«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2007-04-20 | #74, 2007-04-21 | #75, 2007-04-24


ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՓՈՒԼՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՄԲ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

ԼՂՀ նախագահի երեք թեկնածուներ արդեն հայտնի են: Ընդ որումՙ ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Բակո Սահակյանը եւ Արցախի պետհամալսարանի պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնությամբ, իսկ Արցախի կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանին առաջադրել է կոմունիստական կուսակցությունը:

Փաստորեն, Արցախի առաջատար կուսակցություններիՙ միասնական թեկնածուի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուց հետո, կոմկուսն առայժմ միակ քաղաքական կազմակերպությունն է, որն ընտրությունների է գնում սեփական թեկնածուով: Նախորդ ընտրությունների ժամանակ էլ այս կուսակցությունն ի դեմս Հրանտ Մելքումյանիՙ դարձյալ առանձնացել էր իր «ձախությամբ», թեպետ շարունակաբար անհաջողության է մատնվել: Եվ ինչքանո՞վ է իրատեսական վերջինիս հաղթանակը ներկա դեպքում, երբ նրա գլխավոր մրցակիցը քաղաքական ուժերի մեծ մասի աջակցությունը վայելող Բակո Սահակյանն է:

Ղարաբաղում կոմկուսը լուրջ ընդդիմության համարում չունի: Առհասարակ ԼՂՀ-ում քաղաքական կազմակերպությունները մեծ հաշվով լծակային ուժ չեն ներկայացնում, դրանք ավելի շատ քաղաքական գործընթացների կատալիզատորներ են, որոնք «ռեակցիայի» մեջ են մտնում հիմնականում ընտրությունների ժամանակ: Ընտրություններում կուսակցությունների սատարումն, անշուշտ, կարեւոր է, սակայն էականը հանրության աջակցությունն է լինելու, ինչը 2004 թվականին դրսեւորվել է նաեւ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում, երբ հաղթել է ոչ իշխանական կուսակցության ներկայացուցիչը: Կա նաեւ մեկ այլ հանգամանքՙ տվյալ դեպքում իշխանություն-ընդդիմություն տանդեմը հանդես է գալիս նույն ճակատից: Երեւույթն ուշագրավ է ոչ միայն քաղաքական առումով. երկու տարի առաջ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստեղծված հակամետ այս ճամբարները հիմա փոխհամաձայնության են եկելՙ յուրաքանչյուրն իշխանության հասնելու իրական հնարավորություններ ունենալով...

Օրեր առաջ «համաձայնեցված» կուսակցություններից մեկի ներկայացուցիչը հրապարակավ հայտարարել էր, թե ապագա նախագահը պետք է հաշվի առնի, թե ովքեր են իրեն աջակցել ընտրություններում: Այս տեսանկյունից, թերեւս, ճիշտ մարտավարություն է ընտրել նախագահի թեկնածու Բակո Սահակյանըՙ որոշելով առաջադրվել քաղաքացիական նախաձեռնությամբ:

Դեռեւս հրապարակված չեն թեկնածուների նախընտրական ծրագրերը, քարոզչությունը կսկսվի հունիսի 10-ից, սակայն ակնհայտ է, որ ընտրողների պահանջադրությունը խարսխվելու է առավելապես սոցիալական արդարության ու կադրային ճիշտ քաղաքականության ապահովման ծրագրի վրա: ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հարցը նախընտրական խոստումներում կարող է նույնիսկ առաջնահերթ չընկալվել, քանզի վերջին տասնամյա իրողությունների գնահատմամբՙ ղարաբաղյան կարգավորումն իբրեւ գերակա պահանջ գոնե առայժմ դիտարկվում է Հայաստանի եւ կարգավորման բանակցություններում ընդգրկված միջնորդ երկրների հետ հարաբերությունների համատեքստում:

Նախագահի թեկնածուների առաջադրման փուլն ակտիվությամբ է մեկնարկել, բայց դժվար է ենթադրելՙ կլինե՞ն չորրորդ եւ հաջորդիվ թեկնածուները: Շրջանառվող անուններն ու նրանց հնարավորությունների հորիզոնը, մեղմ ասած, մշուշոտ են:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4