Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում բազմաթիվ ((շուրջ 500)) միջոցառումների մեջ հայկական ֆիլմերի ցուցադրությունը եւս որոշակի հետաքրքրություններ է առաջացրել: Ստրասբուրգի «Օդիսե» կինոթատրոնի «Հայաստանը կինոյում» երկշաբաթյա փառատոնին ապրիլի կեսերից ցուցադրվեցին «Արարատ», «Մայրիկ», «Լռության սիմֆոնիա», «Մեր մանկության տանգոն» եւ այլ ֆիլմեր:
Հայ կինոյի մեծագույն վարպետի ու բացառիկ գեղագետիՙ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը ցուցադրվեց Լուվրի լսարանում: Փարաջանովի արվեստը դեռեւս խորհրդային տարիներից մեծ հետաքրքրություն էր առաջացրել դրսում, նրա ստեղծագործության գեղագիտական մտածողությունը ստեղծել էր երկրպագուների պատկառելի բանակ, որոնք իր կյանքի ամենադժվարինՙ բռնադատության տարիներին սատարել են արվեստագետին: Պոպինեըի «Մաժիք» կինոսրահում կազմակերպված հանդիպմանը հետաքրքրական քննարկումներ են ծավալել, որի առիթը նախապես ցուցադրված Պատրիկ Գազալսի «Ապստամբը» վավերագրական ֆիլմն է եղելՙ նվիրված Սերգեյ Փարաջանովին: Ֆիլմը նկարահանվել է 1996 թ. եւ անդրադարձ է արվեստագետի մասին ժամանակակիցների կարծիքներին: Այս մասին տեղեկացնում է Փարիզի «Յառաջ» օրաթերթը: Փարաջանովի նախընտրած ու գնահատած դերասանուհինՙ Սոֆիկո Ճիաուրելին, նրա հետ սկսել է աշխատել «Նռան գույնը» ֆիլմում: Ստեղծագործական ներդաշն համագործակցությունը շարունակվել է մինչեւ վերջինՙ «Աշուղ Ղարիբ» ֆիլմը: Ճիաուրելին Փարաջանովին համարում է գեղեցիկի արարչագործ, իրերն ու երեւույթները բացառիկ գեղարվեստորեն արտահայտող հրաշագործ տաղանդ:
Ուշագրավ է Վրաստանի այդ ժամանակների նախագահ Էդ. Շեւարդնաձեի վերաբերմունքն ու մոտեցումը Փարաջանովի արվեստին: Նրա շնորհիվ է Փարաջանովը բանտային կայնքից հետո կրկին վերադարձել իր ստեղծագործական կյանքինՙ «Վրացֆիլմ» կինոստուդիայում: Շեւարդնաձեն ցավով է արտահայտվում վրացական իշխանությունների անտարբերության մասին եւ ափսոսանք հայտնում, որ Փարաջանովի թանգարանը բացվեց Երեւանում, եւ ոչ Թբիլիսիում: «Այն, ինչ գնաց Երեւան, վրացական էր...», ասում է նա եւ փափագում Թբիլիսում տեսնել Փարաջանովի թանգարանը:
Ֆիլմի ցուցադրությունից հետո «Կլոր սեղանի» մասնակիցներից Գարեգին Զաքոյանը, որ երկար տարիներ համագործակցել է Փարաջանովի հետ, իր խմբագրությամբ հրատարակության է պատրաստել եւ տպագրել Փարաջանովի «Նամակներ բանտից» գիրքը: Նա հստակ եւ բաց տեքստով հիմնավորապես հերքել է Փարաջանովիՙ հայկական պատկանելության ժխտումները: Անդրադարձել է Համո Բեկնազարյանի եւ Սայաթ-Նովայի ստեղծագործական կյանքինՙ զուգահեռելով Փարաջանովի հետ: Հ. Բեկնազարյանը եղել է «Վրացֆիլմի» հիմնադիրն ու «Վրացֆիլմ» կինոստուդիայի առաջին տնօրենը եւ ֆիլմեր է նկարել վրացիների, քրդերի, եզդիների, չեչենների, պարսիկների, ուզբեկների մասին, սակայն մնում է հայ կինոարվեստի հիմնադիրն ու դասականը: Իսկ Սայաթ-Նովան ստեղծագործել է վրացերեն ու ադրբեջաներեն, սակայն չկա մի վրացի ու ադրբեջանցի բանաստեղծ, որ հայերենով է գրել:
Նա գնահատանքի խոսք է հղել բեմադրիչ թատերագետ Արբի Հովհաննիսյանինՙ արտերկրի հանդիսականին Փարաջանովի կինոարվեստն առաջինը ներկայացնելու համար: Դա Թեհրանի միջազգային կինոփառատոնում էր:
Փարաջանովի անձնական ու ստեղծագործական դրամայի մասին է եղել բեմադրիչի զարմիկ Գեորգի Փարաջանովի ելույթը:
Մ. Բ.