Փորձում էին պարզել Տիգրան Կարապետյանն ու Արամ Կարապետյանը
Ամեն ինչ սկսվեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հարցիցՙ ուղղված «Հայելի» ակումբի մյուս հյուրինՙ ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանին, թե նրա կուսակցությունը քաղաքական դաշտի ո՞ր մասում է գտնվում: Դրանից հետո ծավալվեց հետեւյալ երկխոսությունը.
Տ.Կ.- Իսկ Դուք ո՞ր մասում եք:
Ա.Կ.- Ես ընդդիմություն եմ: Ծայրահեղ ընդդիմություն: Կամ ինչպես ասում է «Հայոց աշխարհը»ՙ արմատական ընդդիմություն:
Տ.Կ.- Արմատականը ես եմ: Արմատը ծայրը չէ: Դուք ծայրում եք, թե՞ ծայրի մեջտեղում:
Ա.Կ.- Ծայրի մեջտեղը ո՞րն է:
Մամուլի ասուլիսին ներկաների համընդհանուր ուրախության ալիքը այդ պահին թույլ չտվեց, որ պարզ լինի, թե ի վերջո ով որ մասում է գտնվում կամ որ մասն ինչ է, բայց հետագայում Տիգրան Կարապետիչն ասաց, որ իր կուսակցությունը կենտրոնում է, քանի որ իշխանությունն ու ընդդիմությունը գտնվում են ծայրահեղ բեւեռներում:
Երկու կուսակցությունների ղեկավարների հետագա ելույթները նույնպես պակաս զվարճալի չէին: Արամ Կարապետյանը հիշատակեց, որ 1933 թ.-ին գերմանացի ժողովուրդը իշխանության բերեց Հիտլերին, որին անմիջապես արձագանքեց Տիգրան Կարապետյանը ասելով, որ «Հիտլերը Ռայխստագն այրեց, իսկ դուք Փարաքարն էիք փակում»: Արամ Կարապետյանը խնդրեց «պլինդուզից ցած չիջնել», քանի որ ինքն էլ կարող է հիշատակել երգ ու պարի միջոցով ընտրազանգված վաստակելու փաստը, փոքր-ինչ ուշացումով ասելով «պրն Կարապետյան»: Տիգրան Կարապետյանը խնդրեց իր ազգանունը հանկարծ չշփոթել, որին Արամ Կարապետյանը պատասխանեց, որ դա անհնար է, քանի որ դա նաեւ իր ազգանունն է եւ ինքը չի կարող այն մոռանալ: Այնուամենայնիվ, փոքր-ինչ հետո Արամ Կարապետյանի հիշողությունն իրեն դավաճանեց, նա մոռացավ իր եւ զրուցակցի ազգանունը եւ Տիգրան Կարապետյանին դիմելով ասաց պրն Եղիազարյան:
Որքա՞ն ձայն են ակնկալում Կարապետյանների ղեկավարած կուսակցությունները խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այս հարցին Արամ Կարապետյանը պատասխանեց արդեն բոլոր կուսակցությունների համար դասական դարձած տոկոսային հավակնությունների չափին համապատասխանՙ 20-25 տոկոս, «եթե ընտրությունները նորմալ լինեն»: Տիգրան Կարապետիչն ավելի համեստ գտնվեց, ասելով, որ ինքը հետազոտություն չի անցկացրել, եւ խորհուրդ տալով իր զրուցակցին դիմել, որն ունի նման ուսումնասիրություն: Վերջինս ժլատ չգտնվեց եւ ասաց, որ իր կարծիքով «Ժողովրդական կուսակցությունը» կունենա 15-17 տոկոս: «Դուք 20-25 տոկոս, մենք 15 տոկո՞ս», ժպիտով հարցրեց Տիգրան Կարապետյանը, ավելացնելովՙ «լավ, ոչինչ, դա էլ ինձ ձեռնտու է»:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ