«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2007-04-06 | #64, 2007-04-07 | #65, 2007-04-10


«ՉՊԵՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՆ»

Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը երեկ «Փաստարկ» ակումբում դատապարտելով նախօրեին Էջմիածնի թիվ 19 ընտրատեղամասում տեղի ունեցածըՙ նշեց, որ ընտրությունների ազատ եւ արդար անցկացման համար պետք է պահանջատեր լինեն ոչ միայն առաջադրված թեկնածուներն, այլեւ իշխանություններն ու ժողովուրդը: Դատապարտելով բռնության ամեն մի դրսեւորում ընտրատեղամասերումՙ Թաթուլ Մանասերյանը կոչ արեց չհանդուրժել թափթփուկների մասնակցությունն ընտրապայքարին:

Թաթուլ Մանասերյանն առաջադրվել է թիվ 5 ընտրատարածքում եւ մրցում է 4 թեկնածուներիՙ Հովհաննես Հովհաննիսյանի, Հայկ Բաբուխանյանի, Համլետ Հովսեփյանի եւ Լեւոն Սարգսյանի հետ: Ակումբի հյուրը տեղեկություններ ունի, որ իրենց ընտրատեղամասում եւս ընտրակաշառքների բաժանման, անձնագրերի հավաքման եւ մարդկանց սպառնալու օրինակներ շատ կան:

Անկուսակցական Թաթուլ Մանասերյանը վստահ է, որ «Արդարություն» դաշինքից դուրս գալուց հետո իր վարկանիշը ոչ միայն չի ընկել, այլեւ բարձրացել է, եւ հույս ունի, որ ինքը կստանա այն մարդկանց վստահության քվեները, որոնք հարգում են աշխատող մարդուն: Պատգամավորի թեկնածուն վստահեցրեց, որ ինքը որեւէ քաղաքական ուժի հետ պայմանավորվածություն չունի, սակայն տեղյակ է, որ իրեն սատարելու են հնչակները, իրապես ընդդիմադիրները, երիտասարդական կազմակերպությունները եւ մտավորականները: Թաթուլ Մանասերյանը չբացառեց, որ խորհրդարան անցնելու պարագայում կմիանա որեւէ քաղաքական ուժի, եթե, իհարկե, արժանիներն ընտրվեն: Նա վստահ է, որ Ազգային ժողովում միայնակ մեծ խնդիրներ լուծելն անհնար է:

«Ըմբռնումով եմ մոտենում Սերժ Սարգսյանի նշանակմանը», ասաց Թ. Մանասերյանըՙ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակմանը: Նա միաժամանակ նշեց, որ վարչապետին ներկայացրած հանրապետության նախագահը պատասխանատվություն է կրում վարչապետի նշանակման հարցում: Ինչ վերաբերում է նորմալ ընտրությունների անցկացման գործում իշխանությունների շահագրգռվածությանը. նա նշեց. «Հենց էստեղ էլ կզգացվեն նորանշանակ վարչապետի պատրաստակամությունն ու վճռականությունը»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4