Երեկ երեք հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրը: Կենտրոնական հանդիպումը «Փյունիկի» եւ «Միկայի» մրցավեճն էր: Առաջին խաղակեսում, հատկապես խաղասկզբում ավելի ակտիվ էին «Միկայի» ֆուտբոլիստները, որոնք մի քանի անգամ կարող էին գրավել մրցակցի դարպասը: Սակայն միկացիները նպաստավոր դիրքերից վրիպեցին: Ընդմիջումից հետո էլ երկու թիմերն ունեցան դարպասը գրավելու հարմար առիթներ: Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» զգալիորեն ակտիվացրեց հարձակողական գործողությունները եւ, ի վերջո, կորզեց հաղթանակը: Ավելացված ժամանակի առաջին րոպեին Լեւոն Փաչաջյանը աջ թեւից ներխուժելով տուգանային հրապարակ, գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:
Առաջնության առաջատարներից մեկըՙ Կապանի «Գանձասարը» հյուրընկալվել էր «Կիլիկիային»: Թեեւ դաշտի տերերը խաղն անցկացրին 10 հոգով, սակայն «Գանձասարին» այդպես էլ չհաջողվեց իրացնել թվային առավելությունը: Դարպասները մնացին անառիկ: Գյումրիում «Արարատը» 1-0 հաշվով հաղթեց տեղի «Շիրակին»: Արարատցիներից միակ գոլի հեղինակ դարձավ բրազիլացի Մարկոսըՙ առաջին խաղակեսում հստակ իրացնելով 11 մ հարվածը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 3 | 3 | 0 | 0 | 8-1 | 9 |
2. Գանձասար | 3 | 2 | 1 | 0 | 3-0 | 7 |
3 Արարատ | 3 | 2 | 0 | 1 | 6-1 | 6 |
4. Միկա | 3 | 2 | 0 | 1 | 5-3 | 6 |
5. Բանանց | 3 | 1 | 1 | 1 | 3-2 | 4 |
6. Շիրակ | 3 | 0 | 1 | 2 | 1-4 | 1 |
7. Կիլիկիա | 3 | 0 | 1 | 2 | 1-7 | 1 |
8. Ուլիս | 3 | 0 | 0 | 3 | 0-9 | 0 |
Ռմբարկուները
Մարկոս | «Արարատ» | 4 |
Կլեբեր | «Միկա» | 3 |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» | 3 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ