Ամո՛թ վայքեցիներին: Որովհետեւ նրանք թույլ տվեցին, որ 2007 թ. ապրիլի 30-ին մոտ 30 երեխա 700 ընտրողների անվրդով ու անթարթ հայացքի ներքո թրջվելով եւ դողալով պարեն: Այն դեպքում, երբ ՀՀԿ խորհրդի անդամ եւ վարչապետ Սերժ Սարգսյանն իր շքախմբով դեռ չէր էլ ժամանել նախընտրական քարոզարշավի համար ընտրված քաղաքային հրապարակ: Քամով եւ հորդառատ անձրեւով փչացած եղանակն, անշուշտ, վտանգավոր էր բարակ, բեմական հագուստով 6-9 տարեկան մանուկների համար, սակայն, մեր իսկ ապշանքին հակառակ, ոչ մի ծնող չհամարձակվեց դուրս գալ իր անձրեւանոցի տակից եւ ծածկի տակ քաշել սեփական երեխայի վտիտ մարմինը: Երեխաները պարեցին մինչեւ վերջ: Միայն նրանց երեք ելույթներից ահագին ժամանակ անց, երբ անձրեւն արդեն դադարել էր, վարչապետը եկավ-հասավ վայքեցիների հետ հանդիպմանը ու թերեւս այդպես էլ չիմացավ, թե ինչ քարոզչական ջանք էին թափել մոտ 30 երեխաները, որ պարել էին անձրեւի տակ, ինչ է թե` ընտրազանգվածը չցրվի: Ընդհանրապես, Վայքն իրար հաջորդող անձրեւով, քամով, կարկուտով եւ արեւով դիմավորեց վարչապետին: Իսկ ճանապարհեց ուժգնացած կարկտախառն անձրեւի տարափով:
Վարչապետի նախընտրական քարոզարշավը Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում ընդգրկեց 11 հանդիսավոր հանդիպումներ, համեմված համերգային ծրագրերով, վարչապետի միայն իրատեսական խոստումներով եւ հորդորով. «Տվեք ձեր վստահության քվեն եւ դրա դիմաց պահանջեք աշխատանք, այլապես ոչինչ չի ստացվի»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Սյունիք-Երեւան
Հ. Գ.- 9-ամյա Աննան ապրում է Վայոց ձորի Սարալանջ գյուղում իր 5 եղբայրների ու քրոջ հետ: Նրանց տունը ճանապարհին է, դպրոց են գնում մի քանի կիլոմետր հեռու գտնվող կողքի գյուղըՙ Սարավան: Դասից գալիս, երեխաները միշտ ծաղիկ են հավաքում, բայց ոչ թե մայրիկի կամ գյուղ եկած պատգամավորության թեկնածուներին նվիրելու, այլ վաճառելու համար: Աննան ինձ համոզում էր, որ ինքը ծաղիկների փողով կոնֆետ է գնում, բայց նրա ցրտից ու քամուց ճաքած թուշիկներն ու թաթիկները, թախծոտ աչքերն այլ հոգսերի մասին են պատմում: Աննան ծաղկեփունջը վաճառում է 300 դրամով, օրական ծախելով 9 ծաղկեփունջ: Վարորդները դրա համար նրան վճարում են... 3000 դրամ: Այսպես է հաշվում Աննան (երեւի նրան խղճում են): Աննային ճանաչողները պատմում են, թե որքան դժվար է ապրում նրանց ընտանիքը, չնայած, որ ծնողներն աշխատում են:
Ոչ ոք չգիտիՙ 7 երեխայի հոգսի տակ կքած Աննայի սարալանջեցի ծնողներն ու ծեր տատը կգնա՞ն ընտրություններին մասնակցելու, թե՞ ոչ: Մանավանդ որ նրանց գյուղում քարոզարշավ, կարծես, չի իրականացվել: