Եբրայական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունի թարգմանությամբ անգլերենով Օքսֆորդի համալսարանի հեղինակավոր հրատարակությունը լույս է ընծայել XV դարի հայ աստվածաբան, տաղերգու Առաքել Սյունեցու «Ադամագիրք» եռապոեմը: Գրքի առաջաբանը հեղինակել է Մայքլ Սթոունը, որ կրոնագիտության պրոֆեսոր է եւ երկար տարիներ Երուսաղեմի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչն է: Նա AIEA հայագիտական միջազգային կազմակերպության հիմնադիրն ու պատվավոր նախագահն է նաեւ: Գիտնականի եբրայագիտական ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են «Երկրորդ տաճարի» ժամանակաշրջանինՙ ներառյալ Մեռյալ ծովի փաթույթները, իսկ հայագիտական աշխատություններըՙ Սուրբ երկրի հայերեն արձանագրություններին, հայկական հնագրությանն ու վիմագրությանը, հայերեն Աստվածաշնչին ու պարականոն գրականությանը:
Սթոունը «Ադամագիրք» էպիկական պոեմը դիտարկում է ժամանակի հոգեւոր ու մշակութային միջավայրում: Առաքել Սյունեցին Տաթեւի համալսարանի վանական էր, աշակերտել է Հովհան Որոտնեցուն եւ Գրիգոր Տաթեւացու քրոջ որդին է7 ու հավատքի ու իմացաբանական հարցերում հետեւել է նրան: Գրել է «Մեկնութիւն քերականին» ուսումնական ձեռնարկը, արձագանքել է իր ժամանակի պատմական իրողություններին, երբ Հայաստանը օտար տիրապետության տակ էր եւ Կիլիկյան հայկական թագավորությունը դադարել էր գոյություն ունենալ: Սյունեցին իր գործը կառուցել է գեղարվեստական սկզբունքովՙ աստվածաբանական ավանդույթը հարստացնելով կենդանի պատկերներով ու քնարաշունչ լեզվական մթնոլորտ ստեղծել:
Մարդարարման աստվածաշնչյան պատմությունը, Երուսաղեմ, դրախտային պերճանք ու սատանայական խարդավանքներ, առաջին իսկ գայթակղության դեմ ընկրկած ու մեղանչած մարդն իր հոգեկան տառապանքներով, մարդու տվայտանքն առ կորուսյալ դրախտ. ահա միջնադարի հայ քերթողի ստեղծագործության թեմանՙ բովանդակային ու պատկերային հարստությամբ:
Միջնադարյան հայ մշակույթի ուշագրավ այս նմուշի անգլերեն թարգմանությունը կատարվել է բնագրային տեքստի հարազատությամբ, պահպանվել են երկի գեղարվեստական արժանիքներն ու միջնադարյան հայ քերթողական արվեստին բնորոշ ավանդույթները:
Մ. Բ.