«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2007-05-01 | #80, 2007-05-02 | #81, 2007-05-03


ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս, որը թերեւս նրա վերջին ասուլիսն էր այդ կարգավիճակում:

Պատասխանելով լրագրողների հարցադրմանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակվելու հավանականության մասինՙ Սեյրան Օհանյանը հաստատեց, որ նման հրավեր ինքն իրոք ստացել է: Համաշխարհային փորձի տեսանկյունիցՙ միանգամայն նորմալ երեւույթ է, երբ բարձրաստիճան սպան հրավիրվում է մեկ այլ երկրի զինված ուժերում ծառայելու, իսկ ստույգ պարագայում ինքը համաձայնել է գնալ այդ պաշտոնին իբրեւ զինվոր, որը պատրաստակամ է ծառայելու հայրենիքին, նշեց գեներալը:

Իսկ թե ով կփոխարինի նրան պաշտպանության նախարարի եւ ՊԲ հրամանատարի պաշտոնումՙ Սեյրան Օհանյանն ասաց, որ հարցը դեռեւս լուծման փուլում է: Նոր նախարարի նշանակման հարցը կլուծվի միայն հանրապետության նախագահի հետ, որը գերագույն գլխավոր հրամանատարն է, քննարկումներ անցկացնելուց հետո:

Նախարարը տեղեկացրեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման 15-ամյակի կապակցությամբ մայիսի 9-ին Ստեփանակերտում զորահանդես է կազմակերպվելու, որին մասնակցելու են ՊԲ բոլոր զորամիավորումները: Ի տարբերություն նախորդ զորահանդեսների, որոնք անցկացվել են 1995 եւ 1997 թվականներին, այս մեկն առանձնանալու է իր ծավալներով, իսկ հիմնական նորությունը լինելու է երեկոյան անվանականչը, ինչն առաջին անգամ է անցկացվելու Արցախում:

Չբացառելով Ադրբեջանի կողմից զորահանդեսը խոչընդոտելու հնարավոր փորձերը, լրագրողները հարց ուղղեցին նախարարինՙ ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում անվտանգության ապահովման ուղղությամբ: Սեյրան Օհանյանն այս առնչությամբ նշեց, որ եթե հարկ լինիՙ գործողության մեջ է դրվելու պահեստային ռեսուրսը, իսկ ծայրահեղ դեպքումՙ զորահանդեսին մասնակցող զորախմբերն էլ են ներգրավվելու հակազդման գործողություններում:

Վերջին օրերին ադրբեջանական օդուժի կողմից ԼՂՀ օդային սահմանները խախտելու վերաբերյալ տրված հարցին ի պատասխանՙ Ս. Օհանյանն ասաց, որ առայժմ նման խախտումներ չեն արձանագրվել: Եղել են միայն հետախուզական բնույթի թռիչքներ, երբ ադրբեջանական ռազմական ինքնաթիռները 25-30 կիլոմետր մոտեցել են սահմանագծին: Իսկ եթե իսկապես սահմանախախտման փորձ արվի, ապա ԼՂՀ հակաօդային պաշտպանության ուժերն ունեն անհրաժեշտ զինական միջոցներըՙ կասեցնելու դրանք:

Լրագրողներին հետաքրքրում էր իրավիճակը շփման գծում: Նշելով, որ փոխհրաձգություններ առաջնագծում պարբերաբար լինում են, որպես կանոն հրահրվելով հակառակորդի կողմից, նախարարը հավաստիացրեց, որ առաջնային գծում ԼՂՀ ՊԲ ուժերը միշտ էլ պարտադրողի դերում են: Ցավոք, մեր կողմից լինում են նաեւ կորուստներ, որի մի դրսեւորումը վերջերս երկու հայ սպաների սպանությունն էր դիրքերում, ավելացրեց նա:

Սեյրան Օհանյանը վերջում լրագրողներին նվիրեց իր հեղինակած «XXI դարի բանակը» գրքից մեկական օրինակ, բոլորին հրավիրելով մայիսի 7-ին Ստեփանակերտի կայազորային սպայի տանը կայանալիք գրքի շնորհանդեսին: Նա շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցների ներկայացուցիչներինՙ իր պաշտոնավարման տարիներին արդյունավետ կերպով համագործակցելու համար, հույս հայտնելով, որ այդ ավանդույթը կշարունակվի նաեւ ռազմական գերատեսչության նոր ղեկավարի օրոք:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4