Երկու հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը: Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում Իջեւանի նորաստեղծ «Բենտոնիտի» մրցավեճը երկրի չեմպիոն «Փյունիկի» հետ: Բանն այն է, որ նախորդ փուլում «Բենտոնիտը» պայքարից դուրս էր մղել բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Գանձասարին» (0-1, 2-0): Սակայն չեմպիոնին արժանի դիմադրություն չհաջողվեց ցույց տալ: Արդեն 12-րդ րոպեին «Փյունիկի» նորեկ Կարեն Դոխոյանը, որը 7 տարի «Կռիլյա Սովետովում» խաղալուց հետո վերադարձել է հայրենիք, բացեց հաշիվը: Ընդմիջումից հետո փյունիկցիները եւս երեք գոլ խփեցին ու խոշոր հաշվով (4-0) հաղթանակ տարան` գործնականում լուծելով հաջորդ փուլ մտնելու խնդիրը: Գոլերի հեղինակներ դարձան Ալեքսանդր Պետրոսյանը, Տիգրան Ղարաբաղցյանն ու Լեւոն Փաչաջյանը:
Քառորդ եզրափակիչ մյուս խաղում «Արարատը» Արարատի «Արաքս» մարզադաշտում հյուրընկալել էր «Ուլիսին»: Արարատցիների կազմում, որակազրկումից հետո նոր մրցաշրջանում իր անդրանիկ խաղն անցկացրեց թիմի ռմբարկու Նշան Էրզրումյանը: Հենց նա էլ դարձավ հանդիպման հերոսը: Նշանը 29-րդ րոպեին իրացրեց 11 մ հարվածը` բացելով խաղի հաշիվը: 74-րդ րոպեին նա 2-րդ գոլը խփեց` ամրապնդելով «Արարատի» հաղթանակը: «Արարատը» եւս հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 10-ին: Հիշեցնենք, որ նախորդ օրը կայացած երկու հանդիպումներն էլ ավարտվել էին խոշոր հաշիվներով. «Միկա»-«Շիրակ»` 4-1, «Բանանց»-«Կիլիկիա»` 5-1:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ