Ըստ մոսկովյան մամուլի տվյալների, Ադրբեջանը պատրաստվում է Բաքվից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա կառուցել ատոմակայան: Թվում է ածխաջրածիններով հարուստ այդ երկրում հազիվ թե նպատակահարմար է ստեղծել պոտենցիալ վտանգ ներկայացնող նման օբյեկտ: Սակայն իրենց իսկ ադրբեջանցի մասնագետների կարծիքով, երկրում նավթի ու գազի պաշարները կսպառվեն 2025 թվականին: Եվ ծրագրվում է հենց մինչ այդ տարեթիվն էլ գործարկել ԱԷԿ-ը:
Պարզվում է, որ տակավին խորհրդային տարիներին վերոհիշյալ տափաստանային վայրում պլանավորված է եղել կառուցել ատոմակայան: Հարցը նույնիսկ համաձայնեցված է եղել ՄԱԳԱՏԷ-ի հետ: Սակայն Խորհրդային Միության քայքայումը մոռացության էր մատնել այդ գաղափարը: Մինչդեռ քամու, արեւի, ջրի էներգիան կարող է ապահովել երկրի էներգետիկ պահանջմունքների սոսկ 20 տոկոսը: Ահա եւ հեռուն նայող ադրբեջանցիները մտադիր են արդեն այս տարի ձեռնամուխ լինել նախագծի իրագործման կոնկրետ աշխատանքներին:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա