«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2007-05-01 | #80, 2007-05-02 | #81, 2007-05-03


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳՈՒՄ Է ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Մեր երկրի կառավարությունը մտածում է հայաստանաբնակներիս տաք ձմեռվա մասին եւ համաշխարհային բանկի միջոցով փորձում է ապահովել ջեռուցման խնայողական ու ժամանակակից տեխնոլոգիաներ: Այդ նպատակով արդեն իսկ ՀԲ-ից ստացել է 15 մլն դոլար եւ պարտավորվում է առաջիկա երկու տարիներին ապահովել շուրջ 50 հազար ընտանիքի ջեռուցում տրամադրելու հնարավորությունը եւ դա ոչ միայն Երեւանում` մարզերին էլ բաժին է նախատեսված: Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում 17 հազար անապահով ընտանիք անվճար կամ զգալի զեղչերով կկարողանա մինչեւ տարեվերջ ջեռուցում ու տաք ջրամատակարարում ունենալ: Նույն այդ խնդիրները նույն ժամանակահատվածում լուծված պետք է լինեն մայրաքաղաքի Դավիթաշեն եւ Ավան թաղամասերում: Ծրագրում ներառված է նաեւ մարզերի 100 դպրոցների ջեռուցման խնդիրը: Դպրոցներից 45-ում ջեռուցում կա, մնացած 55-ում էլ կլինի մինչեւ 2008 թվականների վերջ: Ամեն դեպքում ջեռուցման տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես վստահեցնում են ՀՀ կառավարությունն ու ՀԲ-ը, կապահովի էկոլոգիապես եւ տնտեսապես շահավետ խնայողություն, իսկ ծրագրի իրականացմանը զուգընթաց ամբողջությամբ կատարելագործվում են օրենսդրական դաշտը, սպառող, մատակարար, տեղական կառավարման մարմիններ իրավական հարաբերությունները: Քաղաքային ջեռուցման ծրագիրն իրականացնում է արդեն երկու տարիՙ 2005 թվականից գործող Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը, որի կառավարման բարձրագույն մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է: Այն նախագահում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Ներկայացված ծրագիրը երեկ կառավարության նիստերի դահլիճում բացված ջեռուցման տեխնոլոգիաների երկրորդ մասնագիտական ցուցահանդեսում ակնառու դարձավ, գոնե տեխնիկական միջոցների ցուցադրմամբ: Ներկայացված են ոլորտի տասնյակից ավելի ընկերություններՙ նպատակն է իրազեկել մարդկանց թե ջեռուցման ինչ տեխնոլոգիաներ կան եւ ինչ կազմակերպություններ, որոնք միջոցներ կտրամադրեն այդ տեխնոլոգիաներն հասու դարձնելու համար:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4