«Երեւան ջրի» առաջարկած սակագնի 5 տոկոսով բարձրացումն այսպես է բացատրում ֆրանսիական «Վեոլիա» ընկերության ղեկավարներից մեկը
«Երեւան ջուր» ընկերության ներկայացրած հայտը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովՙ Երեւանում խմելու ջրի սակագինը բարձրացնելու մասին պայմանավորված է այն հանգամանքով, որ նվազել է սպառվող ջրի քանակը: Այս մասին Փարիզում Երեւանից ժամանած լրագրողներին, ոլորտի մասնագետներին եւ պաշտոնյաներին ասաց «Երեւան ջրի» կառավարիչ ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Հարավ-արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Ժան-Պատրիս Պուարիեն: Նա նշեց, որ ջրի սակագնի առաջարկվող բարձրացումը կկազմի ընդամենը 5 տոկոս եւ դա անվանեց «ավելի շուտ սակագնի ճշգրտում, այլ ոչ թե բարձրացում»: Այն հարցին, թե արդյոք դա չի՞ հակասում «Երեւանի ջրմուղ-կոյուղու» 10-ամյա կառավարման պայմանագրին, որտեղ ըստ տարիների սահմանված են սակագները, Ժան-Պատրիս Պուարիեն պատասխանեց, որ սակագնային քաղաքականության հարցերը բավականին թափանցիկ են եւ հիմնված են այդ պայմանագրի պայմանների վրա: Մասնավորապես «Վեոլիայի» ներկայացուցիչը նշեց, որ տպավորությունը, թե սակագնային առաջարկներն անշարժ են, այնքան էլ ճիշտ չէ: Ճշմարտությունն այն է, որ պայմանագրի մեջ կան կետեր, որոնց պարագայում հնարավոր է սակագների վերանայումը: Դրանցից մեկը ջրի սպառման ծավալների նվազումն է, ինչն արձանագրվել է անցած մեկ տարվա ընթացքում:
Ժան-Պատրիս Պուարիեն վստահություն հայտնեց, որ Երեւանի բնակիչների համար սակագնի այդ փոփոխությունը էական չէ: «Եթե բնակչությունը չկարողանար վճարել դրա դիմաց, մենք գուցե զգուշանայինք այդ առաջարկն անելուց», այս կարծիքը հայտնեց նա, ավելացնելով, որ դա բաժանորդների համար ամսական միջինը ընդամենը 100 դրամով կավելացնի վճարվող գումարի չափը: «Հայաստանում, ինչպես եւ Ֆրանսիայում շատ զգայուն են սակագների նկատմամբ: Համաձայն Համաշխարհային բանկի չափանիշների, ջրի վարձավճարների չափը չպետք է գերազանցի ընտանեկան բյուջեի 4 տոկոսը: Ֆրանսիայում այդ ցուցանիշը 1 տոկոսից ցածր է, իսկ Հայաստանումՙ 2-2,5 տոկոս է: Այսինքն, այն շատ ավելի ցածր է, քան էլեկտրաէներգիայի եւ ջերմամատակարարման վարձերը», ընդգծեց «Վեոլիայի» Հարավ-արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրենը:
Միաժամանակ Հայաստանից ժամանածներիս տեղեկացվեց, որ ապագայում հավանական է, որ «Վեոլիան» լրացուցիչՙ պայմանագրով չնախատեսված ֆինանսական ներդրումներ կատարի Երեւանի ջրամատակարարման համակարգում: Այդ հարցը շոշափվել է երկու երկրների նախագահներ Ժակ Շիրակի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ժամանակ: Բանն այն է, որ Ֆրանսիան ունի հատուկՙ զարգացող երկրներին աջակցելու կոչված պետական հիմնադրամ, որտեղից Հայաստանի գումարներ ստանալու հարցն այժմ քննարկվում է: Ինչ վերաբերում է «Երեւան ջրում» գործերի ներկայիս ընթացքին (սկսած 2006 թ.-ի հունիսից, երբ «Վեոլիան» ստանձնեց կառավարումը), ապա ֆրանսիական ընկերությունում գտնում են, որ «կարելի է ասելՙ ամեն ինչ լավ է ընթանում»: Իսկ մեր հարցին, թե կարո՞ղ ենք հուսալ, որ 10 տարի հետո, երբ կավարտվի «Վեոլիայի» կառավարման պայմանագիրը Երեւանում, կունենանք շուրջօրյա ջրամատակարարում եւ այնպիսի համակարգ, ինչպիսին Փարիզում է, Ժան-Պատրիս Պուարիեն պատասխանեց, որ շուրջօրյա ջուր կունենա մեր մայրաքաղաքի բնակչության 95 տոկոսը եւ կհասնենք Փարիզի ջրամատակարարման համակարգի մակարդակին միայն մասնակիորեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Փարիզ