«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


ԴԵ, ԵԹԵ ՔՈ ՍԵՓԱԿԱՆԸ ՉՈՒՆԵՍ...

Ադրբեջանցիները յուրացնում են նաեւ վրացական հուշարձանները

Աշխարհի «հնագույն» ժողովուրդներից մեկը, որ կոչվում է ադրբեջանական, իր պատմական խոր արմատների պեղման ու հաստատման մաքառումներում ավարտելով «հայկական» շրջանը, հիմա էլ հակամարտության մեջ է մտել վրացիների հետ, ինչի արձագանքները հասնում են նաեւ Մոսկվա:

Հերթական պայքարը ծավալվել է «Դավիթ Գարեջա» վանքահամալիրի շուրջը, որ տարածքային առումով գտնվում է Ադրբեջանում, իսկ եկեղեցական-հոգեւոր իմաստով համարվում է ուղղափառ վրացիների սրբություններից մեկը:

Բնականաբար, զուրկ լինելով «դարերից եկող» սեփական մշակույթից, մահմեդական ազերիները վարպետացան հարեւան քրիստոնյա ժողովուրդների հնությունները յուրացնելու աներես փորձերում, հիմա էլ ձգտում են թաթը դնել վրացական հուշարձանների վրա, իբր դրանք գալիս են աղվանների ժամանակներից, որոնց «հետնորդներն» էլ, պարզ է, համարվում են հենց լենինյան «կովկասյան թաթարները» (Լենինն էլ էր անգրագետ):

Ի՜նչն է այստեղ զավեշտական. վանքահամալիրի VIII-XIV դարերի որմնանկարների բոլոր գրությունները վրացերեն են, կա նաեւ Թամար թագուհու դիմանկարը, իսկ ադրբեջանականները սոսկ վայ-զբոսաշրջիկների անուններ են (երեւիՙ «այստեղ եղել է Ահմեդ օղլին»): Բայց դա ոչ մի նշանակություն չունի Ադրբեջանի մշակույթի նախարարի համար, որը հայտարարում է, թե դա աղվանական Կիշեկչի եկեղեցին է:

Ցավն այն է, որ վրացիները, ինչպես ասում են, ձեռով-ոտով կապված են ադրբեջանական նավթին ու գազին եւ Միխայիլ Սաակաշվիլին կարող է միայն հաշտարար ու զիջող տոնով փնտրել խնդրի լուծումներ, որոնց դեմ, սակայն, ըմբոստանում է ե՛ւ ներքին ընդդիմությունը, ե՛ւ վրաց եկեղեցին:

Վրացիները զանազան տարբերակներ են առաջարկումՙ փոխանակել տարածքներ, այդ տարածքը դարձնել չեզոքՙ երկակի ենթակայությամբ, հայտարարել վանքային հանրապետություն եւ այլն: Սակայն Բաքուն անվրդով է, ինչը բացատրելի է: Բա հետո ինչպե՞ս հպարտանա «նախնիների» պատմական փառահեղ հուշարձաններով, գլուխը քարը, թե դրանք... քրիստոնեական են:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4