Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, երեկվանից ուժի մեջ են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք նոր լիազորություններ են տրամադրում հանձնաժողովին եւ կոչված են բարձրացնելու նրա գործունեության արդյունավետությունը:
Մասնավորապես օրենքում առաջին անգամ սահմանվել են նոր հասկացություններՙ «մենաշնորհ», «պետական աջակցություն», հստակեցվել է հակամրցակցային համաձայնությունների սահմանումը, հանձնաժողովին տրվել են ստուգման լիազորություններ, խստացվել են տուգանքները գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնությունների դեպքերում: Այդ խախտումների համար ընկերություններից կգանձվի տարեկան շրջանառության 2 տոկոսի չափով գումար, նախկին 1 տոկոսի փոխարեն, բայց ոչ ավելի քան 300 մլն դրամ, համակենտրոնացումների համար տուգանքը կկազմի շրջանառության 4 տոկոսը նախկին 2 տոկոսի փոխարեն, բայց ոչ ավելի քան 500 մլն դրամը:
Մնում է հուսալ, որ այս փոփոխությունները հնարավորություն կտան իսկապես բարելավել հանձնաժողովի գործունեությունը, որի արդյունավետությունն այժմ, մեղմ ասած, բարձր չէ: Ապացույցՙ մեր շուկայում տնտեսական մրցակցության ներկա վիճակը, ավելի ճիշտ այդ մրցակցության բացակայությունը բազմաթիվ դեպքերում: Ինչի առկայությունը միայն վերջերս հարկադրված եղան ընդունել մեր բարձրաստիճան պաշտոնյաներըՙ կենտրոնական բանկի նախագահը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ