«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2007-04-05 | #63, 2007-04-06 | #64, 2007-04-07


ՔԸՐՔՈՐՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԵՏ ԳՆԵԼ «ԿՐԱՅՍԼԵՐԸ»

Միլիարդատեր Քըրք Քըրքորյանին պատկանող «Թրեյսինդա» ֆիրման պատրաստ է 4,5 մլրդ դոլարով ձեռք բերել «Կրայսլեր» ավտոմոբիլաշինական ընկերությունը, որը գերմանա-ամերիկյան «Դայմլեր-Կրայսլեր» կոնցեռնի վնասաբեր ստորաբաժանումն է:

Կալիֆոռնիական «Թրեյսինդա» ֆիրման իր անվանումը ստացել է Քըրքորյանի դուստրերիՙ Թրեյսիի եւ Լինդայի անուններից: Ֆիրմային է պատկանում հյուրանոցների եւ խաղատների սեփականատեր MGM Mirage ընկերության բաժնետոմսերի զգալի մասը: Անցյալում «Թրեյսինդան» «Կրայսլերի» գլխավոր բաժնետերերից մեկն էր: Սակայն 1998 թ. «Դայմլեր-Բենցի» եւ «Կրայսլերի» միաձուլումից հետո Քըրքորյանը կորցրեց վերահսկողութունը: 2000 թ. նա դատի տվեց նորաստեղծ խմբին, պնդելով, որ գերմանական ընկերության կազմակերպած միաձուլման հետեւանքով ինքը միլիարդներ է կորցրել: Բայց դաշնային դատավորը մերժեց նրա հայցը:

Ներկայումս ամերիկահայ միլիարդատերը 89 տարեկան է: Նա հայտնի է կինոբիզնեսում իր եռանդուն գործունեությամբ, բայց քանիցս հետաքրքրություն է հանդես բերել նաեւ ավտոմոբիլաշինական արդյունաբերության նկատմամբ: Անցյալում նա «Ջեներալ Մոթորսի» բաժնետոմսերի 10 տոկոսի սեփականատերն էր: Դրանց մնացուկները նա վաճառեց անցյալ տարվա վերջերին: Հենց Քըրքորյանի նախաձեռնությամբ ձեւավորվեց ամերիկյան «Ջեներալ Մոթորսի», ճապոնական «Նիսսանի» եւ ֆրանսիական «Ռենոյի» դաշինքը:

1995 թ. նա «Կրայսլերի» դիմաց առաջարկեց 22,8 մլրդ դոլար, բայց այն ժամանակ գործարքը չկայացավ: Քըրքորյանի ֆիրմայի նոր առաջարկության գումարը 200 մլն դոլարով պակաս է կանադական «Մագնա ինտերնեշնլ» ընկերության առաջարկած գումարից: Սակայն «Թրեյսինդան» պատրաստ է 100 միլիոնանոց գրավ մուծել:

Փորձագետները նշում են, որ «Կրայսլերը» Քըրքորյանի համար կարող է ամուր կաղին դառնալ, նկատի ունենալով նրա ընկերության ներկայիս ֆինանսական դժվարությունները:

«Դայմլեր-Կրայսլերի» նյույորքյան ստորաբաժանման հաղորդակցությունների բաժնի պետ Հան Տյանը նշում է, որ գերմանա-ամերիկյան կոնցեռնը բանակցում է գործընկերների հետ եւ գոհ է իրադարձությունների ընթացքից:

Որոշ տեղեկությունների համաձայն, «Կրայսլերի» նկատմամբ, «Թրեյսինդայից» եւ «Մագնայից» բացի, հետաքրքրություն են հանդես բերում նաեւ Cerberus Capital Management-ը եւ ներդրումային «Բլեքսթոն» ֆիրմաները:

ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4