Իսկ ոմանք էլՙ ավելի քիչ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարկային պետական ծառայության հրապարակած («Ազգ» օրաթերթում), այս տարվա առաջին եռամսյակի 300 խոշոր հարկատուների ցանկում անմիջապես աչքի են զարնում որոշ փոփոխություններ: Դրանցից հիմնականը մշտական առաջատարի փոփոխությունն է: Այս անգամ թիվ 1 հարկատուն ոչ թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, այլ «Հայռուսգազարդը»ՙ 6,8 մլրդ դրամ վճարած հարկերով: Երկրորդ տեղում «Արմենտելն» էՙ 5,2 մլրդ դրամ, երրորդըՙ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատըՙ 4,6 մլրդ դրամ: Սակայն հարկ է նշել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է մնալ ամենից շատ շահութահարկ վճարած ընկերությունըՙ 2,7 մլրդ դրամ: Փոքր ինչ ցածր է «Արմենտելի» վճարած շահութահարկըՙ 2,6 մլրդ դրամ:
Խոշոր հարկատուների 4-րդ հորիզոնականում ամրապնդվել է բջջային կապի մատակարարման ոլորտում սրընթաց առաջընթաց արձանագրած «Ղ-Տելեկոմ» ընկերությունըՙ 2,9 մլրդ դրամ, որից 1,2 մլրդ դրամը շահութահարկն է: 5-րդ տեղում է հայտնվել «Սալեքս գրուպը»ՙ 2,3 մլրդ դրամով: Նրանք ովքեր տեղյակ չեն, ասենք, որ սա շաքարավազի ներկրման մենաշնորհատեր, կարագի, սպիրտի, հացահատիկի ներկրման մեջ գերիշխող դիրքեր ունեցող, «Երեւան-սիթի», «Գոռ», «Լուսաստղ» սուպերմարկետների սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ստեղծած հերթական ընկերությունն է:
Միաժամանակ նշենք, որ ինչպես այս գործարարին պատկանող նախկին բոլոր ընկերությունները, «Սալեքս գրուպը» նույնպես, օգտվելով օրենքի թողած հնարավորությունից, խուսափում է շահութահարկ վճարելուց, իսկ վճարած հարկերն ընդհանրապես հեռու են իրական շրջանառության ցուցանիշներին համապատասխան լինելուց:
6-րդ տեղում բենզին եւ դիզվառելիք ներկրող առաջատար ընկերությունն էՙ «Ֆլեշը»ՙ 2,2 մլրդ դրամ վճարած հարկերով: 7-րդը մեկ այլ վառելիք ներկրողՙ «Քաղպետրոլսերվիս» ընկերությունըՙ 2 մլրդ դրամ: Ծխախոտ ներկրող խոշորագույն «Պարես Արմենիա» ընկերությունը վճարել է 1,5 մլրդ դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 1,1 մլրդ դրամ եւ առաջին տասնյակը եզրափակող Հայկական ԱԷԿ-ըՙ 1,1 մլրդ դրամ: 11-րդ տեղում գտնվող «Արմենիա միջազգային օդանավակայանները» վճարել է մոտ 1 մլրդ դրամ: 12 եւ 13-րդ տեղերը զբաղեցնում են Հրանտ Վարդանյանին պատկանող երկու ընկերություններըՙ «Գրանդ Տոբակոն» եւ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» համապատասխանաբար 887 մլն դրամ եւ 878 մլն դրամ վճարած հարկերով: Նույն գործարարին պատկանող «Գրանդ քենդին» վճարել է 337 մլն դրամ: Այս երեք ընկերությունների վճարած հարկերը միասին կազմում են ավելի քան 2 մլրդ դրամ, ինչը ցուցակում «Գրանդ Հոլդինգին» վերապահում է բարձրագույն դիրքեր:
Կտրուկ առաջընթաց է արձանագրել «Երեւան ջուր» ընկերությունը, որն անցյալ տարվա արդյունքներով զբաղեցնում էր 83-րդ տեղը, իսկ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներովՙ 21-րդ տեղըՙ 402 մլն դրամ վճարված հարկերով: Խոշոր հարկատուների ցանկում մեկ այլ, մեծ առաջընթաց արձանագրած ընկերությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտն» է, որը այս տարվա առաջին եռամսյակում 40-րդն է 273 մլն դրամով: Մինչդեռ անցյալ տարվա տարեկան արդյունքներով այս ընկերությունն ընդամենը 107-րդն էրՙ 412 մլն դրամ ցուցանիշով: «Արարատցեմենտի» ստվերային ահռելի շրջանառության մասին մշտապես մատնանշել էինք խոշոր հարկատուների ցանկերին անդրադառնալիս: Սակայն այս անգամ նրա ցուցանիշն էապես բարելավվել է եւ նույն տեմպով վճարումներ կատարելու դեպքում, տարեկան արդյունքներով «Արարատցեմենտը» պետք է առնվազն երեք անգամ ավելի հարկ վճարի նախորդ տարվա համեմատ: Թե որքանով է դա պայմանավորված քաղաքական (նախընտրական) գործընթացներով, դժվար է ասել, բայց հարկ է նաեւ փաստել, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները նույնպես հեռու են իրենց իրական շրջանառությանը մոտ տվյալներ ներկայացնելուց:
Մեկ այլ օլիգարխիՙ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտն» ընդհանրապես բացակայում է 300 խոշոր հարկատուների ցանկում, իսկ նրա մյուս ընկերությունըՙ «Միկա Արմենիա թրեյդինգը» զբաղեցնում է 37-րդ տեղըՙ 280 մլն դրամ ցուցանիշով: Նշենք, որ տարեկան արդյունքներով 2006 թ.-ին այս ընկերությունը զբաղեցնում էր 20-րդ տեղը եւ վճարել էր գրեթե 2 մլրդ դրամ: Դարձյալ նույն գործարարին պատկանող «Արմավիա» ազգային ավիափոխադրողը գտնվում է ընդամենը 194-րդ տեղում, ավելի քան համեստՙ 62 մլն դրամ վճարած հարկերով: 2006 թ.-ի տարեկան արդյունքներով անգամ «Արմավիան» գտնվում էր 136-րդ տեղումՙ 330 մլն դրամ ցուցանիշով: Դատելով այս տվյալներից, կարելի է ենթադրել, որ կամ Միխայիլ Բաղդասարովի բիզնեսն այնքան էլ հաջող չի ընթանում, կամ էլ ընդհակառակըՙ նրա դիրքերն այնքան են ամրապնդվել, որ ավելի քիչ հարկեր է վճարում: Դժվար չէ գլխի ընկնել, որ իրականը վերջին տարբերակն է: Հարկահավաքման գործընթացը կարծես թե շրջանցում է Միխայիլ Բաղդասարովին:
Շարունակում են ծիծաղելիորեն քիչ շահութահարկ վճարել այնպիսի խոշոր ներկրող ընկերություններ, ինչպիսիք են «Դերժավա-Ս»-ը (սննդամթերք) եւ «Մետեքսը» (երկաթ): Առաջինի վճարած շահութահարկը երեք ամիսների ընթացքում կազմել է մոտ 9,5 մլն դրամ, իսկ երկրորդինըՙ 8,5 մլն դրամ: Նույնը կարելի է ասել նաեւ էլեկտրոնային ապրանքների խոշոր ներկրող «Զիգզագի» մասին, որն ավելի քիչՙ 6,8 մլն դրամ շահութահարկ է վճարել:
Տոնավաճառները աստիճանաբար մտնում են քիչ թե շատ իրական հարկման դաշտ, բայց դարձյալ նրանց վճարած հարկերը հեռու են այստեղ կատարվող շրջանառության համեմատությամբ վճարվելիքից: Խոշորագույն, Մալաթիայի տոնավաճառըՙ «Ռաֆայել-Տաթեւ» ընկերությունը վճարել է 118 մլն դրամ, «Հրազդան վարձակալական ձեռնարկությունը»ՙ 100 մլն դրամ: Այս անգամ ցանկում են նաեւ «Փեթակ» (295-րդ տեղ) ու «Հայաստան առեւտրի կենտրոն. Հայրապետյան եղբայրներ» (300-րդ տեղ) տոնավաճառները 42 մլն դրամ եւ 41 մլն դրամ վճարումներով: Համեմատության համար ասենք, որ 42 մլն դրամ է վճարել նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ ցանկում գտնվում է վերոնշյալ տոնավաճառների հարեւանությամբՙ 296-րդ տեղում: Սա մեկնաբանություն չպահանջող փաստ է այն մասին, թե Հայաստանում ինչ ծավալներ ունի ստվերային շրջանառությունը առեւտրի (եւ ոչ միայն այդ) ոլորտում: