«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2007-04-10 | #66, 2007-04-11 | #67, 2007-04-12


ԱՌԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՆԱՑՅԱԼ ՀԱՐՑԵՐԸ ԱՆԻՄԱՍՏ ԵՆ

«Առանց խնդիրների, հատկապես ընկերների հարաբերություններում, չի լինում», երեկ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: Առկա խնդիրներն էլ, ըստ Իվանովի, կապված են Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ձեռնարկությունների ծանրաբեռնվածության հետ: Բայց երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին ձեւավորվել է դրական դինամիկա, Ռուսաստանն էլ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներով առաջինն է: «Ինչպես նշեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ամենից շատ ուրախացնում է, որ աճում են ոչ թե, այսպես կոչված, էթնիկ ներդրումները Ռուսաստանից, այլ ռուսական լուրջ կապիտալի ներդրումները», նշեց Իվանովը, հավելելով, որ դա վերաբերում է ամենից առաջ էներգետիկային, այդ թվում` ատոմային, տրանսպորտին, կապին, այդ թվում` բջջային: «Մենք այսօր խնդիրներ քննարկել ենք, դրանցից մենք չենք փախչում, դրանք պետք է լուծել: Հավատացեք, վերջին տարիներին դրանք լուծվում են չնայած իրավիճակի այն բարդությանը, որ կա Հայաստանում, ամենից առաջ նկատի ունեմ տրանսպորտը»:

Սերժ Սարգսյանին վաղուց եւ տարբեր որակներով ճանաչելու հիմքով ձեւավորված ոչ միայն գործնական, այլեւ անձնական հարաբերությունների պարագայում Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո, ըստ ՌԴ փոխվարչապետ Իվանովի, տարին մի քանի անգամ հանդիպող Սարգսյանի եւ Իվանովի համար օգտակար է արդեն իսկ ձեռք բերված մարդկային կապիտալը, որը թույլ է տալիս շատ հարցեր քննարկել «ուղիղ եւ անկեղծ` առանց դիվանագիտական բարդ ձեւակերպումների»:

Սերժ Սարգսյանն, իր հերթին, նշեց, որ վերջին տարվա ընթացքում երկու երկրների ապրանքաշրջանառության երկու անգամ աճը դեռեւս համեստ ծավալ է, իսկ ամենամեծ խնդիրը մնում է տրանսպորտայինը: Սերգեյ Իվանովը կարեւորեց արդեն գործարկված Կովկաս-Փոթի լաստանավային երկաթուղային նոր գիծը, որ որոշ առումով թույլ է տալիս լուծել երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերից մեկը: «Եկեք ուղիղ ասենք, որոշակի աստիճանով Հայաստանի տրանսպորտային շրջափակումն է, որում երկիրը գտնվում էր երկար տարիներ, եւ այդ գորդյան հանգույցը մասնակի հաջողվեց քանդել: Ավելին, մենք ոչ միայն ծրագրեր ունենք, այլեւ մտածում եմ, որ մինչեւ ամռան վերջ նմանօրինակ երկրորդ լաստանավը կմտնի գիծ: Ունենք ավելի երկարաժամկետ ծրագրեր եւս, որոնց մասին թերեւս վաղ է խոսել, բայց դրանք կապված են երկաթուղային տրանսպորտի եւ նվազագույնը բեռների ազատ տեղափոխման հետ: Իսկ մարդկանց առումով դեռ վաղաժամ է խոսել: Տրանսպորտը մեր հարաբերությունների հիմնական ասպեկտն է, մնացյալն առանց տրանսպորտի դառնում է անիմաստ», ասաց ՌԴ փոխվարչապետը:

Հայաստանի վարչապետը կարեւորեց ավտոմոբիլա-կոնտեյներային փոխադրումների հարցը, քանի որ, օրինակ, ամռան սկզբին պետք է ապահովել մինչեւ 10 հազար տոննա ծիրանի տեղափոխումը Ռուսաստան: Այս առնչությամբ Սերգեյ Իվանովը հավելեց. «Մենք հասկանում ենք ծիրանի բերքի դուրս բերման սեզոնայնությունն ու կարեւորությունը, որ մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում, կարեւոր է հուլիսին կազմակերպել բերքի անընդհատ տեղափոխումը Ռուսաստան»: Ու թեեւ լաստանավը կաշխատի, սակայն Վերին Լարսի փակ անցակետի ու աբխազական երկաթուղու կապակցությամբ լռությունն ավելի նախընտրելի եղավ:

Երկու երկրներում սպասվող ընտրությունների կտրվածքով կառավարությունների աշխատանքի առումով Սերժ Սարգսյանը նշեց, թե ընտրությունները քաղաքական ուժերից մեծ ջանքեր եւ ժամանակ են պահանջում: «Այս առումով կարելի է համարել, որ ընտրությունները խանգարում, խոչընդոտում են գործադիր մարմնի աշխատանքներին: Բայց մյուս կողմից էլ պետք է հասկանանք, որ քաղաքական ուժերի համար սա գագաթնակետն է իրենց գործունեության, քաղաքական ուժերը անշուշտ պետք է ջանք գործադրեն, որպեսզի կարողանան կազմել հաջորդ կառավարությունը: Մյուս կողմից էլ, ընտրությունները մի տեսակ օգնում են աշխատանքին, որովհետեւ սա այն ժամանակաշրջանն է, երբ գործադիր մարմինը, եւ ընդհանրապես բոլորը ցանկանում են անել այն, ինչ պարտավոր են անել` աշխատել ավելի լավ, հաշվի առնել կողմերի տրամադրությունները, ընդառաջ գնալ խնդրանքներին: Այնպես որ, ընդհանուր առմամբ եթե վերցնենք, չեմ կարծում, որ ընտրական գործընթացը պիտի խոչընդոտի կառավարության աշխատանքներին»:

Հայաստանը որպես Ռուսաստանի ֆորպոստ արտահայտության առնչությամբ Սերգեյ Իվանովը նշեց, որ Հայաստանը ռազմավարական գործընկեր է, եւ դա չի չափվում միայն ռազմաքաղաքական շահերով: Ռուսական ռազմական բազան, ըստ Սերգեյ Իվանովի, ապահովում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի շահերի պաշտպանությունը: «Բազայի գործունեության ծրագիրն ու ծավալը ակնհայտորեն չեն կրում ագրեսիվ բնույթ եւ չեն ուղղված ուրիշ պետությունների դեմ... Ռուսական բազայի առկայությունը ռազմավարական գործընկերության տարր է»: Սերժ Սարգսյանը «ֆորպոստ» արտահայտությունը համարեց թյուրըմբռնման հետեւանք. «Ես վստահ եմ, որ մարդը, ով ասել է այդ բառը, ցանկացել է լավ բան ասի, այդ պարագայում լեզվին դա է եկել, ամբողջ պատմությունը դա է»:

«Financial Times»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի բազաներ Հայաստանում չեն լինի: Երեկ վարչապետը «փոքր-ինչ» մանրամասնեց. «Մեր տարածաշրջանում բաժանման նոր գծերի ստեղծումը ոչինչ չի ավելացնի մեր անվտանգության համակարգում: Բացի այդ, Ռուսաստանը կրճատում է իր ներկայությունը տարածաշրջանում, եւ չպետք է լինի այնպես, որ Ռուսաստանը կրճատում է, ուրիշները` մեծացնում»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Նմանօրինակ հանդիպումները եզակի հնարավորություն են երկրների կառավարման «ղեկին» գտնվող մարդկանցից այլ, շատ ավելի էական ու կարեւոր նշանակություն ունեցող հարցերի պատասխան ստանալու համար: Սակայն դրա փոխարեն վաղօրոք համաձայնեցված տարբերակով իրենց սպասարկող լրատվամիջոցների միջոցով հնչեցվում են հարցեր, որոնց առանց հարցնելու էլ կողմերը կանդրադառնան, թեկուզ պաշտոնական տեղեկատվության ձեւով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4