Դժվար էր պատկերացնել նշանավոր կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի 80-ամյակին նվիրված մոսկովյան երեկոն առանց... Արմեն Ջիգարխանյանի: Բայց նա չկար: Մինչդեռ Դովլաթյանի ֆիլմերից ցույց տրված շատ դրվագներում նա առաջին պլանում էր:
Ինձ հայտնի չեն Ջիգարխանյանի բացակայության պատճառները: Գուցե դրանք հարգի են, ամեն ինչ հնարավոր է: Եվ ինչ ստացվեց արդյունքում. հավաքվեցին մոսկվացի հայերը կինոյի տանը, լսեցին Դովլաթյանի հայաստանցի գործընկերների ջերմ խոսքերը, որոնք գովեցին անվանի կինոգործչին, մի քիչ էլ իրենց, ու դրանով ամեն ինչ ավարտվեց: Հաճելի «հավատարմություն» կազմեց միայն հանրահայտ դերասանուհի Մարգարիտա Տերեխովան, որը ներկաներին ողջունելով հայերեն «Բարեւ, այդ ես եմ», ի սրտե խոստովանեց, որ իրեն ու Ջիգարխանյանին մեծ կինոաշխարհ է հանել հենց Դովլաթյանը: Ցուցադրվեց նաեւ արվեստագետին նվիրված մարդկային, խոհական վավերագրական ֆիլմ, որը ներկայացրեց նրա որդինՙ Միքայել Դովլաթյանը:
Տարօրինակն այն է, որ միջոցառումը կազմակերպել էին պատկառելի անունով կազմակերպություններՙ Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության գործերի նախարարությունը, Հայաստանի դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը եւ Արամ Խաչատրյանի անվան հիմնադրամը: Ֆրունզե Դովլաթյանը առնվազն խորհրդային մասշտաբի կինոռեժիսոր էր եւ նրա հիշատակին նվիրված երեկոն պիտի աչքի ընկներ իր ներկայացվածությամբ: Մինչդեռ ամեն ինչ ստացվեց հայավարի:
Երբ պիտի հայերս սովորենք գոնե օտար հողում արժանվույն ներկայացնելու մեր մեծերին:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Հ. Գ. Ես ծանոթ էի Դովլաթյանի հետ: Մի անգամ հանդիպեցինք Մոսկվայում եւ մտանք «Մինսկ» հյուրանոց, որտեղ նա նախապես համար էր տեղապահել: Սակայն ադմինիստրատորը չգտավ հայտը եւ հրաժարվեց ընդունել «անկոչ» հյուրին: Դովլաթյանը վրդովված նրան ցույց տվեց ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամի գրքույկը եւ նմանատիպ այլ փաստաթղթեր, սակայն ադմինիստրատորը անվրդով էր (մեր սերունդը լավ է հիշում սպասարկման ոլորտի խորհրդային անկրկնելի «չոբանությունը»): Հենց այդ պահին հյուրանոցի նախասրահ մտավ Արմեն Ջիգարխանյանը, որը եկել էր հանդիպելու իր վաղեմի բարեկամի հետ: Ջերմ ողջագուրանքներն ու բարձրաձայն հայերեն «հալ» հարցնելը փափկացրին նույնիսկ լեզուն չհասկացող ադմինիստրատորի «քար» սիրտը: Եվ կանացի աչքը չկտրելով Ջիգարխանյանիցՙ նա հյուրանոցային թերթիկի վրա իրեն ապահովագրելու նպատակով այդպես էլ նշմարում արեցՙ Արմեն Ջիգարխանյանի խնդրանքով: Թե չէ նույնիսկ Դովլաթյանի նման մարդը կարող էր առժամանակ դրսում մնալ...