Երեկ կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները: Անակնկալներ չգրանցվեցին: Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Արարատը», «Միկան», «Բանանցն» ու «Փյունիկը»: «Արարատը» պատասխան խաղում էլ հաղթեց «Ուլիսին»: Արդեն 4-րդ րոպեին Նշան Էրզրումյանն իրացրեց 11 մ հարվածը: Ընդմիջումից հետո ուլիսցիների հազվադեպ գրոհներից մեկն ավարտվեց «Արարատի» դարպասի գրավումով: Աչքի ընկավ Ալբերտ Աճեմյանը: Բայց խաղավերջում արարատցի Գագիկ Սիմոնյանը կրկին առաջ մղեց իր թիմին (2-1):
Խաղից հետո թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:
Վարուժան Սուքիասյան («Արարատ»).- Եթե նույնիսկ խաղը ոչ-ոքի ավարտվեր, ապա մեզ համար ողբերգություն չէր լինի, քանի որ կարեւորը 4 օր հետո Կապանում «Գանձասարի» հետ կայանալիք հանդիպումն է: «Ուլիսի» խաղային հնարավորություններին արդեն ծանոթ էինք, եւ մեր գլխավոր խնդիրը հաջորդ փուլ մտնելն էր: Ճիշտ է, առաջին խաղում 2-0 հաշվով տարած հաղթանակն ընդհանուր հաջողության հասնելու համար որոշակի հույսեր է ներշնչել մեզ, բայց տղաներին առաջադրանք էի տվել, որ գոնե առաջին խաղակեսում լավ աշխատեն, մարտականորեն գործեն, որպեսզի նախապատրաստվեն «Գանձասարի» հետ հանդիպմանը:
Երկրորդ խաղակեսում «Ուլիսը» զգալիորեն ավելացրեց, կարողացավ վերականգնել հավասարակշռությունը, որի առթիվ շնորհավորում եմ թիմին: Կրկնեմ, որ «Ուլիսն» ընթացիկ մրցաշրջանում շատ թիմերի «ախորժակը կփակի»: Ինձ թվում է, որ առաջին խաղակեսից հետո գավաթային մրցակցության ելքն արդեն վճռված էր, ուստի փոխարինումներ կատարեցի եւ հանգստանալու հնարավորություն ընձեռեցի Ռենատոյին, Մինասյանին: Եթե Նշանը վնասվածք չստանար, նաեւ Սիմոնյանին կփոխարինեի: Ինձ թվում է, որ Նշանը հաջորդ խաղին պատրաստ կլինի: Ամեն դեպքում նրան հանգիստ տվեցինք: Գառնիկ Հովհաննիսյանի հարցում դժվարանում եմ առայժմ կոնկրետ բան ասել: Տղաներին շնորհավորում եմ կիսաեզրափակիչ մտնելու առթիվ: «Ուլիսին» էլ շնորհակալ եմ լավ խաղի համար:
Արսեն Չիլինգարյան («Ուլիս»).- Խաղն ավելի հետաքրքրական կլիներ, եթե առաջին րոպեներին 11 մ հարվածով գոլ բաց չթողնեինք: Առայժմ չեմ կարող ասել, թե որքանով էր իրավացի մրցավարը. հարկ է դիտել տեսագրությունը: Խաղին շատ լրջորեն էինք տրամադրվել, թեեւ երկու գնդակի առավելությունը շոշափելի էր: Տղաների գործողություններում որոշակի լարվածություն էր զգացվում: Ընդմիջումից հետո կարծես վստահություն ձեռք բերեցին սեփական ուժերի նկատմամբ եւ հավասարեցրին հաշիվը: Դրանից հետո ամբողջ թիմով նետվեցինք գրոհիՙ գոնե այս խաղը շահելու համար: Սակայն խաղավերջում մրցակիցը մեր վտանգավոր գրոհը կասեցնելով, արագ հակագրոհ ձեռնարկեց եւ կորզեց հաղթանակը:
Այս խաղից հետո կհրաժարվեմ Խուցիշվիլու եւ Սուլաբերիձեի ծառայություններից: Իսկ եգիպտացի Իբրահիմը, որն առաջին խաղն էր անցկացնում, թեեւ չարդարացրեց մեր սպասելիքները, սակայն, կարծում եմ, ընթացքում կկարգավորի իր խաղը:
«Փյունիկը» պատասխան խաղում էլ խոշոր (4-1) հաշվով պարտության մատնեց «Բենտոնիտին»: Առաջինը հաջողության հասան «Բենտոնիտի» ֆուտբոլիստները: Աչքի ընկավ Դմիտրի Մոլոչայը, բայց փյունիկցիները մինչեւ խաղավերջ 4 անգամ գրավեցին դարպասը: Աչքի ընկան Սարգիս Հովսեփյանը (11 մ), Գեւորգ Ղազարյանը եւ Տիգրան Ղարաբաղցյանը, որը խփեց երկու գոլ:
Ավելի համառ մրցապայքարում անցավ «Շիրակի» եւ «Միկայի» մրցավեճը: Նախ շիրակցի Վարդան Բիչախչյանը բացեց հաշիվը, ապա խաղավերջում Կարեն Մուրադյանը վերականգնեց հավասարակշռությունը: Հաջորդ փուլ մտավ «Միկան», քանի որ առաջին խաղում հաղթել էր 4-1 հաշվով: «Բանանցը» պատասխան խաղում էլ խոշորՙ 6-1 հաշվով պարտության մատնեց «Կիլիկիային»: «Բանանցից» երեք գոլ խփեց Սեմյոն Մուրադյանը, երկու անգամ աչքի ընկավ Արսեն Բալաբեկյանը, մեկ գոլ էլ իր օգտին գրանցեց Անդրեյ Բուրդիյանը: «Կիլիկիայից» միակ գոլը 11 մ հարվածով խփեց թիմի դարպասապահ Մարտիկ Մկրտումյանը:
Այսպիսով, կիսաեզրափակիչի առաջին խաղում ապրիլի 18-ին «Արարատը» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Փյունիկին», «Բանանցը»ՙ «Միկային»: Պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 1-ին: Գավաթի տերը հայտնի կդառնա մայիսի 9-ին կայանալիք եզրափակիչ խաղում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ