«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2007-04-13 | #69, 2007-04-14 | #70, 2007-04-17


ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐ ԿԱՄ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Ի՞նչ է փոխելու մեկ բառը

Մի քանի տարի առաջ հաստատված օրենքի համաձայն, ճարտարապետների, գրողների, կոմպոզիտորների, երգիծանկարիչների եւ երկրի մյուս ստեղծագործական միությունները պետք է միություն բառի փոխարեն կոչվեն ասոցիացիա կամ միավորում: Օրերս Հայաստանի նկարիչների միության վարչության անդամները, 7 բաժանմունքների ղեկավարները ճարտարապետների միությունում փորձում էին հասկանալ օրենքի տրամաբանությունը:

«Նոր օրենքն ասում է, որ Հայաստանում հասարակական կազմակերպությունների անվան մեջ միություն բառը չպետք է լինի: Շատ զարմանալի է ինձ թվում: Մեզ անգամ ասում են, որ պետք է երկու բառերից մեկն ընտրել կամ միավորում, կամ ասոցիացիա: Ինչպես կարելի է մեր անունը դարձնել ասոցիացիա, օտար լեզվով, իսկ հայերենը հանել, սա ի՞նչ լոգիկա է: Ոչ ոք չի կարողանում ինձ բացատրել, թե այս ինչ տրամաբանությամբ է, եւ ով է սա հնարել», «Ազգի» հետ զրույցում ասաց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նկարիչների միությունը, նախագահի խոսքով, գործում է 2000 թ. հաստատված կանոնադրության համաձայն, որտեղ ամեն բան նորմալ է, բացի միություն բառից: Կարեն Աղամյանի խոսքով, իրենք այդ մի բառը փոխելու համար ընկնում են ավելորդ քաշքշուկների մեջ` պետք է բառին համապատասխանեցնեն օրենսդրությունը, նորացնեն ձեւաթղթերը եւ հաստատեն: Նշեց նաեւ, որ կոմպոզիտորների միությունն արդեն փոխել է անվանումը եւ կոչվում է միավորում:

Իսկ ինչո՞ւ ավելի վաղ չեն քննարկել հարցը, երբ օրենքն արդեն մի քանի տարի ընդունվել է: «Մի քանի տարի է, օրենքը գործում է, մենք դիմանում էինք եւ մտածում էինք, որ որեւէ մեկը չի կարողանա օտար բառը ստիպել հայերենի փոխարեն: Սրանով ոչինչ չի փոխվում, բացի այն, որ մենք ընկնում ենք գլխացավանքի մեջ: Բայց հիմա մեզ հետ որեւէ գործարք չեն անում, պետռեգիստրից մենք զրկված ենք, որովհետեւ ասում են միություն գոյություն չունի: Որեւէ գործ անելու համար եթե որեւէ նոտարական գրասենյակ ենք դիմում, մեզ հետ չեն խոսում` ասում են դուք գրանցված չեք, իսկ ռեգիստրում էլ ասում, միություն գոյություն չունի, ձեր անունը փոխեք: Տրամաբանությունից հեռու է, միայն ավելորդ քաշքշուկ է», ասաց Կարեն Աղամյանը:

Եթե նկարիչների միության նախագահը նկատեց հարցի միայն քաշքշուկային մասը, ապա գեղանկարիչ, նկարիչների միության վարչության անդամ Արարատ Խանզադյանն այլ մտորումներ ունի:

Նրա համոզմամբ, նախՙ հազար հոգանոց միությունը չի կարող լինել միավորում կամ ասոցիացիա, հետո էլ` «միություն բառը հրաշալի ձեւակերպում է էն միտքը, ոնց որ կա մեր միությունը»: Գեղանկարչի կարծիքով, եթե խնդիրը սոսկ բառի մեջ է, այդքան էլ ծանր հարց չէ, բայց դե ուրիշ վախեր ունի. «Օրինակ, կարող է մի օր մեկը գա, ասիՙ էս շենքը դուրս գալիս է, միավորում եմ, միություն չե՞ք: Մի քիչ էստեղ եմ կասկածում: Ոչ միայն շենքերի առումով էդպիսի կասկած ունեմ, այլ նաեւ սեփականությունների ակնկալիք ունենալու կասկած ունեմ: Մի օրենք էին հանել, որ կառավարությունը կարող է սեփականաշնորհել հասարակական կազմակերպությունների ունեցվածքը փոխհատուցելով: Կարող է մեզ տանեն Ուլուխանլու գյուղում մի հատ շենք տան, ասենՙ էս նկարիչների շենքն է: Վախը դրա մեջ է, թե չէ անունների տարբերություն չկա», իր մտահոգությունները հայտնեց նկարիչների միության վարչության անդամը` միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանի նկարիչների միություն ձեւակերպումը լրիվ պետական կարգավիճակին համապատասխան է, իսկ ասոցիացիան կարող է համարժեք չլինել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4