Ապրիլի 28-29-ը Վուպերթալում անցկացվեցին վեգներյան միջազգային օրեր: Արմին Վեգներին նվիրված միջոցառումների շաբաթ օրվա ծրագիրը իրականացվել է քաղաքային կենտրոնական գրադարանում, կիրակի օրվանըՙ Վուպերթալի հին սինագոգում: Ներկա էին գրողի որդինՙ Հռոմում բնակվող Միշա Վեգները, Վուպերթալի քաղաքապետ Ուրսուլա Շուլցը, Արմին Թ. Վեգներ ընկերակցության նախագահ Թոմաս Ֆլյուգգեն: Ծրագիրը հագեցած էր գրական, երաժշտական բազմաթիվ համարներով: Ի թիվս դրանց Հայկ Դավիթյան-Շթոլցը ներկայացրեց իր «Հայկական ստվերներ» ցուցահանդեսը, գերմանացի, հայ, թուրք, հրեա, արաբ երաժիշտներ հանդես եկան երաժշտական համատեղ մի նախագծում, քյոլնաբնակ թուրքալեզու գրող Դողան Աքհանլին առաջին անգամ հատվածներ ընթերցեց Գերմանիայում 2007-ին լույս ընծայված իր «Ահեղ դատաստանի դատավորը» գրքից, որն առնչվում է Հայոց ցեղասպանությանը, նաեւ հանդես եկավ դասախոսությամբՙ «Իմ պատմությունը մեր պատմությունն է. Հակասեմականությունը Թուրքիայում եւ Գերմանիայում» վերնագրով: Գրող Յոզեֆ Հաֆերքամփը կարդաց իր բանաստեղծություններըՙ նվիրված աքսորված գրողներինՙ այդ թվումՙ Արմին Վեգներին, գրականագետ դոկ. պրոֆ. Անդրեաս Մայերը դասախոսեց Վեգների «անավարտ» արձակի մասինՙ «Վեգների աքսորը գրականության մեջ» եւ այլն:
ԱՆ. Հ., Գերմանիա