«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2007-04-24 | #76, 2007-04-26 | #77, 2007-04-27


ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳՆԵՐՙ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ՍԵՐՏ ԴԱՇԻՆՔ

Կնկատի՞ դրանք հարկային ծառայությունը

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2006 թ.-ի նոյեմբեր-2007 թ. հունվար ամիսներին ապրանքային որոշ շուկաներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներն է ուղարկել հարկային պետական ծառայությանը: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի մեզ տրամադրած հաղորդագրությունից: Համաձայն դրա, մի շարք ապրանքային շուկաներում (գաջ, ցեմենտ, շաքարավազ, գարեջուր, հավի ձու) գների չհիմնավորված բարձրացումներ են առկա, որոնք, համենայնդեպս, իրավաբանորեն տեղի են ունենում միջնորդ օղակներում կամ առեւտրի օբյեկտներում: «Չի բացառվում նաեւ, որ նման կազմակերպությունների կողմից պատշաճ չեն կատարվում հարկային պարտավորությունները», նշվում է հանձնաժողովի տեղեկատվության մեջ: Հավանական է համարվում, որ դա իրականացվում է, օգտվելով պարզեցված հարկից:

Մասնավորապես «Գաջ» եւ «Գաջեգործ» ընկերությունների ներկայացրած գաջի 1 տոննայի իրացման միջին գները կազմել են 26500-27500 դրամ, իսկ հանձնաժողովի մոնիտորինգի ուսումնասիրություններով դրանք շուկայում եղել են 35 հազար դրամ: Ցեմենտը «Արարատցեմենտն» ու «Միկացեմենտը» իրացրել են համապատասխանաբար 34500 դրամով եւ 30500 դրամով, իսկ մոնիտորինգի արդյունքներով դրանք կազմել են 42 հազար դրամ: Շաքարավազը միակ ներմուծող «Սալեքս գրուպը» իրացրել է 1 կգ-ն 215 դրամով, իսկ մոնիտորինգի գներով այն կազմել է 270-370 դրամ: Հավի ձուն ըստ արտադրողների վաճառվում էՙ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի կողմից 51,1 դրամ, Արզնի ԹՏԽ-ի կողմից 50,7 դրամ, Երեւանի թռչնաֆաբրիկայի կողմից 57,3 դրամ միջին գներով, մինչդեռ հանձնաժողովի հայտնաբերած իրացման գները տատանվել են 60-80 դրամի սահմաններում եւ այլն: Այսպիսով, փաստացի վաճառվող ապրանքները 5-37 տոկոսով ավելի թանկ են իրացվել շուկայում, քան արտադրողների կամ ներմուծողների կողմից դրանց իրացումը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4