«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2007-04-28 | #79, 2007-05-01 | #80, 2007-05-02


ԱՆԱՍՏԱՍՅԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ԶԻՋԵՑ ԿԵՍ ՄԻԱՎՈՐՈՎ

Դուբայում ավարտվեց շախմատի շեյխի գավաթի հերթական խաղարկությունը, որի 125 մասնակիցների թվում էին նաեւ հայաստանցի 5 շախմատիստներ: Ավարտական տուրում նրանցից երկուսըՙ Տիգրան Պետրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը մրցեցին միմյանց հետ: Հաջողությունն ուղեկցեց Պետրոսյանին, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ գրավեց 14-րդ տեղը: Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքի հասավ Աշոտ Անաստասյանը, որն ավարտական տուրում ոչ-ոքի խաղաց Սուսանտո Մեգարանտոյի հետ: Անաստասյանը 6,5 միավորով գրավեց 8-րդ տեղըՙ ընդամենը կես միավորով զիջելով առաջատարներին: Ոչ-ոքի ավարտ ունեցավ նաեւ Արտաշես Մինասյանի պարտիան Գոպալի հետ: Արտաշեսը 6 միավորով լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 22-րդ տեղը:

Հրանտ Մելքումյանը հաղթելով Շիրին Նավաբին, 5 միավորով տեղ զբաղեցրեց 48-րդ հորիզոնականում: Տիգրան Քոթանջյանը 5,5 միավորով 26-րդն էր: Ընդհանուր առմամբ մեր շախմատիստները Դուբայում վատ հանդես չեկան:

Չորս շախմատիստներՙ վրացի Լեւան Պանցուլայան, ադրբեջանցիներ Գադիր Հուսեյնովը եւ Սարհան Ղուլիեւը, իրանցի Ամիր Բագհերին ցույց տվեցին միեւնույն արդյունքըՙ վաստակելով 7-ական միավոր: Ավարտական տուրում Պանցուլայան ու Հուսեյնովը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Սադվակասովի եւ Մչեդլիշվիլու հետ, իսկ Ղուլիեւն ու Բագհերին հաղթանակներ տոնեցին Կոտսուրի եւ Ստուրուայի նկատմամբ: Լրացուցիչ գործակիցներով գլխավոր մրցանակին արժանացավ Լեւան Պանցուլայան: Հաջորդ տեղերը զբաղեցրին Հուսեյնովը, Բագհերին եւ Ղուլիեւը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4