«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2007-04-14 | #70, 2007-04-17 | #71, 2007-04-18


ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՄԵՐԳԸՙ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մոսկվայումՙ Կրեմլի պետական պալատում ապրիլի 20-ին տեղի կունենա Շառլ Ազնավուրի վերջին համերգը: Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ տվյալ ելույթը նրա վերջին համերգային շրջագայության մասն է կազմում: Առաջին համերգը տեղի կունենա Մոսկվայում: Ապա Ազնավուրը կայցելի Հարավային Ամերիկայի երկրներ եւ շրջագայությունը կավարտվի Փարիզում:

Մայիսին կլրանա մեծ շանսոնյեի 83 տարին: Նա մտադիր է պաշտոնապես վերջ դնել համերգային գործունեությանը, սակայն դրանից հետո էլ առանձին ելույթները չեն բացառվի: Այս տարվա փետրվարին նա կուբացի երաժիշտների հետ համատեղ ձայնագրեց «Զարդարիր իմ կյանքը» նոր խտասկավառակը: Մոսկովյան համերգի ժամանակ կհնչեն նրա նոր երգերից շատերը, ինչպես նաեւ հին, հանրահայտ երգեր:

Ազնավուրի խոսքերով, ավելի լավ է ունենալ հրաժեշտի երկարատեւ շրջագայություն, քան հանդես գալ ընդմիջումներով: Նա չի սիրում խոսել ստեղծագործական եւ մյուս ծրագրերի մասին, նախընտրում է կարգի բերել բոլոր գործերը եւ գուշակություններ չանել:

Երգչի «զինանոցում» կա 786 երգ, այդ թվում 350-ըՙ ֆրանսերեն եւ 150-ըՙ անգլերեն: Վերջին խտասկավառակի երգերից մեկը կրում է «Երկրագունդը մեռնում է» անվանումը: Այդ երգի հերոսը միայնակ բնապահպան է, որը Ֆրանսիայի նախագահության թեկնածուներից պահանջում է ստորագրել մեր մոլորակի պաշտպանության միջազգագիրը:

Ազնավուրի ձայնապնակներից վաճառվել է ավելի քան 100 մլն օրինակ: Նրա երգերը, իրենից բացի, կատարել են Ռեյ Չառլզը, Լայզա Մինելլին, Բինգ Քրոսբին, Ֆրեդ Աստերը, Ֆրենք Սինատրան եւ այլ նշանավոր երգիչներ:

ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4