Իրավական առումով համաձայնագիրը դեռեւս թույլ է
Կանխավ ենթադրելի էր, որ Մատենադարանի եւ Մ. Նահանգների Սուրբ Հովհաննես վանք-համալսարանին կից «Հիլլ» ձեռագրերի գրադարան-թանգարանի միջեւ կնքված համաձայնագրի երեկվա քննարկումը գիտությունների ազգային ակադեմիայում պիտի անցներ բեւեռված եւ հուզական մթնոլորտումՙ քանի որ մի կողմում մեր մշակութային ժառանգությունը թվայնացնելուց ու նշյալ թանգարանին պահ տալուց երկյուղ չունեցողներն էին, մյուս կողմումՙ դրանք մեր երկրից դուրս բերելու մեջ կործանարար հետեւանքներ տեսնողները: Մոտ 3 ժամ տեւած քննարկման ժամանակ Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանի դրսեւորած հավասարակշիռ կեցվածքն ու բոլոր հարցերին պատասխանելու համբերատարությունն իսկապես ընդօրինակելի էր: Համաձայնագրից կասկածներ ու մտավախություններ ունեցողների ընկալումներից ու մտքերից ինքը որքան տրտմել, այնքան էլ հուսադրվել էր մշակութային ժառանգության հանդեպ հասարակության արտահայտած ջերմ վերաբերմունքից: Իր խոսքում նա նշեց, որ արձագանքն այդքան բուռն չէր լինի, եթե գիտական հանրությանը նախապես տեղեկացնեին «Հիլլի» հետ համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին: Նրա ելույթին հաջորդած Հրանուշ Խառատյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Արեգ Գրիգորյանի, Նիկոլայ Հովհաննիսյանի, Աշոտ Մելքոնյանի եւ այլոց հարցերը հիմնականում առնչվում էին համաձայնագրի իրավական կողմինՙ ի՞նչ պատիժներ են սահմանված ինչ-ինչ դրույթների խախտման դեպքում, որքանո՞վ է պահպանված Մատենադարանի հեղինակային իրավունքը, ի՞նչ երաշխիքներ կան, որ չեք զրկվի դրանից, ո՞րն է «Հիլլի» շահը, ինչո՞ւ է այդքան հրատապ ձեռագրերի թվայնացումը, իրականում ի՞նչ է ստորագրվելՙ մտադրությունների համաձայնագիր, թե՞ ամբողջական պայմանագիր, ի՞նչ կարգավիճակ ունի կնքված համաձայնագիրը, կառավարական ի՞նչ մակարդակով է կնքվել, թվայնացված ձեռագրերի վրա դրվելո՞ւ է Մատենադարանի նշանը, ՀՀ օրենքով թույլատրելի՞ է մշակութային ժառանգութան թվայնացումը եւ այլն: Սեն Արեւշատյանն ու փոխտնօրեն Արշակ Բանուչյանը մեկառմեկ անդրադարձան նշյալ հարցերին, քննարկումը վարող ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի խնդրանքով դրանց տալով հնարավորինս սեղմ պատասխան: Ու քանի որ դրանցից մի քանիսի պատասխաններն արդեն տրվել են «Ազգի» երեկվա համարումՙ Մատենադարանի գիտաշխատողների եւ փոխտնօրենի արտահայտած կարծիքներում, անդրադառնանք միայն պայմանագրի իրավական ուժի վերաբերյալ հարցադրումներին: Եվ այսպես, կնքվածը նախնական համաձայնագիր է, որին հաջորդել են գործնական 3 պայմանագրերՙ գիտական, ֆինանսական եւ տեխնիկական, որոնք ենթարկվելու են փորձագիտական վերլուծությանՙ ընդունված կարգի համաձայն:
Հարց ուղղողներից շատերի պես Գարեգին Չուքասզյանը եւս նշեց, որ որեւէ մեկը չի կասկածում Մատենադարանի տնօրենության ազնիվ մղումներին, պարզապես թվայնացման անհրաժեշտությունը ենթադրում է, որ հարցը գիտականից տեղափոխվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտ եւ պահանջում է հաշվի նստել այդ ոլորտի մասնագետների հետ: Արդի պայմաններում մշակութային ժառանգության թվայնացումը բարեգործական հիմունքներով իրականացնում է համակարգչային այնպիսի հզոր ընկերություններ, ինչպես Այ-բի-էմ-ը: Հարկավոր է Հայաստանում համաժողով հրավիրել եւ ուշիուշով քննել մշակութային ժառանգության թվայնացման միջազգային փորձը: Նա համոզված է, որ ցանկության դեպքում Հայաստանի կառավարությունը կարող է Մատենադարանի ձեռագրերի թվայնացման համար տրամադրել անհրաժեշտ մի քանի մլն դոլարը: Պարզապես հարցին պետք է մոտենալ պետական մակարդակով: Բանուչյանը իր կողմից հավելեց, որ կառավարությունն ամեն ինչից տեղյակ է եւ մասնակից համաձայնագրի կնքմանըՙ ի դեմս գիտության եւ կրթության նախարարության:
Քննարկմանը մասնակցող հայագետներին տրվեց նաեւ ելույթ ունենալու հնարավորությունՙ Պարույր Մուրադյանը, Բաբկեն Հարությունյանը, Լեւոն Չուքասզյանը ինչպես «Ազգի» նախորդ համարում, երեկ նույնպես պնդեցին, որ թվայնացումը պետք է արվի Հայաստանում, ձեռագրերի կրիչները պետք չէ դուրս բերել երկրից եւ հեղինակային իրավունքի մենաշնորհը տալ միայն Մատենադարանին:
Ընդհանուր տրամադրությունից ելնելով կարելի է ասել, որ քննարկմանը հուզական բնույթ հաղորդող գործոնը ոչ այնքան իրավականն էր, որքան ձեռագրերի կրիչները Հայաստանում պահելու-չպահելու խնդիրը: Ըստ էության, իրար էին բախվում երկու մտածելակերպՙ հարստությունը փեշի տակ պահողի եւ աշխարհի մի անկյունում պահ տվողի: Մատենադարանի տնօրինությունը պնդելով, որ մեր ձեռագրերի բովանդակության մեջ ազգային անվտանգությանը վնասող ոչինչ չի պարունակում եւ աշխարհին ներկայացնելը միայն նպաստ կբերի հայագիտությանը, լիովին ընդունեց, որ իրավական առումով համաձայնագիրը պետք է ուժեղացվի: Որոշվեց առաջիկայում Մատենադարանում հրավիրել նեղ մասնագիտական քննարկում, հարցերն ավելի մանրազնին դիտարկելու նկատառումով:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ