«Չվերթ պետք է լինի, որ շուկաները ծանոթանան միմյանց հնարավորություններին», ասում է Արդունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը
«Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, սակայն միմյանց լավ ենք հասկանում», այս միտքն է հնչեցրել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը Եգիպտոսում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ: Ասածն իրոք ապացուցված է պատմությամբ, քանի որ Եգիպտոսի Արաբական Հանրապետությանը խորթ չէ հայկական ճկուն մտածելակերպը, այլապես ինչպե՞ս կարող էր արաբական այդ երկրի առաջին վարչապետը ազգությամբ հայ Նուբար փաշա Նուբարյանը լինել: Ազգությամբ հայ են եղել նաեւ Եգիպտոսի մի շարք նախարարներ, առաջին բանկի նախագահը: Դժվար է ենթադրել, թե արդյո՞ք մեր ազգակիցներից մեկը էլի կնստի պատասխանատու աթոռի այս երկրում, սակայն երկու երկրների համապատասխան կառույցների փոխգործակցությունը խիստ ցանկալի է: Այս մասին զրուցեցինք Տնտեսության զարգացման եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ու Բանկերի միության նախագահ Ստեփան Գիշյանի հետ:
«Այցի շրջանակներում տեղի ունեցան հայ-եգիպտական գործարար երկու հանդիպումներ, պատմում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Առաջինըՙ Եգիպտոսի գործարարների ասոցիացիայում, որին մասնակցում էր եգիպտացի մոտ 40 գործարար եւ Հայաստանից հատուկ չվերթով ժամանած 19 գործարար: Հանդիպման ժամանակ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Եգիպտոսի գործարարների ասոցիացիայի միջեւ կնքվեց համագործակցության պայմանագիր եւ հիմնվեց հայ-եգիպտական հանձնաժողով, որի նպատակն է մշակել եւ ներկայացնել արտահանման եւ ներկրման տնտեսական ծավալները մեծացնելու առաջարկներ:
Երկրորդ հանդիպումը կայացավ Եգիպտոսի արդունաբերողների կոնֆեդերացիայում, որ համաեգիպտական արդյունաբերական պալատի գործառույթ ունի եւ իր մեջ ներառում է մոտ 25 ճյուղային պալատներ: Այս կոնֆեդերացիայում ներկայացված են արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները, որոնց ցանկությունն է արտահանել իրենց արտադրանքը Հայաստան: Կողմերը ներկայացրեցին տնտեսությունների պոտենցիալի շնորհանդեսներ, այստեղ եւս կնքվեց համագործակցության պոտենցիալի պայմանագիր: Համաձայնեցինք մի քանի ամիս հետո Երեւանում ընդունել եգիպտացի գործարարների պատվիրակություն, որի անդամները տեղում կծանոթանան համապատասխան ոլորտներում աշխատող գործարարների հետ, կստեղծենք նրանց համար եգիպտական ներդրումների իրականացման համապատասխան շնորհանդես-ցուցադրում, որպեսզի կարողանանք եգիպտական խոշոր կապիտալը հատկապես դեղագործության, շինարարության, սննդի վերամշակման ոլորտում բերել Հայաստան: Հայտնի է, որ այս ճյուղերում Եգիպտոսն ունի բավականին լուրջ ձեռքբերումներ եւ հսկայածավալ արտահանում է իրականացնում Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում: Շատ կարեւորում ենք, որ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում ստեղծված համաձայնությունն այն մասին, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում մշակվի երկու կառավարությունների կողմից մշակված ազատ առեւտրի ռեժիմի պայմանագիրը: Իսկ եթե եգիպտական կողմի խոստումն իրականացվի եւ բացվի ուղիղ չվերթ Կահիրեի եւ Երեւանի միջեւ, վստահ եմ, որ թե' զբոսաշրջությունը, թե' գործարար ակտիվությունը կմեծանա»: Ա. Ղազարյանի կանխատեսմամբ մինչեւ աշուն մենք կունենանք այդ չվերթի իրականացումը:
Գնահատելով այցն ամբողջությամբ, նա ասաց. «Ճիշտ է Եգիպտոսը իր պատմամշակութային արժեքներով մեզ հարազատ երկիր ենք պատկերացնում, բայց որպես շուկաներ մեր համագործակցությունը շատ նվազ է եղել: Դեռեւս 90-ականների սկզբին համագործակցությունը մեծացնելու առաջին փորձն ու պայմանագրերը անհաջողության մատնվեցին, որովհետեւ երկու երկրների գործարարները չկարողացան իրար հետ աշխատելու առանձնահատկությունը գտնել, մանավանդ, որ հատկապես մեր շուկան եւ գործարարները կայացած ու այդքան վարժ չէին արտաքին առեւտրական գործունեության ոլորտում: Դրա պատճառով շատ կոնկրետ նախագծեր ինչպիսիք կային մեքենաշինության եւ հաստոցաշինության, գյուղատնտեսական սարքավորումների, գյուղատնտեսության, դեղագործության ոլորտում, կիսով իրականացվելով սառեցին: Այսօր մենք բավականին փորձառու ենք եւ ոչ միայն արեւելքի, այլեւ եվրոպական, ամերիկյան ու ռուսական շուկաներում ենք հաջողությամբ աշխատում: Սա ինձ համոզմունք է տալիս կարծելու, որ մենք 1-2 տարվա մեջ էապես կբարձրացնենք ապրանքաշրջանառությունը Եգիպտոսի հետ»: Մեր հարցին, թե ի՞նչ կարող է ուղարկել Հայաստանը Եգիպտոս, Ա. Ղազարյանը պատասխանեց. «ԻՏ ոլորտի իր փորձը, քանի որ մենք տարածաշրջանային կենտրոնի հավակնություն ունենալով իրոք բավականին առաջավոր դիրքերում ենք: Հանդիպումը, որն կայացավ "Smart city"-ում, ցույց տվեց, որ եգիպտացիները, լինելով մեծ շուկա, համաշխարհային կազմակերպությունների աշխատանքի մեր փորձառության ու հմտության կարիքն ունեն: Ենթադրում եմ, որ նաեւ ճշգրիտ կառավարվող մեքենաշինությունը, մթերքների որոշ տեսականի, ասենքՙ սառեցված մրգերը, պահածոների որոշակի տեսականի, շուկայում իրենց տեղը կգտնեն, քանի որ Եգիպտոսը արտադրելուց բացի բավականին մեծ քանակով նաեւ ներկրում է: Շատ հստակ է համագործակցության հնարավորությունը տուրիզմի ոլորտում, եւ նրանց տուրիզմի նախարարը քննարկումների ժամանակ հետաքրքրվեց մեր ձմեռային տուրիզմով, իսկ դրա հիմնական նախապայմանն արդեն իսկ հիշատակված չվերթի առկայությունն է: Ամեն ինչ կախված է չվերթից», ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը:
Ի տարբերություն Ա. Ղազարյանի, Բանկերի միության նախագահ, «ԱԳԲԱ-Կրեդիտ ագրիկոլ» բանկի գլխավոր մենեջեր Ստեփան Գիշյանի համար օդային ուղիղ ճանապարհը անհրաժեշտ նախապայման չէ: «Եգիպտոսի հետ ծանոթանալու, փոխադարձ հետաքրքրությունները պարզելու առաջին փորձն էր սա: Մենք նաեւ խնդիր ունեինք առաջարկելու մեր բանկային ծառայությունները եգիպտական այն ընկերություններին, որոնք որեւէ բիզնես հետաքրքրություն կունենան Հայաստանի տարածքում, որովհետեւ ցանկացած բիզնեսի համար կայացած բանկային համակարգի առկայությունը եւ միջոցների պաշտպանվածությունը կարեւոր նախապայմաններ են: Այս առումով, կարծում եմ, կարողացանք վստահություն փոխանցել եգիպտական ընկերություններին», նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը:
Տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց.«Եգիպտոսից Հայաստան կարելի է բերել եգիպտացորենՙ որպես անասնակեր, աշխարհում հայտնի եգիպտական բրինձն ու ոսպը, որ մեր շուկան սպառում է ուրիշ երկրներից: Կարելի է զարգացնել դեղագործությունը, որ ցանկալի է տեսնել համատեղ ձեռնարկությունների տեսքով: Ամեն բան կախված է երկու կողմերի նպատակադրվածությունից: Իսկ հանգամանքը, որ պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ նախագահը, ուղղակի խթան եւ շարժող ուժ է, որ միշտ էլ արդյունավետ է լինում»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ