Եգիպտական քաղաքակրթությունը աշխարհի հնագույններից է, որը զարգացել է Նեղոսի հովտում 5000 տարի առաջ: Մ.թ.ա. 1570-1342 թթ. հին եգիպտական քաղաքակրթությունը հասավ իր զարգացման գագաթնակետին, Թեբեն եւ Մեմֆիսը դարձան աշխարհի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնները: Մ.թ.ա.. 332 թ. Եգիպտոսը նվաճեց Ալեքսանդր Մեծը: Իսկ մ.թ.ա. 30 թ.. երկիրն ընկավ Հռոմի տիրապետության տակ, լայնորեն ընդունվեց քրիստոնեությունը, 395 թ. այն դարձավ Բյուզանդական կայսրության մաս: 639-642 թթ.. Եգիպտոսը նվաճվեց արաբների կողմից - իսլամացավ: 1250 թ. Եգիպտոսը նվաճվեց մամլուքների կողմից, իսկ 1517թ.` օսմանյան թուրքերի: 1798թ. Նապոլեոնը նվաճեց Եգիպտոսը: 1801թ.. օսմանյան եւ բրիտանական միացյալ ուժերը վտարեցին ֆրանսիացիներին: 1805թ. Մուհամադ Ալին ստանձնեց Եգիպտոսի կառավարումը, նրա օրոք գցվեցին արդի եգիպտական պետության հիմքերը: 1859-1969թթ.. տեղի ունեցավ Սուեզի ջրանցքի շինարարությունը: Ձեւականորեն մնալով Օսմանյան կայսրության կազմում, Եգիպտոսը հայտնվեց բրիտանաֆրանսիական հանձնաժողովի ձեռքերում: 1883-1907 թթ..բրիտանացիները հսկողություն հաստատեցին Եգիպտոսի վրա, իսկ Առաջին աշխարհամարտի ընթացքում Մեծ Բրիտանիան Եգիպտոսը հռչակեց բրիտանական պրոտեկտորատ, որը տեւեց մինչեւ Եգիպտոսի անկախության նվաճումը 1922թ.:
Այժմյան Եգիպտոսը շուրջ 78 միլիոնանոց հանրապետություն է: «Նեղոսի պարգեւ» անվանված այս երկիրը հարուստ է իր աշխարհահռչակ գետով, յոթերորդ եւ միակ կանգնուն հրաշալիքը համարվող փարավոնների բուրգերով, լեգենդներով եւ անծայրածիր թվացող անապատներով:
Կահիրե` Եգիպտոսի վարդն իր տարատեսակ բույրերով
«Էլ Կահիր» նշանակում է հաղթող
Ողջ Աֆրիկայի ամենամեծ քաղաքն է Կահիրեն, որ նաեւ «արեւելքի դարպաս» եւ «հազար մինարեթների քաղաք» է կոչվում: Հին Կահիրեն մոտավորապես կառուցված է Բաբելոնի տեղում: Նրա ստեղծման պատմությունը թվագրվում է մեր թվարկության 7-րդ դար: Մոտ 20 միլիոն բնակչություն ունեցող այս քաղաքը 6 հազար տարվա եգիպտական քաղաքակրթության կրողն է, որ համատեղում է բազմաթիվ մշակույթներ եւ ամփոփ ներկայացնում է Եգիպտոսի պատմությունը` իր պատերազմներով, անկումներով ու վերելքներով: Կահիրեի երախտավորներից է Մուհամմեդ Ալին, որ 1905-ին նրան մայրաքաղաքի տեսք ու նշանակություն տվեց: Բազմադարյան քաղաքն այսօր կազմված է հին ու նոր թաղամասերից, որոնցից յուրաքանչյուրը կրում է պատմության, հին ու նոր ժամանակների կնիքը: Կահիրեն, ինչպես եւ ողջ Եգիպտոսը բազմակրոն երկիր է, քանի որ ժամանակին գրավվել է կա՛մ մահմեդականների, կա՛մ քրիստոնյաների կողմից: Մեր օրերում կրոնների հետեւորդներն ապրում ու գոյակցում են կողք կողքի, այնպես ինչպես եկեղեցիներն ու մզկիթներն են հաջորդում իրար մեր տեսադաշտում, երբ սրընթաց մեքենայով սլանում ենք Կահիրեի փողոցներով:
Մերձարեւադարձային բույսերով, վառվռուն ու արհեստական թվացողՙ բայց իրական ծաղիկներով զարդարուն այս քաղաքը մեզ դիմավորեց տեղի համար անսովոր զովությամբ ու փայլուն արեւով, որ հին եգիպտացիների աստվածներից մեկն է եղել:
Մեզանից ո՞վ չի տարվել փարավոնների երկրի մասին պատմություններով, նրանց դամբարանների, անթիվ ու անհամար հարստությունների մասին պատումներով ու պատկերներով, որ դեռ դպրոցական հասակից ոչ թե իրական պատմության, այլ հեքիաթի պես էին ընկալվում: Եվ չնայած Կահիրեի հարթ ու ասֆալտապատ փողոցների հարմարավետությանը, իրական կյանքում քաղաքն իր տարածուն շուկաներով ու փողոցային առեւտրով հեռու է հեքիաթային լինելուց: Առանձնահատուկ մռայլություն են տալիս քաղաքին բարձրահարկ գորշ տուֆեր հիշեցնող ճարտարապետական տեսակետից անարժեք բնակելի շենքերը, որոնք տխուր ընդհանրություն ունեն` գորշավուն գույն եւ համատարած նույնականություն: Այդ շենքերի կողքին առավել են ընդգծվում հինավուրց կառույցները, որոնք եզակի, բավականին ուշագրավ են իրենց վեհության եւ ճոխ ձեւավորման շնորհիվ:
Երկնաքեր մզկիթների բարձր աշտարակներն ու քրիստոնեական եկեղեցիների խաչերը մի խաղաղ գոյակցությամբ շարունակում են գծագրել քաղաքը մինչեւ մի բլուր, որ տարածվում է ճանապարհի կողքից եւ ծանրաբեռնված է կիսահարկ միանման կառույցներով: Դրանք առաջին հայացքից մեծ լուցկու տուփեր են հիշեցնում: Անպատուհան այդ փոքրիկ հյուղակները կազմում են Մեռյալների քաղաքը, որ գերեզմանատուն է: Մեզ ուղեկցողները պատմեցին, որ այդ հյուղակներն ունեն ինչպես մահացած, այնպես էլ կենդանի շահագործողներ: Բնակարանային եւ ֆինանսական ծանր կացությունն ստիպել է ավելի քան 200 հազար եգիպտացու այդ հյուղակներում բնակվել: «Պետությունը չի կարողանում նրանց վտարել այստեղից, քանի որ նրանք անօթեւան են», պատմեցին մեզ:
Մեզ ցույց տվեցին նաեւ մի բլուր, որ կոչվում էր զիբիլանոց: Այնտեղ կենցաղային աղբը վերամշակող մի գործարան կա: Պատմում են, որ աշխատողներն այնտեղ կենցաղային աղբը ձեռքով են զատում եւ որակավորում: Որքան էլ զարմանալի է, բայց նույն այդ գործարանի մոտ մի քրիստոնյա բավականին ուշագրավ ու հրաշալի մի եկեղեցի է կառուցել, որին հասնելու համար սակայն, աղբանոցը ոտքով անցնելու քաջություն պետք է ունենալ:
Սակայն Կահիրեի մռայլ պատկերները միայն լրագրողներիս է հետաքրքրում (երեւի մասնագիտական շեղում է): Զբոսաշրջիկներին այս երկիրն ավելի հետաքրքրում եւ գրավում է իր պատմությամբ ու բարենպաստ եղանակային պայմաններով, քանի որ այստեղ տարին չորս անգամ բերքահավաք է լինում, իսկ ձյուն տեսնելու համար եգիպտացիները, այդ թվում եւ Կահիրեի բնակիչները գնում են այլ երկրներ զբոսաշրջության կամ էլ... հեռուստացույց են դիտում:
Եգիպտոսը ուրույն է իր մշակութային խառնուրդով: Այստեղ է, որ զարմանում ես, թե ինչպես եգիպտացիներն իրենց հատուկ սրտաբացությամբ հին եգիպտական կրոնի ավանդույթներով են կերտել ինչպես մահմեդական, այնպես էլ քրիստոնեական մշակույթը: Ստացվել է մի քիչ քրիստոնեականի նման մահմեդական արվեստ, մահմեդականի նման` քրիստոնեական: Սա նույնիսկ հետաքրքրական ու աչքի զարնող փաստ է, որ խոսում է եգիպտացիների լայնախոհության եւ օրինակելի հանդուրժողականության մասին, չնայած երկրում մերթ ընդ մերթ մոլեգնող իսլամական շարժումներին:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ