Ցեղասպանության պատճառով
Թուրքիայի, ինչպես նաեւ Բուլղարիայի, Ռումինիայի եւ Հունգարիայի տարածքներում կառուցվելիք «Նաբուկո» գազամուղի ապագան հարցականի տակ է հայտնվել քաղաքական տարաձայնությունների պատճառով: Ապրիլի 5-ին թուրքական պետական «Բոթաս» ընկերությունը ընդհատել է բանակցությունները Թուրքիայի տարածքում խողովակաշարի անցկացումն ստանձնած ֆրանսիական «Գազ դը Ֆրանս» ընկերության հետ:
Թուրք պաշտոնյաների խոսքերով, բանակցությունների վերսկսումը կախված է Հայոց ցեղասպանության հարցում Փարիզի դիրքորոշումից:
2006 թ. հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծի համաձայն, Հայոց ցեղասպանության ուրացումը քրեապես պատժելի հանցագործություն է: Վերջնականապես հաստատվելու համար օրինագիծը պետք է ընդունվի նաեւ Սենատում եւ ստանա երկրի նախագահի հավանությունը:
Այս օրենքի ընդունման դեպքում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը կշրջափակվի:
Բանակցության ընդհատումից 3 օր առաջ «Նուվել դ՚Արմենի» հանդեսում տպագրվել էր Ֆրանսիայի նախագահության սոցիալիստ թեկնածու Սեգոլեն Ռուայալի այն հայտարարությունը, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքը հավանություն կտա ցեղասպանության ուրացումը պատժող օրենքին:
«Նաբուկո» խողովակաշարը մի քանի երկրների համատեղ նախագիծն է 4,6 մլրդ դոլար ընդահուր արժողությամբ: Դրա նպատակն է ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելՙ շրջանցելով Ռուսաստանի տարածքը: Այդ ձեւով պետք է նվազի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից:
«Գազ դը Ֆրանսը» արդեն համաձայնության էր եկել նախագծի մյուս մասնակիցների հետ, եւ ահա Թուրքիան արհեստական խոչընդոտներ է հարուցում: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ֆրանսիայի կառավարությանը:
«Ֆիգարո» թերթը տեղեկացնում է, որ 2006 թ. աշնանըՙ հիշյալ օրինագծի ընդունումից հետո, ֆրանսիական մի շարք ընկերություններ ժամանակավոր վնասներ են կրել Թուրքիայում: Խոսքը մասնավորապես «Կարֆուր» հանրախանութների ցանցի եւ «Տոտալ» նավթային ընկերության մասին է: Իսկ «Կրեդի ագրիկոլ» բանկը հեռացվել է թուրքական բանակի հետ կապված «Օյակ» բանկի ձեռքբերման մրցույթից:
Ֆրանսիական ընկերությունները ներկայումս Թուրքիայում ենթակա են վարչարարական եւ մաքսային քաշքշուկների: Այդուհանդերձ Ֆրանսիայի տրանսպորտի նախարարությունը Բոսֆորի նեղուցի տակով Ստամբուլի ասիական ու եվրոպական մասերը երկաթուղով միացնելու խոշոր պայմանագիր է կնքել:
Չնայած թուրքական կողմի սպառնալիքներին, 2006 թ. ընդհանուր առմամբ թուրք-ֆրանսիական առեւտրաշրջանառության ծավալն աճել է 15 տոկոսով, կազմելով 9,4 մլրդ եվրո:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ