«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2007-04-17 | #71, 2007-04-18 | #72, 2007-04-19


ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐՆ Է

Ըստ Ահարոն Ադիբեկյանի հարցման

«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների տնօրեն Ահարոն Ադիբեկյանը երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց իր նոր հարցման արդյունքները, համաձայն որոնց Երեւանում եւ Հայաստանի 29 խոշոր քաղաքներում հարցված 1500 բնակիչների 14 տոկոսը հաստատ որոշել է իր ձայնը տալ «Հանրապետական» կուսակցությանը, 11 տոկոսըՙ «Բարգավաճ Հայաստանին»: Վերջինիս ընտրելու մտադրություն ունեցողներից 5 տոկոսը դեռ հաստատ որոշում չի կայացրել, այս պահին դեռ ծանրութեթեւ է անում: Չնայած դրան, 2 կուսակցություններն այս փուլում ունեն ամենաբարձրՙ 28-30 տոկոս վարկանիշը: Ահարոն Ադիբեկյանի ասելով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո նրա գործունեության մասին ժողովրդին իրազեկելը խիստ բարերար է ազդել այդ կուսակցության վարկանիշի վրաՙ այն ավելացել է մոտ 20 տոկոսով: Նրանց հաջորդում են ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները: Նրա կանխատեսմամբ, հավանական է, որ 5 տոկոսի շեմը հաղթահարեն նաեւ ՀԺԿ, ՄԱԿ, ԱԺԿ, «Դաշինք» կուսակցությունները: Նկատելիորեն նվազում է իրեն Ստիբեկյան անվանող «Ժողովրդական» կուսակցության ղեկավար, «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանի վարկանիշը, որովհետեւ «նա այլեւս ասելու նոր բան չունի, նույն բանի մասին ամեն օր խոսում է»:

Հանրայինի «Երկու աստղում» Աիդա Ներսիսյանի հետ երգելը բնավ չի բարձրացրել Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանի վարկանիշըՙ «Կարող է ստրիպտիզ էլ անի, կապ չունի, նրա անունը ոչ ոք չի նշել»:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը բարձրացել է, որովհետեւ «ձայնի մեջ էներգետիկա կա: Պետք է պապիկի ձայնով խոսես, որ քեզ վստահեն: Րաֆֆին ասում էՙ մենք մեծամասնություն ենք եւ ժողովուրդը նրան հավատում է», Րաֆֆի Հովհաննիսյանին նմանակելով ասաց Ադիբեկյանը:

Հաջորդ հարցումը կանցկացնի միայն Երեւանում, հետո միայն գյուղերում, վերջումՙ ամբողջ Հանրապետությունում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4