«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2007-04-24 | #76, 2007-04-26 | #77, 2007-04-27


ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑԸ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆ Է

Նիոնում կայացավ Ինտերտոտոյի գավաթի այս տարվա խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: ՈւԵՖԱ-ի գավաթի 11 ուղեգրերի համար մրցավեճի կբռնվեն 49 երկրների 50 ակումբներ: Լիխտենշտեյնը, Սան Մարինոն եւ Շոտլանդիան ներկայացված չեն մրցաշարում, իսկ ահա Ռումինիայից հանդես կգան երկու ակումբներ: Առայժմ հայտնի չեն Ինտերտոտոյի գավաթի մասնակից կոնկրետ թիմերը: Վերջիններս կորոշվեն ազգային առաջնությունների ավարտից հետո:

Վիճակահանությամբ Հայաստանի ներկայացուցիչը Ինտերտոտոյի գավաթի խաղարկության 1-ին փուլում կհանդիպի բելառուսական ակումբի հետ: Եթե մեր հանրապետության պատվիրակին հաջողվի հաղթահարել 1-ին փուլի արգելքը, ապա 2-րդ փուլում հայ ֆուտբոլիստների մրցակիցը կդառնա Ուկրաինայի ներկայացուցիչը: Հաջողության դեպքում 3-րդ ավարտական փուլում հայկական ակումբը կմրցի ֆրանսիական թիմի հետ: Նշենք, որ այս պահի դրությամբ Ինտերտոտոյի գավաթի մասնակցության իրավունքը Հայաստանից պատկանում է «Միկային»: Ինչպես հայտնի է, երկրի չեմպիոն «Փյունիկը» մասնակցելու է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, արծաթե մրցանակակիր «Բանանցը» հանդես է գալու ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Թե Հայաստանից կոնկրետ որ թիմը` «Միկա՞ն», թե՞ «Արարատը» կմասնակցի Ինտերտոտոյի գավաթի մրցաշարին, հայտնի կդառնա ՀՀ գավաթի եզրափակիչ խաղից հետո: Եթե գավաթը նվաճի «Արարատը», ապա Ինտերտոտոյի գավաթի մրցաշարին կմասնակցի «Միկան», իսկ արարատցիները հանդես կգան ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Իսկ եթե գավաթի մրցաշարում հաջողությունն ուղեկցի «Փյունիկին», «Բանանցին» կամ «Միկային», ապա Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը կմասնակցի «Արարատը»:

1-ին փուլի անդրանիկ հանդիպումները կկայանան հունիսի 23-24-ին, իսկ պատասխան մրցախաղերը տեղի կունենան հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին: 1-ին փուլում մեկնարկի դուրս կգան ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում ամենացածր վարկանիշ ունեցող 28 ակումբները: Վիճակահանությամբ Հայաստանի պատվիրակն առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի դաշտում: Հաջորդ փուլում 1-ին փուլում հաջողության հասած 14 թիմերին կմիանան եւս 14 ակումբներ: 2-րդ փուլի հանդիպումները կանցկացվեն հուլիսի 7-8-ին եւ 14-15-ին: 3-րդ փուլում պայքարը շարունակող 14 ակումբներին կմիանան ամենաբարձր վարկանիշ ունեցող Իսպանիայի, Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի թիմերը: 3-րդ փուլի հանդիպումները նշանակված են հուլիսի 21-22-ին եւ 28-29-ին: Զույգերում հաջողության հասած 11 երջանիկներն իրավունք կստանան հանդես գալու ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում:

Հիշեցնենք, որ մինչեւ անցած մրցաշրջանը Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում խաղարկվում էր ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարի ընդամենը 3 ուղեգիր: 2006թ. ուղեգրերի թիվը զգալիորեն աճել է` հնարավորություն ընձեռելով միանգամից 11 ակումբների մասնակցել ավելի բարձր կարգի մրցաշարին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4