Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանն ու Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Արա Նռանյանը երեկ «Ուրբաթ» ակումբում քննարկեցին Հայաստանի տնտեսության հիմնախնդիրները եւ ներկայացրին իրենց կուսակցությունների նախընտրական առաջարկներն այդ խնդիրների հաղթահարման ուղղությամբ:
ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը զգալի աճ է արձանագրել: Մասնավորապես զարգացել են տրանսպորտային ենթակառուցվածքները, էներգետիկան, շինարարությունը, արդյունաբերության որոշ ճյուղեր, ներքին շուկայում գերակշռում են տեղական արտադրության ապրանքները: Սակայն, ըստ Արա Նռանյանի, զարգացման այդ ռեսուրսը կարող է սպառվել: Հետեւաբար, Դաշնակցությունն առաջարկում է վարել արդյունաբերության եւ արտահանման աջակցության քաղաքականություն:
Հաջորդ կարեւոր խնդիրը պայքարն է ստվերային տնտեսության դեմ: Այն տարբեր հաշվարկներով կազմում է 40-70 տոկոս: Եթե առաջիկա 5 տարիներին հաջողվի էապես նվազեցնել այդ ծավալները, ապա, Արա Նռանյանի կարծիքով, հնարավոր կլինի լուրջ սոցիալական խնդիրներ լուծել: Մինչդեռ, ինչպես նշեց ՀՅԴ ներկայացուցիչը, տարիներ շարունակ հարկահավաքման ցուցանիշը չի կատարվում:
Հերմինե Նաղդալյանի կարծիքով, ստվերի դեմ պայքար, կառավարությունն, այնուամենայնիվ, տանում է: Դրա ապացույց ՀՀԿ-ական պատգամավորը համարեց այն, որ յուրաքանչյուր տարի խնդիր է դրվում պետական բյուջեի եկամուտներն ավելացնել տասնյակ միլիարդավոր դրամներով եւ այդ ցուցանիշները կատարվում են: Իսկ 2007 թ.-ի համար, ըստ Հերմինե Նաղդալյանի, անհամեմատ ավելի մեծՙ 84 մլրդ դրամի ավելացման խնդիր է դրված: Ինչ վերաբերում է աշխատավարձերին եւ կենսաթոշակներին, ապա հանրապետական կուսակցությունը նախատեսում է 2007-2010 թթ. դրանք բարձրացնել 2,5 անգամ:
Հերմինե Նաղդալյանի պնդումների կապակցությամբ «Ազգը» հետեւյալ հարցն ուղղեց նրան. «Դուք իսկապե՞ս կարծում եք, որ պետական բյուջեի եկամուտները ավելանում են ստվերի դեմ պայքարի շնորհիվ, քանի որ համաձայն ազգային վիճակագրական ծառայության, ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը սկսած 2001 թ.-ից մնում է անփոփոխ»: Պատասխանելով մեր հարցին, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ինքը համաձայն չէ «այդ վերլուծություններին», թեեւ ընդունեց, որ ստվերային տնտեսության աստիճանը ցույց տվող վերոհիշյալ ՀՆԱ-հարկեր հարաբերակցության ցուցանիշն ավելի վատ է, քան հարեւան երկրներում: Միաժամանակ նա հարկահավաքման անմխիթար ցուցանիշը փորձեց բացատրել մի քանի ոլորտների հարկային արտոնություններ ունենալու հանգամանքով: Դրանք են ոսկերչությունն ու ադամանդագործությունը, խոշոր օտարերկրյա ներդրումները, շինարարությունը:
Հերմինե Նաղդալյանը նաեւ պատրաստակամություն հայտնեց առանձին քննարկելու վերոնշյալ տվյալները: Մինչ այդ ներկայացնենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները 2001-2005 թթ. համախառն ներքին արդյունք-հարկեր (միայն հարկային եկամուտներ եւ տուրքեր) հարաբերակցության ցուցանիշների մասին: 2001 թ.-ին կազմել է 14,4 տոկոս, 2002 թ.-ինՙ 14,7 տոկոս, 2003 թ.-ինՙ 14 տոկոս, 2004 թ.-ինՙ 14 տոկոս, 2005 թ.-ինՙ 14,4 տոկոս: 2006 թ.-ին այդ ցուցանիշն ավելի ցածր է եղելՙ 14 տոկոս: Սրանք փաստեր են, այլ ոչ թե վերլուծություններ, որոնք առանց մեկնաբանությունների էլ արդեն իսկ բավականին խոսուն են:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ