Մայիսի 26-ին Գերմանիայի Բամբերգ քաղաքում ռինգ կվերադառնա 2006-ի սեպտեմբերին ծանր վնասվածքի պատճառով մրցելույթներն ընդհատած IBF վարկածով միջինքաշայինների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Երեքշաբթիՙ ապրիլի 24-ին աշխարհի չեմպիոնը հեռախոսով մեզ փոխանցեց նույն օրը հաստատված այն լուրը, թե իր մրցակիցը կանադացի Սեբաստիեն Դեմերսն է լինելու:
«Ինձ շատ լավ եմ զգում, պարապմունքներին ավելի թափով եմ մարզվում, մի խոսքովՙ լավ մարզավիճակում եմ: Ռինգ եմ դուրս գալու միայն հաղթելու համար», ասաց 27-ամյա Աբրահամը:
Հիշեցնենք, որ մեր հայրենակիցը երեք անգամ արդեն պաշտպանել է չեմպիոնության իր կոչումըՙ 22 մրցելույթներում անպարտելի է եղել: Նրա կանադացի խաղընկեր Դեմերսը 20 մրցամարտ է ունեցելՙ առանց պարտության:
Ան. Հ., Գերմանիա