«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2007-04-24 | #76, 2007-04-26 | #77, 2007-04-27


ՇՆԵՐԻ ՍՊԱՆԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Փողոցում ապրող եւ թափառող շներին Հայաստանում պետական մակարդակով կարծես չեն սիրում: Հասարակ քաղաքացիների մեջ էլ կան մարդիկ, որ ժխտողական վերաբերմունք ունեն չորքոտանի մեր կրտսեր եղբայրների նկատմամբ: Ինչո՞ւ: Իրենք էլ չեն կարողանում պատճառաբանել: Մինչդեռ շների սիրահար շատերի հավաստմամբ, նրանք առավել արժեքավոր են, քան կեղծավոր բարեկամ-հարեւանները, քան երախտամոռ մարդիկ: Դրանք նաեւ բնական սանիտարներ են, որոնք, ի տարբերություն կատուների, վերացնում են առնետներին:

Շներին չեն սիրում հատկապես «Դամի արկ» ՍՊԸ-ի աշխատակիցները, որոնք քաղաքապետարանի հայտարարված մրցույթին մասնակցելով, իրավասու են որսալու նրանց երեկոյան ուշ ժամերի եւ քնից վեր թռած, ահաբեկված բնակիչների աչքի առաջ քարշ տալով լցնել մեքենաներն ու տանել: Քանի որ «Դամի-արկն» ունի շներին կրակելու իրավունք, ուրեմն նրան է հասնում պարսավանքի ու անեծքի այն ողջ բաժինը, որ տեղում են կենդանիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքից դժգոհ քաղաքացիները:

«Մեր բակում մի խելացի շուն կար, լաց լինելով պատմում է խմբագրություն զանգահարած տիկին Հասմիկը: Բոլոր հարեւաններիս սիրելին էր, միշտ կերակրում էինք, փայփայում: Սուրբ Զատկի գիշերը, ժամը 1:30-ի մոտ, մեր շենքից շատերը վեր թռան կրակոցների թնդյունից եւ մեր սիրելի շան կաղկանձից, որի անկենդան դին հենց մեր աչքի առաջ քարշ տալով գցեցին մեքենան: Իմ եւ ընտանիքիս անդամների բողոքին եւ դիտողություններին ի պատասխան, վախեցած գողի ու սադիստի վարքով այդ խուլիգաններն արձագանքեցին, թե` տղամարդ ես, իջի խոսանք»: Նրանց հետ էր նաեւ մի ոստիկանՙ իր մեքենայով: Մեր զրուցակիցն ապրում է Մ. Հերացու 18 շենքում եւ գտնում է, որ քաղաքապետարանի հովանու տակ գործող այս «գազանների» վարվելակերպը քրեորեն պատժելի արարք է, քանի որ բնակիչների անհամեմատ մեծամասնության կարծիքը հաշվի չի առնվում: Այսպես թե այնպես, տիկին Հասմիկի տոնական տրամադրությունն ու հետագա օրերը մռայլ գույներ ստացան ապրիլի 8-ի գիշերվա միջադեպից հետո, քանի որ հարգարժան տիկինը երկար ժամանակ կմնա սթրեսի ազդեցության տակ: Եվ ոչ ոք նրան այդպես էլ պատասխան չի տա` ինչո՞ւ սպանեցին իրենց բակի սիրելիին, որ իսկապես անվնաս ու խաղաղ կենդանի էր: Նրա ամուսինը պատմում է, որ այդ շան սպանության պատճառը կողքի շենքում ապրող հոգեկան խնդիրներ ունեցողմի կին է, որ ողջ օրը կատուների մի բանակ առած պտտվում է շենքի շուրջը եւ գազազեցնում շներին: Հավանաբար նա է զանգահարել որսորդներին:

«Ազգի» խմբագրություն զանգահարած մեկ այլ տիկին` Էլմիրա Մարգարյանն ապրում է Ֆուչիկի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքում: «Որպես բժիշկ իմ բոլոր նեւրոտիկ հիվանդներին խորհուրդ եմ տալիս շուն կամ կատու պահել, քանի որ այս կենդանիները, բացի իրենց սանիտարահիգիենիկ նշանակությունից, նաեւ բնության պարգեւած բժիշկներն են, սեր ու գուրգուրանք են պարգեւում մարդկանց, հատկապես օգնում են հիվանդներին: Բայց այս էլ որերորդ անգամ, քաղաքապետարանից թեւ առած գազան որսորդները գալիս եւ մեր աչքի առաջ ոչնչացնում են շներին, որոնց փայփայում ենք սեփական երեխաների պես: Վերջին դեպքն էլ ապրիլի 10-ին, ժամը 22-ին պատահեց: Ե՞րբ պիտի մարդիկ պայքարեն պետական մակարդակով իրականացվող այս սպանդի դեմ, ինչպե՞ս կարելի է առանց ահազանգի իսկությունը ստուգելու սպանել անմեղ կենդանիներին: Ո՞վ եւ ե՞րբ պիտի պատժի շներին սպանող այդ հրեշներին», ասում է զայրույթից դողացող զրուցակիցս, որ կոչ է անում բոլորին միավորվել եւ պաշտպանել շներին:

Քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը վիրավորվում է մեր այն ձեւակերպումից, թե փողոցում ապրող եւ թափառող շների խնդիրը անտերության է մատնված: «Էսպիսի հսկողություն մինչեւ այժմ չի կատարվել: Ինչո՞ւ չեք ուզում նկատել ստերիլիզացումը եւ ամորձատումը, որ կատարվում է «Յունիգրաֆ» ՍՊԸ-ի միջոցով»: Նա պատմում է, որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթով վերոհիշյալ կազմակերպությունը շահել է «Դամի արկի» աշխատանքներից բոլորովին հակառակ գործունեության կատարման իրավունք, որի արդյունքում բազմաթիվ շներ ստերիլիզացվել են, ամորձատվել եւ ապաստան գտել Արզնիի մոտակայքում գտնվող շների կացարանում: Գովելի պայմաններ այս կազմակերպությունում, ասում են, առկա են, սակայն ակներեւ է, որ սա հարցի վերջնական լուծում համարվել չի կարող: Շները շատ են, եւ նրանց հարցի լուծման ամենաարագ ճանապարհը, այնուամենայնիվ, կրակելն է: Հետո՞ ինչ, որ քաղաքապետարանի աշխատակիցը հավաստիացնում է, թե. «Տեղում շներին միայն ծայրահեղ դեպքերում են սպանում, երբ շները կատաղած են: Հազարից մեկ հնարավոր են նման գործողություններ, այն էլ ոստիկանության ուղեկցությամբ»: Նա նաեւ ասում է, որ շների բիզնեսը եկամտաբեր չէ, դրա համար այս խնդիրը մնացել է պետական կառույցների ուսերին: Իսկ պետությունն այդ հարցը լուծում է ինչպես կարող է` մի ձեռքին մահակ, մյուսին` քաղցրաբլիթ:

Մասնագիտությամբ դաշնակահար Նունե Մեհրաբյանը չորս տարի առաջ մի ողջ հասարակական կազմակերպություն ու կացարան է ստեղծել թափառող շների համար: Այստեղ տարբեր բարեգործների նվիրատվությունների շնորհիվ գազանաբարո մարդկանցից ու նրանց սրընթաց ավտոմեքենաների վրաերթերից պաշտպանում է շուրջ 100 շան: «Իմ մոտ ապրող շնիկներն ամորձատված են եւ ստերիլիզացված: Ցավում եմ, որ հնարավորություն ունեմ ընդամենը այդքան շնիկի կյանք փրկելու», ասում է «Փրկենք կենդանիներին» ՀԿ-ի նախագահը: Նունեն պատմում է, թե ինչպես ժամանակին ցանկացել է «Դամի արկ» ՍՊԸ-ի աշխատակիցների հավաքած շներին տանել իր ՀԿ-ի հատուկ շների կացարանը, բայց նրան մերժել են: Երիտասարդ աղջիկը հազիվ է զսպում արցունքները` աչքի առաջ այն բազմաթիվ շնիկներն են, որոնց գերադասեցին սպանել, քան հանձնել իրենց խնամքին:

Իր հերթին տիկին Հասմիկը պատմում է լսած դեպքերի մասին, որ որսորդները շներին սպանելու համար նախատեսված փամփուշտները տնտեսելու նպատակով նրանց սպանել են մահակներով կամ լցրել են փոսերը եւ սովամահ արել: «Անօրինական ու անմարդկային է քաղաքապետարանի վարած քաղաքականությունը, որովհետեւ սպանում են ոչ միայն գազազած շներին, դրանք համարյա աննշան թիվ են կազմում, այլեւ նորածիններին ու կաթնատու մայրերին: Չէ՞ որ նրանց ծնելիության շրջանը հունվար-փետրվար ամիսներն է, որ նշանակում է, թե վերջին օրերին թափ առած սպանդը հենց նորածին շնիկների ու նրանց մայրերին է սպառնում: Ի դեպ, վաղուց է ապացուցված, շների սպանդը երբեք չի արդարացրել շներին ոչնչացնելու ակնկալիքները: Կենդանիների բնազդը իրենց տեսակը կրկնակի ուժով վերարտադրելու է մղում, որը փաստ է, ասում է նա: Ի վերջո, մի՞թե հնարավոր չէ առաջատար երկրների փորձն այսքան տարվա մեջ ուսումնասիրել ու ներդնել Հայաստանում»: Ի դեպ, փորձի փոխանակման մասին խոսում էր նաեւ քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը, միայն թե ապառնի ժամանակով: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերին սպասում են ֆրանսիացիներին, ովքեր կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության աշխատակիցներ են:

Նունեն խոսում է նաեւ անբարեխիղճ շուն պահողների ու նրանց պարտավորություններն օրենսդրորեն հաստատելու անհրաժեշտության մասին, քանի որ թափառող շների 50-60 տոկոսն առաջացնում են հենց լքված եւ փողոց շպրտված շները: Վերջիններս վտանգավոր են, քանի որ չհարմարվելով դրսի պայմաններին, հոգեխախտ են լինում եւ վայրենանում: Մինչդեռ արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ շուն պահողը պարտավոր է ոչ միայն կայուն ֆինանսական միջոցներ ունենալ, այլեւ շանը քնեցնել, եթե չի ցանկանում պահել նրան: Փողոց շպրտելը եւ դրանով այնտեղ ապրող շների քանակին նպաստելը պատժելի է: Այնտեղ պարսավելի է նաեւ շան նկատմամբ գազանային այնպիսի վերաբերմունքը, որն անուղղակի, բայց փաստացի խրախուսվում է Հայաստանի Հանրապետությունում: Արդյոք սա չի՞ խոսում քաղաքակրթությունից պետական մակարդակով հեռու լինելու փաստի մասին:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4