը մեր օրերում որքան անտեսված է հասարակության մի հատվածի, նույնչափ, դեռ մի բան էլ ավելի` նոր արժեվորմամբ է ուշադրության առարկա մեկ այլ խավի կողմից: Վերջինս միշտ էլ հասկացել է գրքի դերն ու նշանակությունը մանկան հոգեւոր աշխարհի ձեւավորման գործում: Եվ դրա համար բոլորովին էլ պետք չէ սեփական երեխաներ ունենալ, ապա նոր գիտակցել գրքի կարեւորությունը: Այսպես եղավ նաեւ Վիգեն Հակոբյանի դեպքում, որ լինելով ընդամենը քսանամյա երիտասարդ, մտահոգվել է քրիստոնեական ոգով գրված մանկական գրականության պակասից` անգամ հայրենիքից շատ հեռու եւ բոլորովին այլ աշխատանքներով ծանրաբեռնված լինելով հանդերձ: Ի դեպ, ընդգծենք, որ նման գրականության պակասը լրացնելու հավակնություն ունեն աղանդավորական տարատեսակ անճաշակ գրքույկները: Մինչդեռ, դրանք ոչ միայն ստահոդ են, այլեւ վտանգավոր, քանի որ խեղում են մանկական հոգեբանությունը: Գիտե՞ այդ մասին Վիգենը թե` ոչ, էական չէ, քանի որ հեռախոսային զրույցներից մեկի ժամանակ հնչեցրած նրա մտահոգությունը մոր` հրատարակիչ Անահիտ Ամիրյանին մղել է նախաձեռնելու «Տասը պատվիրան, տասը հեքիաթ» գրքի եւ նրա ձայնասկավառակի հրատարակությունը` մեծ տպաքանակով, հեղինակությամբ հայտնի մանկագիր Սուրեն Մուրադյանի:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ տպագրված գրքի շնորհանդեսը օրերս է կայացել Արարատյան թեմի առաջնորդարանի դահլիճում, որին մասնակցել են բազմաթիվ երեխաներ, ծնողներ: «Թեեւ մարդն իր ապրած կյանքով է օրինակ իր զավակին, այնուամենայնիվ, յուրաքանչյուր առաքելական ընտանիք կուզենա իր տանն ունենալ մի գիրք, որի շնորհիվ իր զավակը հայ քրիստոնյա կմեծանա, գիտակցելով, որ չի կարելի գողանալ, որ դավաճանությունը վատ բան է, որ ուրիշի ունեցածը քոնը չէ, սուտ չի կարելի խոսել եւ այլն: Այսինքնՙ սա այն է, ինչ քարոզում է մեր առաքելական եկեղեցին», ասում է Անահիտ Ամիրյանը: Նա ոգեւորված է, որ իր ջանքերով լույս տեսած գիրքն արդեն որոշ երեխաների շուրթերին է, նրանց մտքերում: Դրանք Խնկո Ապոր անվան գրադարանի «Արփի» մանկական թատերական խմբակի սաներն են, որոնք իրենց գեղարվեստական ղեկավար Հասմիկ Տեր-Կարապետյանի հետ միասին պատրաստակամություն են հայտնում ոչ միայն բեմադրել «Տասը պատվիրան, տասը հեքիաթ» գրքի բոլոր գողտրիկ պատմությունները, այլեւ դրանք որպես օրինակ ունենալ իրենց կյանքում եւ կենսակերպում: Փոքրիկ «արփիականները» գրքի շնորհանդեսը դիտարժան դարձրին «Մի գողացիր» հեքիաթի ներկայացմամբ, որ ըստ նրանց գեղարվեստական ղեկավարի, պատրաստ վիճակի է բերվել 5 փորձի եւ 10-12 օրվա ընթացքում: «Իմ խմբակի երեխաները մինչ այս գրքին ծանոթանալն էլ գիտեին տասը պատվիրանները, սակայն այս գրքի շնորհիվ պատվիրանները մեկնաբանվեցին հեքիաթների միջոցով եւ ավելի պարզ ու հասկանալի եղան նրանց», ասում է գեղարվեստական ղեկավարը:

«Գիրքը շատ լավն է, հատկապես նկարները, ասում են ընթերցող երկու տղաներ` Դավիթն ու Վահանը: CD-ն շատ լավն է, կլսեմ ու կտամ դասընկերներիս, որոնք սիրում են գիրք կարդալ եւ միաժամանակ «լսել», ասում են նրանք եւ փորձում արտանկարել Սոնա Սագրադովայի ստեղծագործությունները, որ հմայել են նրանց որակով տպագրված գրքի լուսավոր էջերից:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4