«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2007-04-26 | #77, 2007-04-27 | #78, 2007-04-28


ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔ Է, ԱՊԱ ՈՒՄ ԴԵՄ ԷՐ 907 ՈՒՂՂՈՒՄԸ

Ամերիկացիների արարքը ոչ միայն անլուրջ է, այլ մտահոգիչ Հայաստանի համար

2005թ. փետրվարի 19-ին Հայաստանում այն ժամանակ Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսը Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում ամերիկահայերի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ չնայած Մ. Նահանգների վարած պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման քաղաքականությանը, «բոլորը հասկանում են, որ Ղարաբաղը չի կարող վերադարձվել Ադրբեջանին, քանի որ դա աղետալի քայլ կլինի»: Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովի այն հայտարարությունը, թե «25 տարի անց քարտեզի վրա Հայաստան չի լինի», դեսպան Էվանսը զայրացուցիչ էր անվանել այդ խոսքերը եւ ասել, որ «այն հետ է բերել հայերի բոլոր վատ հիշողությունները»:

Ընդամենը մի քանի օր անց, արդեն Երեւանում, Էվանսը սրբագրեց իր խոսքերըՙ ասելով. «ԱՄՆ կառավարությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների միջոցով»: Նրանք, ովքեր լրջորեն հետեւում են ղարաբաղյան բանակցային գործընթացին, հասկանում են, որ Էվանսը հայտնագործություն չէր արել, պարզապես` արդեն նախկին դեսպանն ասել էր մի բան, որը բարձրաձայն չի կարելի ասել:

Ղարաբաղյան հարցում ամերիկյան հռչակած քաղաքականությունը 1992-ից ի վեր եղել է հետեւյալը. Վաշինգտոնը ճանաչում է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն չի կանխորոշում բանակցությունների արդյունքը: Եթե ավելի պարզ եւ հասկանալի լեզվով մեկնաբանենք` սա նշանակում է, որ Մ. Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնում է հակամարտության կողմերին: Իրականում, սակայն, ամերիկյան քաղաքականությունը անցնող տարիներին` սկսած 1988-ից, ենթարկվել է փոփոխությունների, ընդ որում մի քանի անգամ եւ կտրուկ:

Հայկական եւ ադրբեջանական պետական եւ լրատվամիջոցների շրջանում բուռն կրքերի ու մեկնաբանությունների տեղիք տված պետքարտուղարության Մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցի ղարաբաղյան հատվածը ոչ միայն չի համապատասխանում իրերի վիճակին, այլ հակասում է հենց ամերիկյան քաղաքականության ոգուն եւ տառին:

Բանակցությունների սեղանին դրված առաջարկը, որը ներկայացրել է եռանախագահությունը 2006 թ.ապրիլին, ապա որոշակի փոփոխություններով` աշնանը, հետաձգված հանրաքվեի տարբերակն է: Այդ փաստաթուղթը գաղտնի համարելը անհեթեթություն է, քանի որ նաեւ շնորհիվ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի տասնյակ հարցազրուցների, գոնե փորձագետների համար այն այլեւս գաղտնի չէ: Այսինքն` ամերիկացիները կողմ են, որպեսզի հայկական ուժերը դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղին հարակից հինգ շրջաններից, միգուցե` նաեւ Քելբաջարից, որի դիմաց ադրբեջանցիները համաձայնվում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշել հանրաքվեով` բայց 10-15 տարի հետո: Սա է այսօր սեղանին դրված փաստաթղթի հիմնական առանցքը:

Բրայզան հունիսին Սթիվեն Մանին փոխարինելուց հետո տված առաջին իսկ հարցազրույցում հայտարարեց, որ զբաղեցրած տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը կարգավորման հիմնական սկզբունքների կարեւոր տարր է: «Սակայն, հայերին հորդորելովՙ «դուրս բերեք զորքերը տարածաշրջանից, ինչը թույլ կտա նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում», մենք չենք հասնի ցանկալիին: Եթե հայերը իմանան, որ դրա փոխարեն ինչ-որ բան կստանան, ապա դա կանեն: Փորձագետներն իրավացի են. եթե հայկական զորքերը դուրս բերվեն, ապա դա կնվազեցնի լարվածությունը: Սակայն փոխարենը նրանք պետք է ինչ-որ բան ստանան: Այդ պատճառով պետությունների ղեկավարները պետք է ընդունեն ծանր որոշում: Դժվարությունն այն է, թե ինչպես համաձայնեցնել հայկական ուժերի դուրսբերման ժամանակային չափորոշիչները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ»:

Բոլորը հիշում են Քի Վեսթը, երբ կողմերը, ամերիկյան մեկ այլ նախկին համանախագահ Քերի Քավանոյի խոսքերով` «անհավատալիորեն մոտ էին կարգավորմանը»: Քի Վեսթի գլխավոր ճարտարապետը Մ. Նահանգներն էր: Այդ փաստաթուղթը, որը հիմնված էր տարածքների փոխանակության հիմքի վրա, ենթադրում էր Լաչինի միջանցքի հետ Լեռնային Ղարաբաղի միացում Հայաստանին: Դրա դիմաց, իհարկե, Հայաստանն էլ պիտի շատ բան զիջեր: Այս եւ մի շարք այլ փաստեր, որ կներկայացնեք ներքեւում, խոսում են այն մասին, որ պետքարտուղարության զեկույցի բովանդակությունը եւ ոգին միանգամայն հակասում է այն քաղաքականությանը, որը վարում է Մ. Նահանգները ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացում: Իսկ եթե իրոք Վաշինգտոնը փոփոխում է իր քաղաքականությունը եւ ընդունում, որ «Հայաստանը շարունակում է Lեռնային Ղարաբաղի ադրբեջանական տարածքի եւ հարակից յոթ շրջանների օկուպացիան», ապա հարց է ծագում` որքանով է Մ. Նահանգները համապատասխանում անաչառ միջնորդի հավակնություններին: Ուշադրություն դարձնենք. Մինսկի խմբի անդամ Թուրքիան անգամ, որին Երեւանը եւ Ստեփանակերտը մեղադրում են ակնհայտ ադրբեջանական կողմնապահության մեջ, այս ֆոնի վրա ավելի անաչառ է երեւում:

Եթե իրավամբ ամերիկացիները Լեռնային Ղարաբաղը (մի կողմ ենք թողնում հարակից տարածքները) ամերիկացիները համարում են Հայաստանի կողմից գրավված տարածք, ապա Ազատության Աջակցության ակտի 907 ուղղումը պետք է ուղղված լիներ Հայաստանի դեմ: Մինչդեռ հայտնի է, որ 1992-ից մինչեւ 2001 թվականը Մ. Նահանգների կառավարությունը ուղղակի օգնություն չէր տրամադրում Ադրբեջանին քանի որ վերջինս վարում էր եւ այսօր էլ շարունակում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի շրջափակումը:

Եթե ամերիկացիների համար Լեռնային Ղարաբաղը օկուպացված տարածք է, ապա ինչու էին նույն ամերիկացիները 1998-ից մինչեւ 2006 թվականը բյուջեի առանձին տողով 35 միլիոն դոլար մարդասիրական օգնություն տրամադրում Լեռնային Ղարաբաղին: Ավելին, ամերիկացի մի շարք պաշտոնյաներ նկատել են, որ Հայաստանից բացի Մ. Նահանգները միակ պետությունն է, որն ֆինանսական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին:

Եթե Հայաստանը շարունակում է օկուպացնել Լեռնային Ղարաբաղը, ապա ինչ տրամաբանությամբ է Մ. Նահանգները անցնող 15 տարիներին ավելի քան 1.5 միլիարդ դոլար օգնություն տրամադրել: Կամ` ինչու է Հայաստանն ընդգրկվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, արժե՞ «օկուպանտ» երկրին 235 միլիոն դոլար դրամաշնորհ տրամադրել:

Երբ ուշադրություն ենք դարձնում 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս` թիվ 822, 853, 874 եւ 884 բանաձեւերին, ապա դրանցում պարզ գրված է, որ Լեռնային Ղարաբաղին հարող տարածքները գրավել են ղարաբաղյան ուժերը: Ավելին, երբ ղարաբաղյան ուժերը 1992 թ. մայիսին բացեցին Լաչինի մարդասիրական միջանցքը, ՄԱԿ-ը բանաձեւ չընդունեց: Միջազգային հանրության համար ակնհայտ էր, որ պատերազմն ունի իր տրամաբանությունը, եւ քանի դեռ չկա ուղղակի ցամաքային կապ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, հայությունը Լեռնային Ղարաբաղում դատապարտված է բնաջնջման: Միայն այն բանից հետո, երբ ղարաբաղյան ուժերը վերահսկողության տակ առան Քելբաջարը, ապա եւ մյուս հինգ շրջանները, որոնցից Աղդամը եւ Ֆիզուլին մասամբ, սկսվեցին ՄԱԿ-ի մեկը մյուսին հետեւող բանաձեւերը: Միջազգային հանրությունը սկսեց ընկալել, որ ղարաբաղյան պատերազմը դուրս է գալիս իրենց պատկերացրած շրջանակներից:

Եվ վերջապես` երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, Մ. Նահանգների Սենատը ընդունել է երկու բանաձեւ Լեռնային Ղարաբաղի մասին: 1989 թ. նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի մասին ընդունում է երկրորդ բանաձեւը, որում ԽՍՀՄ ղեկավարությանը կոչ է արվում հակամարտությանը տալ արդարացի լուծում, որն իրականում կարտահայտեր մարզի ժողովրդի կամքը: Բանաձեւում մասնավորապես ասվում էր, որ ԼՂԻՄ-ում բնակչության 80 տոկոսը հայեր են: Հաջորդ օրն իսկ ԽՍՀՄ արտգործնախարարությունը եւ Գերագույն խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովը խստիվ քննադատում են Մ. Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովիՙ Լեռնային Ղարաբաղի հարցի առընչությամբ ընդունած բանաձեւը: Արտգործնախարարի տեղակալ Ա. Բեսսմերտնիխի խոսքերովՙ դա «կոպիտ եւ ինքնակոչ միջամտություն» է, եւ «սենատի հանձնաժողովի այդպիսի որոշումը հարուցել է խորհրդային քաղաքացիների սուր հակազդեցությունը եւ չի կարելի չհասկանալ այդ վրդովմունքը»:

Նույն տարվա հուլիսի 19-ի բանաձեւում Սենատը Միխայիլ Գորբաչովին կոչ էր անում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ քննարկել ԼՂԻՄ-ի` Հայաստանի հետ վերամիավորվելու 1988 թ. փետրվարի 20-ի պահանջը:

Պետքարտուղարության Մարդու իրավունքների զեկույցում Հայաստանի մասին տեղ գտած բնորոշումը, դրա փոփոխությունը, ապա կրկին նախնական տեսքին վերականգնելը կարելի է անլրջություն համարել: Բայց մյուս կողմից, նման »անլուրջ« քայլերով Մ. Նահանգները հավանաբար ազդանշան է ուղղում Հայաստանին: Թե ինչու է ընտրվել դժգոհություն հայտնելու այս ձեւը, կարելի է միայն ենթադրել: Բայց որ նման փոփոխական հայտարարություններով ամերիկացիները Հայաստանում կասկածի տակ են դնում իրենց մասին շարքային քաղաքացիների պատկերացումները, ակնահյտ է:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, «Ռադիոլուր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4