«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


ԵԳԻՊՏՈՒՀԻՆՙ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ՇՔԵՂ

Ինչպես որեւէ ընտանիքի մասին գաղափար կազմելու համար դիտում ես ընտանիքի անդամներին, այնպես էլ որեւէ երկիր ուսումնասիրելիս անպայման ուշադրություն ես դարձնում նրա քաղաքացիներին, հաշվի ես առնում նրանց կյանքի ու կենցաղի պայմանները, վարքն ու բարքը, եւ հատկապես նրա զբաղմունքն ու վերաբերմունքը սեփական երկրի նկատմամբ: Այդ առումով երկրի պատկերը ցուցանելու յուրահատուկ լակմուսի թուղթ են կանայք, չնայած նրանք տարբեր են իրենց դիրքով ու պաշտոնեական գործունեությամբ, նախասիրություններով ու մակարդակներով, բայց նրանց պահվածքը եւ զբաղմունքը շատ խոսուն են ու հասկանալի:

Պատմականորեն եգիպտացի կանայք աշխարհահռչակ են դեռ հին ժամանակներից: Միշտ էլ մարդկությունը հիացել է Նեֆերտիտի եւ Կլեոպատրա թագուհիների խոհուն գործնականությամբ, կանացի հմայքով, նպատակային գործերով ու կամքի ուժով: Նրանց կերպարներն են ապացուցում, որ կնոջ գործառույթը միայն մարդկության շարունակելիությունը ֆիզիկապես ապահովելը չէ: Միայն սխալմամբ է «գեղեցիկ» սեռը նաեւ «թույլ» համարվում: Սրանում եւս մեկ անգամ համոզվեցինք, երբ գտնվելով Կահիրեում ուշադրություն դարձրինք եգիպտուհիներին:

Նրանց մի մասը չադրաներով է, որ ցուցանում է միայն խորունկ աչքերը, մի մասը գլխաշորով, որ նախ խոսում է մահմեդական հավատքին հավատարիմ լինելու մասին, որոշներն էլ եվրոպացի կնոջ արտաքին ունեն: Տեսանք հին ժամանակներին հարիր եղանակով գլխների վրա մեծ իրեր ու արկղեր տանող կանանց, ովքեր դա անում են նույնքան հմտությամբ, ինչպիսի հմտությամբ մենք իրերը բռնում ենք ձեռքերով: Հանդիպեցինք նաեւ ազգային տարազով գործնական տիկինների, որոնք արտասահմանյան մեքենաների ղեկին նստած, ծխելով ինչ-որ տեղ էին գնում: Ժպտուն են եգիպտուհիներն ու խորունկ, խելացի հայացքով: Սիրում են հաճոյախոսել հյուրերին, օգնել նրանց, ինչպով կարող են: Բոլորն էլ հետաքրքրական թվացին, սակայն զրուցելու համար ժամանակ ու հնարավություն ունեցանք միայն մեկի` ԵԱՀ բնապահպանության նախարարի տիկնոջ Մերվաթ Մեգիթ Ժորժի հետ:

Անթերի հագնված, փայլուն արտաքինով եւ բարձրաշխարհիկ կեցվածքով այս կինը մուգ կապտականաչ աչքեր ունի, զուսպ պահվածք, հմայիչ ժպիտ: Ավարտել է ֆրանսիական դպրոց, ապաՙ Կոմերցիոն համալսարան եւ շուրջ 25 տարի աշխատել է բեզինի առքուվաճառքով զբաղվող ընկերությունում: Չնայած նրա ամուսինը ժամանակին նախարարի պաշտոն ստացավ, տիկին Մերվաթը եւս մեկուկես տարի աշխատեց, ապա հրաժարվեց աշխատանքից: Պատճառաբանությունն անշուշտ հարգելի եւ հասկանալի էՙ պետք է երկրորդ դստեր ամուսնության հարցերը կարգավորի, զբաղվի թոռնիկով եւ ավելի շատ օգնի ամուսնուն: Նրա համար ամենակարեւորը երեխաներն են, բայց չի ժխտում նաեւ աշխատանքի, գործարար կյանքով ապրելու անհրաժեշտությունը:

«Կանանց ակտիվ գործունեությունը քաջալերված է մեր նախագահի տիկնոջՙ Սյուզան Մուբարաքի կողմից, որովհետեւ նա է, որ կանանց իրավունքների պաշտպանության հարցը լրջորեն եւ արդյունավետորեն բարձրացնում է հասարակության մեջ, ասում է տիկին Մարվաթը: Այլապես, կինը միշտ կին է, լավ երեխաներ դաստիարակելու պարտականությամբ, ընտանիքի հանդեպ բոլորին հայտնի պարտականություններով, ժամանակի սղության հոգսով»:

Քանի որ տիկին Մարվաթը Եգիպտոսի բնապահպանության նախարարի տիկինն է, որոշեցինք հարցնել երկրի բնապահպանական խնդիրների, ինչպես նաեւ եգիպտացի սպառողների իրավունքների, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի հասանելիության մասին: Նա նշեց, որ անշուշտ օդը փոշոտ է եւ միլիոնավոր մեքենաների արտանետումներից աղտոտված, սակայն ինքն անձամբ փորձում է տարբեր ծրագրերի միջոցով բարձրացնել քաղաքացիների բնապահպանական գիտակցությունը: «Տարբեր ծրագրերի միջոցով փորձում ենք բենզինը որպես վառելիք փոխարինել բնապահպանական տեսակետից անվտանգ վառելիքով, հին մեքենաների տերերին օգնում ենք գնելու նոր, օդի մաքրությունը չվտանգող ինքնաշարժեր: Անշուշտ դժվար հարցեր են, բայց փորձում եմ նպաստել դրանց կայացմանը հասարակական գործունեությամբ: Շատ չեմ խառնվում ամուսնուս գործերին, բայց հասարական քարոզչական գործունեությունն արդեն բնական աշխատանք եւ պարտավորվածություն է ինձ համար: Բացի այդ նրա տնային հարմարավետությունն ու խաղաղությունն եմ հոգում»: Իսկ ինչ վերաբերում է էկոլոգիապես անվտանգ սննդամթերքին, այն հասանելի է բոլոր սպառողներին, հավատացրեց տիկինը:

Գալով կրոնական խնդիրներին տիկին Մարվաթն ասում է որ կրոնական անհանդուրժողականությունն իրենց երկրում բացակայում է: Ապացույցն իր եւ իր ամուսնու աշխատանքային գործունեության օրինակներն են: «Ամուսինս քրիստոնյա է եւ բանակում էլ բավականին պատկառելի կոչում ունի: Եթե հակաքրիստոնեական անհանդուրժողականություն լիներ, մի՞թե նա կհասներ այդպիսի պատասխանատու պաշտոնի», հարցնում է տիկինն ու հայտարարում, որ նման լուրեր տարածողները Եգիպտոսում չեն ուզում լավ բան տեսնել:

Ինչպես Կահիրեում ապրող շատ կանայք, տիկին Մարվաթը նույնպես շատ է սիրում ծաղիկներ: «Ամեն շաբաթ պարտադիր մի փունջ եմ գնում եւ զարդարում դրանով իմ տունը», ասում է նա եւ կարեւորում նաեւ այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն եւ նկատում են ծաղիկների գեղեցկությունը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4