Վերջերս Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները փայլուն ելույթներ ունեցանՙ ընդհանուր առմամբ նվաճելով 18 մեդալ (10 ոսկե, 6 արծաթե, 2 բրոնզե): Մելինե Դալուզյանը, Հռիփսիմե Խուրշուդյանն ու Գեւորգ Դավթյանը հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ, Նազիկ Ավդալյանը, Տիգրան Մարտիրոսյանն ու Արա Խաչատրյանն արժանացան արծաթե մեդալների: Նրանք հավաքականի մարզիչներ Աշոտ Մխիթարյանի, Արտաշես Ներսիսյանի, ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի եւ գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ երեկ հյուրընկալվել էին «Տեսակետ» մամուլի ակումբում: Իսկ մինչ այդ Հայաստանի հավաքականին ընդունել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանըՙ բարձր գնահատելով հայ ծանրորդների նվաճումները:
Անդրադառնալով Ստրասբուրգում հայ ծանրորդների մրցելույթներին, Սամվել Խաչատրյանը հաջողության գրավականը համարեց համախմբվածությունն ու մեծ ծավալի աշխատանքը: Ըստ նախագահի, ծանրորդները տարեսկզբից բավական լրջորեն էին նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանըՙ պարապմունքներին զուգահեռ անցկացնելով նաեւ ուսումնամարզական հավաքներ: Մեր ծանրորդների փառահեղ հաղթանակների սկիզբը դրեց Մելինե Դալուզյանըՙ հաղթելով Եվրոպայի եւ աշխարհի երիտասարդական ռեկորդներով: Հետո հաղթարշավը շարունակեցին Նազիկն ու Հռիփսիմեն: Տիգրան Մարտիրոսյանը պոկում վարժությունում Եվրոպայի երիտասարդական ռեկորդ սահմանեց: Սամվել Խաչատրյանը նշեց, որ թեթեւ վնասվածքը խանգարեց Տիգրանին ավելի բարձր արդյունքի հասնելու եւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Նա հատկապես նշեց Գեւորգ Դավթյանին եւ Արա Խաչատրյանին, որոնք կարողացան օլիմպիական չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն թուրք ծանրորդին ոսկե մեդալի համար մղվող պայքարում հաղթել եւ զբաղեցնել պատվո պատվանդանի առաջին երկու աստիճաններըՙ մարզադահլիճում հնչեցնելով Հայաստանի օրհներգն ու բարձրացնելով հայկական եռագույնը: Ֆեդերացիայի նախագահն իր շնորհակալությունը հայտնեց հավաքականի մարզչական կազմին, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, որը սարի պես կանգնած է իրենց թիկունքին եւ հոգում է բոլոր ֆինանսական հարցերը: Հենց վերջինիս շնորհիվ էլ այսօր ծանրամարտի ֆեդերացիան ֆինանսական ոչ մի խնդիր չունի եւ հնարավորություն կա լիարժեք մարզումներ անցկացնել, ուսումնամարզական հավաքներ կազմակերպել: Այնպես որ, ոչ մի վտանգ չկա, թե մեր ծանրորդները կարող են գայթակղվել ու մեկնել արտերկիր: Ըստ Սամվել Խաչատրյանի, ծանրորդները բավական լավ են վարձատրվում, շուտով կավելացվեն նրանց թոշակները: Դե իսկ հաջող մրցելույթներից հետո էլ ՀԱՕԿ-ի նախագահի կողմից նրանք մշտապես թանկարժեք նվերների են արժանանում:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը նշեց, որ ծանրամարտը բարդ մարզաձեւ է, մեծ ծավալի քրտնաջան աշխատանք է պահանջում ծանրորդներից: Նա տեղեկացրեց, որ մարզումների ժամանակ մեր ծանրորդները բարձրացրել էին ծանր ծանրաձողերը եւ անհրաժեշտ էր մրցումների ժամանակ հոգեբանորեն պատրաստ լինել մրցավեճին ու տեղի չտալ: Բարեբախտաբար, հայ մարզիկներն իրենց հիանալի դրսեւորեցին: Այժմ մեր ծանրորդները պետք է նախապատրաստվեն Թաիլանդում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որում խաղարկվելու են Պեկինի օլիմպիադայի ուղեգրեր: Մարզիչը նշեց, որ Եվրոպայի առաջնությունում ձեռք բերած հաջողությունը պարտավորեցնող է, ուստի հարկավոր է ձգտել հաջող հանդես գալ աշխարհի առաջնությունում, որպեսզի ավելի շատ օլիմպիական ուղեգրեր նվաճեն: Իսկ դրանց քանակը կորոշվի թիմային հաշվարկում հավաքականի գրաված տեղով: Այնպես որ, մեր հավաքականը պետք է մրցումներին մասնակցի լրիվ կազմով: Խոսք գնաց ծանր եւ գերծանր քաշերում մարզիկներ ունենալու մասին: Աշոտ Մխիթարյանը նշեց, որ կան խոստումնալից երիտասարդներ, որոնք պատանեկան մրցահարթակում իրենց վատ չեն դրսեւորել: Համապատասխան աշխատանքի դեպքում նրանք կարող են ընդգրկվել մեծահասակների հավաքականում:
Արտաշես Ներսիսյանն էլ անդրադարձավ մեր մարզուհիների ելույթներին, նշելով, որ կանանց ծանրամարտը Հայաստանում համեմատաբար վերջերս է արմատավորվել: Հետաքրքրական է, որ Նազիկ Ավդալյանը նախկինում ակրոբատիկայով է զբաղվել, ընդամենը 2,5 տարի է պարապում ծանրամարտով: Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի նախորդ առաջնությունում դարձել էր արծաթե մրցանակակիր, իսկ Մելինե Դալուզյանը մրցանակակիր էր դարձել աղջիկների մրցումներում: Ըստ մարզչի, կան մի խումբ խոստումնալից մարզուհիներ, որոնք կարող են տեղ զբաղեցնել հավաքականում: Աշխարհի նախորդ առաջնությունում Հայաստանը ներկայացված էր 2 մարզուհով, որոնք թիմին 125 միավոր էին պարգեւել: Այս տարի պետք է կանանց հավաքականը մասնակցի լրիվ կազմով եւ ձգտի հնարավորինս շատ միավորներ վաստակել, ինչը հնարավորություն կտա պայքարել օլիմպիական ուղեգրերի համար:
Ինչ վերաբերում է հանդիպմանը մասնակցած ծանրորդներին, ապա ի տարբերություն մրցահարթակում վստահ ելույթների, նրանք նախընտրեցին համեստորեն լռել իրենց զգացումների եւ նվաճումների մասինՙ փոխարենը խոստանալով իրենց դրսեւորել առաջիկա մրցումներում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ