«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2007-04-26 | #77, 2007-04-27 | #78, 2007-04-28


ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՏՈՆԻՆ

Ֆրանսիայում ավանդական համարվող «Բանաստեղծների տոնին» այս տարվա մարտին մասնակից են դարձրել նաեւ հայերին: Ֆրանսիական կողմից հրավիրված են եղել Հայաստանից երկու բանաստեղծ, ընտրվել են Հովհաննես Գրիգորյանը եւ Տիգրան Պասկեւիչյանը:

Փարիզի «Յառաջ» օրաթերթի խմբագիր Արփի Թոթոյանը անդրադառնալով այս հանդիպմանըՙ գրում է, որ «ո՛չ սփիւռքեան հատուածին վրայ գիծ մը քաշած ու միայն իրենց ուղղուած հրաւէրը, հաւանօրէն հեռուի սուրբին զօրութեան հաւատքով, ո՛չ ալ իրենց ծանուցումը որպէս «հայրենաբնակ բանաստեղծներու», չէր կրցած արթնցնել ակնկալուած հետաքրքրությունը»: Արդեն Հայաստանի տարվա «խճողված» հայտագիրն էլ թերեւս հոգնեցրել է մարդկանց. կազմակերպվածության պակասն էլ ավելանալով դրան` լսարանի գոյությունը ավելի էր փոքրացրել, եւ զրույցը լսարանի ու հյուրերի միջեւ հետաքրքրական բնույթ չի կրել: Մեր բանաստեղծները մնացել են գրեթե իրենք իրենց հետ ու հոդվածն էլ խորագրված է «Բանաստեղծներու մեր ամայի գարունը»: Միայն հայերից բաղկացած լսարանի համար չպատճառաբանված ընթերցվել են նաեւ ֆրանսերեն թարգմանություններ: Ապա Հովհ. Գրիգորյանն իր տպավորությունները հայտնելուց եւ սփյուռքի հանդեպ երախտագիտության մի քանի խոսքեր ասելուց հետո կարդացել է իր բանաստեղծություններից, նմանապես եւ Տիգրան Պասկեւիչյանը: Հ. Գրիգորյանը խոսակցություն է բացել անցյալից, հիշել 60-70-ականների նորարարական շարժման ընթացքը, որ մեզանում գեղագիտական այլախոհություն էր համարվում, խորհրդային գրաքննության ու գաղափարական պարտադրանքների հրատարակչական արգելքները, իր եւ իր սերնդակից բանաստեղծների (Հ. Էդոյան, Ա. Հարությունյան, Ս. Չիլոյան) ստեղծագործական դժվարություններին անդրադառնալով, դրանք առնչել է այսօրվա գրական կյանքին, նկատելով, որ ժամանակակից նորարարությունները եթե չեն հալածվում, ապա դրանց հեղինակներին գրական աշխարհի պաշտոնական շրջանակների կողմից անտեսում են (հետաքրքրական է, ո՞ր նորարարությունն է նկատի ունեցել Հովհ. Գրիգորյանը` «Գրեթերթի» թե՞ «Ինքնագրի» եւ գեղագիտական ի՞նչ չափանիշներով է ներկայացրել, հիմնավորել կամ արժեւորել դրանք):

Հանդիպման տպավորությունը մեկ արտահայտությամբ բնորոշել է հոդվածագիրը` «Յաջորդ վիճարկում- երեկոյթի մը նիւթ կրնայ ըլլալ հետեւեալը. «Արեւոտ կիրակի յետմիջօրէի մը անտա՞ռ երթալ, թէ՞ հայրենաբնակ բանաստեղծներու հետ հանդիպումի»...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4