«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2007-04-24 | #76, 2007-04-26 | #77, 2007-04-27


«ԲԱՆԱՆՑՆ» ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

«Բանանց»-«Ուլիս» հանդիպումով երեկ մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրը: Խաղացանկով հանդիպումը պետք է կայանար «Հանրապետական» մարզադաշտում, սակայն տեղացած տեւական անձրեւների պատճառով խաղը տեղափոխվել էր «Բանանցի» մարզադպրոց: Հայաստանի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հանդիպումը կայացավ արհեստական խոտածածկով մարզադաշտում: Հարկ է նշել, որ երկու թիմերի մարզիչներն էլ հետխաղյա մամուլի ասուլիսում նշեցին, որ ֆուտբոլիստների համար անսովոր էր նման խաղադաշտում խաղալը:

Նշենք, որ «Ուլիսի» գլխավոր մարզիչ Արսեն Չիլինգարյանը նախորդ երկու տուրերում թիմի կրած պարտություններից հետո հրաժարական էր տվել եւ «Բանանցի» հետ խաղում ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարում էր նրա օգնական Արթուր Ասոյանը: «Ուլիսի» կազմում ընդգրկվել էին մի քանի լեգեոնականներ «Բենտոնիտից», իսկ «Բանանցի» հարձակման գծում հայտնվել էր նոր ֆուտբոլիստՙ Ռոման Բուտենկոն: Հենց նա էլ 23-րդ րոպեին բացեց հաշիվը: Մնացած ժամանակահատվածում էլ «Բանանցը» զգալի առավելություն ուներ եւ կարողացավ ամրապնդել հաղթանակը: 72-րդ րոպեին աչքի ընկավ Սամվել Մելքոնյանը: Այսպիսով, «Բանանցն» առաջնությունում անդրանիկ հաղթանակը տոնեց:

Այսօր տեղի կունենան 3-րդ տուրի մյուս հանդիպումները: Գյումրիում «Շիրակը» կհյուրընկալի «Արարատին», «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» կմրցի «Միկայի» հետ, իսկ «Հրազդանում» ուժերը կչափեն «Կիլիկիան» ու «Գանձասարը»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4