«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2007-04-18 | #72, 2007-04-19 | #73, 2007-04-20


ՀԱՅ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԸ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ

Հայաստանի կիոկուշի-կան կարատեի պատանեկան հավաքականը մեծ վերելքով հանդես եկավ Թբիլիսիում անցկացված Անդրկովկասի երկրների ավանդական միջազգային մրցաշարումՙ տուն վերադառնալով մեդալների հարուստ ավարով: Ինչպես տեղեկացանք ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանից, մրցաշարին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի շուրջ 400 կարատեիստներ:

Հայաստանի հավաքականի (գլխավոր մարզիչՙ Սպարտակ Գասպարյան) կազմում մրցաշարին մասնակցած 30 կարատեիստներից 21-ն արժանացան մեդալներիՙ հասնելով աննախադեպ հաջողության: Մեր կարատեիստներից 7-ը դարձան մրցաշարի հաղթողներ, 11-ն արժանացան արծաթե, 3-ըՙ բրոնզե պարգեւների: Կումիտե ձեւից հայ կարատեիստներից պատվո պատվանդանի վերին աստիճանին կանգնեցին մինչեւ 10-11 տարեկանների խմբում ուժեղագույնը ճանաչված Սարգիս Հակոբյանը (թեթեւ քաշ), Հովհաննես Սարգսյանը (միջին քաշ) եւ Սերգեյ Մանուկյանը (ծանր քաշ): Մինչեւ 12-13 տարեկանների խմբում հաղթողներ ճանաչվեցին Մխիթար Սարգսյանը (թեթեւ քաշ), Կարեն Հովհաննիսյանը (միջին քաշ): Ոսկե մեդալներ նվաճեցին նաեւ ծանրքաշայիններ Գրիշա Պողոսյանը (մինչեւ 14-15 տ.) եւ Ռաֆիկ Մելքոնյանը (16-17 տ.): Մեր հավաքականի կազմում ընդգրկված էին հանրապետության տարբեր մարզերի մարզիկներ, ինչը վկայում է, որ այս մարզաձեւը մեծ մասսայականություն է վայելում:

Ինչպես տեղեկացրեց ֆեդերացիայի նախագահը, Վրաստանում եւ Ադրբեջանում թեեւ մարզաձեւը պետական հոգածության տակ է, սակայն մեր մարզիկներին հաջողվեց գերազանցել նրանց եւ բարձր արդյունքներ ցույց տալ: Մեր մարզիկներն առաջին տեղը զբաղեցրին թե՛ թիմային, թե՛ անհատական հաշվարկով:

Առաջիկայում հայ կարատեիստները կմասնակցեն հունիսին Իրանում կայանալիք Ասիայի բաց առաջնությանը, իսկ նոյեմբերին հանդես կգան Ռուսաստանի բաց առաջնությունում: Օգտվելով առիթից, ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանն իր շնորհակալությունը հայտնեց մրցաշրջագայության ողջ ծախսերը հոգացած «Բիոկաթ» ՍՊԸ տնօրեն Գարիկ Սարուխանյանին, Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանին, Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանին, Մալաթիա-Սաբաստիա համայնքի Ա1 թաղամասի համալիր մարզադպրոցի տնօրեն Արայիկ Գրիգորյանին, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ Արմեն Խաչատրյանին, Արագած գյուղի գյուղապետ Գագիկ Պողոսյանին եւ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի գյուղապետ Հովսեփ Օգունցյանին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4