«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2007-04-06 | #64, 2007-04-07 | #65, 2007-04-10


ՄԱՐԱՂԱՅԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸՙ ՑԱՎԱԼԻՈՐԵՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՏՎԵՐՈՒՄ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Ղարաբաղյան շարժման տարեգրության ամենամռայլ էջերից է Մարաղայի ողբերգությունը: Տասնհինգ տարի առաջ, 1992-ի ապրիլի 10-ին, Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի զինտեխնիկայի ուղեկցությամբ ադրբեջանական օմոնը մտնելով 5013 բնակիչ ունեցող հայկական այս գյուղըՙ իրականացրեց իսկական նախճիր: Այդ օրը սպանվեցին 51 խաղաղ բնակիչներ, իսկ 38 մարաղացիներ պատանդ վերցվեցին: Նրանցից քչերին հաջողվեց փոխանակությամբ ազատվել ադրբեջանական գեհենից: Կոտորածից մի կերպ փրկվածների զգալի մասը ներկայումս ապաստարան է գտել ԼՂՀ սահմաններից դուրս, հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում: Գյուղը հիմա էլ մնում է ադրբեջանական բանակի հսկողության տակ, իսկ Նոր Մարաղայում բնակվում են ընդամենը 530 նախկին մարաղացիներՙ փափագելով վերադառնալ ծննդավայր:

Առհասարակ, Մարաղայի զոհերի թվի մասին դժվար է ստույգ տվյալներ հաղորդել: Որոշ աղբյուրների համաձայն, տարբեր ցուցակների համադրությամբ, զոհերի թիվը գերազանցում է ութ տասնյակը, իսկ գերեվարվել են ավելի քան 60 խաղաղ բնակիչներ: Նոր Մարաղայի գյուղապետ, գյուղի ինքնապաշտպանական ջոկատի նախկին հրամանատար Ռոմա Կարապետյանի վկայությամբՙ զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, եթե տեղի ինքնապաշտպանական ուժերը քիչ սպառազինված լինելով հանդերձՙ չխոչընդոտեին ադրբեջանցի հրոսակների մուտքին գյուղ: Հայտնի է նաեւ, որ ադրբեջանցիները ծրագրել էին Մարաղան գրավել կայծակնային հարձակմամբ, եւ եթե դա նրանց հաջողվեր, ապա հազիվ թե տեղաբնակներին հաջողվեր ողջ մնալ, մանավանդ որ հարձակմանը ներգրավված էր երկու տասնյակից ավելի խորհրդային զրահատեխնիկա:

Ցավալիորեն այս ողբերգության մասին քիչ է խոսվում, կամ էլ հիշվում է առիթից առիթ: Մինչդեռ անհրաժեշտ է միջազգային հանրությանը իրազեկ դարձնել այն ցնցող իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել հայաշունչ այս բնակավայրումՙ ԽՍՀՄ-ի փլուզումից ամիսներ անց: Իսկ Մարաղան, իրոք, համոզիչ կռվան է աշխարհին ապացուցելու, որ Ադրբեջանը կանխամտածված քաղաքականություն էր իրականացնում Լեռնային Ղարաբաղումՙ նպատակ ունենալով ամեն գնով Ղարաբաղի հայերին բռնի տեղահանել իրենց նախնիների բնօրրաններից: Խոջալուի դեպքերի 15-ամյակի կապակցությամբ Ադրբեջանի բարձրացրած հիստերիան վկայում է, որ հարեւան երկրում ոչ միայն վարպետորեն խեղաթյուրել գիտեն իրականությունը, այլեւ կարողանում են ռազմագործողությունների օրինաչափ արդյունքը աշխարհին ներկայացնել իրենց շահերի ուղեծրում: Բայց ահա Մարաղայի ստույգ եղեռնագործությունը մեկուկես տասնամյակ անց մնում է պատմության ստվերում:

Կարելի էր ենթադրել, որ Մարաղայի ջարդերի 15-ամյակի կապակցությամբ գոնե հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեին, քաղաքական հայտարարություններ եւ այլնՙ ոչ միայն ԼՂՀ մասշտաբով: Համակերպումի այս տխուր ֆոնին թերեւս մխիթարական կարելի է համարել Ստեփանակերտում գործող «Ծիր Կաթին» ստուդիայի թողարկած սկավառակը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկՙ Արցախի պետհամալսարանի փոքր դահլիճում:

«Սույն նախագիծը մի փորձ է ներկայացնելու Մարաղայի իրական պատմությունը, հույսով, որ դուք կանեք ձեզնից կախվածը, որպեսզի այն չկրկնվի երբեք եւ ոչ մի տեղ», կարդում ենք սկավառակի վրայի ծանոթագրականում: Հեղինակը Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում հայտնի լրագրող Նարինե Աղաբալյանն է: Նրա խոսքով, տարիների աշխատանք է կատարվել սկավառակի պատրաստման վրա: Օգտագործվել են Մարաղայի ցնցող դեպքերը հավաստող բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ եւ նկարահանված կադրեր: Զգայուններին ու երեխաներին խորհուրդ չի տրվում դիտել սկավառակը, որովհետեւ սահմռկեցուցիչ տեսարաններ է պարունակում:

Շնորհանդեսին մասնակցող ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, Մարաղայի գյուղապետ Ռոմա Կարապետյանը վերստին շեշտադրեցին Մարաղայի ողբերգության մասին միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնելու անհրաժեշտությունը, նշելով, որ միջազգային հանրությունը պետք է իսկական գնահատական տա խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ոճիրին:

Ակավառակը թողարկվել է երեք լեզուներով, 500 օրինակից: Այն հովանավորել է սփյուռքահայ գործարար Վարդգես Անիվյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4