Պետգույքի մասնավորեցման 2006 թ.-ի տարեկան հաշվետվությունն է երեկ քննարկվել եւ հավանության արժանացել կառավարության նիստում: Ինչպես լրագրողներին հայտնեց կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը, անցյալ տարվա ընթացքում մասնավորեցման է առաջարկվել 2006-2007 թթ. ծրագրում ընդգրկված 19 ընկերություն, որից վաճառվել է 11-ը: 2006 թ.-ին նաեւ մասնավորեցվել է 3 փոքր եւ 6 անավարտ շինարարության օբյեկտ: Մասնավորեցումից ստացված միջոցներով պետական բյուջեի համապատասխան հաշվին է մուտքագրվել 455 մլն դրամ եւ 550 հազար ԱՄՆ դոլար:
Պայմանագրային պարտավորությունների մասով վարչության հսկողության ներքո գտնվող 119 գնորդներից իրենց պարտավորությունները կատարել են 80-ը, որոնց կատարած ներդրումները կազմել են 1,4 մլրդ դրամ եւ 6,2 մլն դոլար: Ինչ վերաբերում է լուծարման եւ սնանկացման գործընթացին, ապա ավարտվել է 20 կազմակերպության լուծարման գործընթացը եւ 14 կազմակերպություններն էլ ճանաչվել են սնանկ:
Մասնավորեցման ծրագրի հրապարակայնության մասին հարցին ի պատասխան, Աշոտ Մարկոսյանը հայտնեց, որ այդ հրապարակայնությունն ապահովվում էՙ «Ազգ» թերթում տպագրվում են բոլոր մրցույթների մասին հայտարարությունները:
Ա. Մ.