Հայկական մամուլը կորցրեց իր ամենապրոֆեսիոնալ, ամենանվիրյալ, միաժամանակ ամենակոլորիտային դեմքերից մեկին: Մի անձնավորությանՙ ով 1960 թ.-ից ի վեր, մոտավորապես 50 տարի, անընդմեջ ծառայել է մեր մամուլին որպես ֆոտոլրագրող, իսկ 1985 թ.-ից մինչեւ իր մահըՙ երեկ, նաեւ որպես ֆոտոլրագրության կազմակերպիչ, սկզբում «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկայում, իսկ 2002 թ.-իցՙ «Ֆոտոլուր» գործակալությունում: Մի քանի ամիս առաջ էր, որ անոթային հիվանդությունը զգետնեց նրան: Հազիվ փրկվեց: Հիվանդանոցային բուժումից հետո, արդեն բնակարանիցՙ նա շարունակում էր ղեկավարել «Ֆոտոլուրը», ընդունում էր թերթերի պատվերները, եւ ամենայն բարեխղճությամբ շարունակում լուսանկարներ մատակարարել: Ավելի ուշ, արդեն աշխատավայրում, տրամադրությունը միշտ բարձր էր պահում, լավատես, խանդավառ ու գործնական: Ծայր աստիճան համակրելիՙ սրտամոտ ընկեր էր իսկական լրագրողների համար: Չէր հանդուրժում ստախոսներին, որոնք երբեք չէին կարող դառնալ նրա վիսկիի ընկերը: Գնահատում էր իսկական պրոֆեսիոնալներին, որոնք նրա ընկերներն էին ամենուրՙ Նյու Յորքից մինչեւ Մոսկվա, Լոնդոն... Չէր տառապում այսպես կոչված «քաղաքական մտածողությամբ», կողմնորոշումները զուտ մասնագիտական էին: Իր ճշտապահությամբ, բծախնդրությամբ ու մարդկայնությամբ ստեղծել էր բարոյական մեծ դրամագլուխ, որը երբեք չի սպառվի այլեւս...
Հ. Ա.