Գեւորգ Դավթյանն ու Արա Խաչատրյանը շարունակեցին հաղթարշավը
Ստրասբուրգում ավարտված ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունում մեծ հաջողության հասան հայ ծանրորդներըՙ նոր փառահեղ էջ գրելով մարզաձեւի տարեգրությունում: Մրցահարթակ դուրս եկած 9 հայ ծանրորդներից երեքը հռչակվեցին Եվրոպայի չեմպիոն, երեքը դարձան փոխչեմպիոն: Հայ ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճեցին 18 մեդալ (10 ոսկե, 6 արծաթե, 2 բրոնզե) եւ թիմային ընդհանուր հաշվարկով գրավեցին առաջին տեղըՙ գերազանցելով ՌԴ հավաքականին: Այս հաջողությունն իրոք աննախադեպ է եւ վկայում է, որ լավ ավանդույթներ ունեցող հայկական ծանրամարտը կրկին վերածնունդ է ապրում եւ սկսում է առաջատար դիրքեր գրավել աշխարհում:
Մեր ծանրորդների նախորդ օրերի հաջող մրցելույթները շարունակեցին Գեւորգ Դավթյանն ու Արա Խաչատրյանըՙ զբաղեցնելով պատվո պատվանդանի առաջին երկու աստիճանները: Մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների մրցավեճը փաստորեն վերածվեց երկու հայ դյուցազունների մրցապայքարի: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար մղվող մրցավեճին փորձեցին խառնվել թուրք Տաներ Սագիրն ու բելառուսցի Նիկոլայ Չարնյակը, սակայն նրանք չդիմացան թեժ մրցակցությանը: Հայ ծանրորդներն, իրոք ուժեղ էին մրցակիցներից եւ արժանիորեն գրավեցին առաջին երկու տեղերը:
Պոկում վարժությունում 166 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալին արժանացավ Գեւորգ Դավթյանը: Ընդ որում նա երկրորդ մոտեցման ժամանակ չէր հաղթահարել 165 կգ ծանրությունը, իսկ ահա երրորդ փորձից սանձեց մեկ կգ ավելի քաշ ունեցող ծանրաձողը: Գեւորգին ընդամենը մեկ կգ-ով զիջեց Արա Խաչատրյանը, որը հաջորդաբար բարձրացրեց 159, 163 եւ 165 կգ: Փոքր բրոնզե մեդալին արժանացավ բելառուսցի Չարնյակը (160 կգ):
Բավական հետաքրքրական պայքար ծավալվեց նաեւ հրում վարժությունում, որում հայ ծանրորդները հաջողությամբ կատարեցին բոլոր երեք փորձերը: Այստեղ եւս Գեւորգ Դավթյանը լավագույն արդյունքը ցույց տվեց (197 կգ) եւ կրկին մեկ կգ-ով գերազանցեց իր հայրենակցին: Բրոնզե մեդալը նվաճեց թուրք Սագիրը: Այսպիսով, Գեւորգ Դավթյանը երկամարտի 363 կգ (166+197) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոնՙ կրկնելով իր թիմակիցներ Մելինե Դալուզյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի նվաճումը: Իսկ Արա Խաչատրյանը երկամարտի 361 կգ (165+196) արդյունքով համալրեց Եվրոպայի փոխչեմպիոնների շարքըՙ արժանանալով արծաթե մեդալի: Երկամարտի 353 կգ (160+193) արդյունքով բրոնզե մրցանակակիր դարձավ թուրք Տաներ Սագիրը:
Ցավոք, քաշային հաջորդ կարգերում հանդես եկած մեր մյուս երկու ծանրորդներին չհաջողվեց այլեւս մեդալներ նվաճել: Մինչեւ 85 կգ քաշային կարգում Արսեն Մելիքյանը երկամարտի 350 կգ (160+190) արդյունքով բավարարվեց 9-րդ տեղով: Արսենը յուրաքանչյուր վարժությունում երեքական մոտեցումներից միայն մեկում կարողացավ բարձրացնել ծանրաձողը, որի պատճառով էլ նրա ցուցանիշը համեստ է: Իսկ չեմպիոն հռչակվեց ռումինացի Վալերիու Կալանչանՙ 373 կգ (165+208): 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներ դարձան թուրք Իզեթ Ինչենՙ 373 կգ (172+201) եւ բելառուսցի Վադիմ Ստրելցովըՙ 373 կգ (172+201): Ինչպես տեսնում եք, բոլոր մրցանակակիրներն էլ միեւնույն ցուցանիշը ցույց տվեցին եւ միայն անձնական քաշը բաշխեց մեդալները նրանց միջեւ:
Հայաստանից վերջինը մրցահարթակ դուրս եկավ Ռաֆիկ Չախոյանը: Նա եւս վստահ հանդես չեկավ եւ երկամարտի 375 կգ (175+200) արդյունքով գրավեց 8-րդ տեղը: Մինչեւ 105 կգ ծանրորդների մրցավեճում չեմպիոն հռչակվեց Սլովակիայի ներկայացուցիչ Մարտին Տեսովիչը, որը երկամարտում ցույց տվեց 411 կգ (187+224) արդյունք: Մինչեւ 94 կգ քաշային ծանրորդների մրցաշարում լավագույն արդյունքի հասավ լեհ Սիմոն Կոլեցկինՙ 395 կգ (177+218): Արծաթե եւ բրոնզե մրցանակակիրներ դարձան ռուսաստանցի Ռոման Կոնստանտինովըՙ 393 կգ (176+217) եւ մոլդովացի Եվգենի Բրատանըՙ 382 կգ (173+209):
Գերծանրքաշայինների մրցավեճն ավարտվեց լատվիացի Վիկտոր Շչերբատիսի հաղթանակովՙ 447 կգ (202+245): Նա 12 կգ-ով առաջ անցավ արծաթե մեդալ նվաճած ռուսաստանցի Եվգենի Չիգիշեւիցՙ 435 կգ (205+230): Բրոնզե պարգեւին արժանացած լեհ ծանրորդ Պավել Նայդեկն էլ 14 կգ-ով զիջեց Չիգիշեւին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ