«Բարգավաճ Հայաստան»-ը հյուրընկալվեց Շիրակում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քարոզարշավի շրջանակներում Շիրակի մարզ կատարած այցելության առաջին կանգառը մարզի Պեմզաշեն գյուղն էր, որտեղ էլ երեկ կանգ առան ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները` ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Կուսակցության առաջնորդն իր կուսակիցների հետ ծաղկեպսակ դրեց 1915 թ. եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուժարձանին, որից հետո լսեց գյուղի մարդկանց: «Ասեք, ի՞նչ հարցեր ունեք, ինչի՞ կարիք ունեք, ձեր ասածից մեկը կարող եմ հիմա անել, մյուսները ժամանակի ընթացքում», ասաց Գագիկ Ծառուկյանը, որին գյուղի բնակիչներն ասացին, որ իրենք ակումբներ, մշակույթի պալատներ, եկեղեցի չունեն: Հենց վաղը Գագիկ Ծառուկյանը խոստացավ գյուղի ակումբի շինարարության համար ցեմենտ եւ գումար ուղարկել: Իսկ մի հաշմանդամ էլ, որ որդու բուժման համար 77 հազար դրամ խնդրեց, տեղում ստացավ կուսակցության նախագահի կարգադրությամբ:
Շիրակի մարզի Արթիկ քաղաքի անկախության հրապարակում էլ տեղի ունեցավ կուսակցության հանդիպումը բազմահազար արթիկցիների հետ, որոնք կուսակցության ներկայացուցիչների ելույթներն ընդունեցին ոգեւորությամբ: Կուսակցության մեծամասնական թեկնածու Մուշեղ Պետոյանը նշեց, որ Արթիկում հին ձեռնարկությունները քանդվել են, նորերն էլ չեն կառուցվել, չկան աշխատատեղեր ու շատ են սոցիալ-տնտեսական խնդիրները: Մ. Պետոյանն արթիկցիներին վստահեցրեց, որ ԲՀԿ-ին հայտնի են իրենց քաղաքի բոլոր խնդիրները եւ կուսակցությունը դրանց լուծման համար ծրագրեր ունի: «Մենք կենտրոնամետ քաղաքական ուժ ենք, ձգտում ենք ազատական գաղափարների եւ կենսամակարդակի բարձրացման: Հասարակական հարաբերություններում ավանդապահ ենք եւ շատ ենք կարեւորում ընտանիքի, եկեղեցու եւ պետության ամրապնդումը», ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սաֆարյանը: ««ԲՀԿ»-ն եկել է վերադարձնելու այն արժանապատվությունն ու արդարությունը, որի կարիքը մենք այնքան ունենք», իր ելույթում ընդգծեց կուսակցության քաղխորհրդի մեկ այլ անդամ Օֆելյա Պետրոսյանը` միաժամանակ հավելելով, որ ԲՀԿ-ն առաջարկում է զարգացած գյուղատնտեսություն, որակյալ գիտություն, մանր եւ միջին բիզնեսին աջակցություն, մատչելի առողջապահություն:
Արթիկցիների հետ հանդիպումն ավարտեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ներկայացրեց կուսակցության ծրագրերը, ապա եւ հավելեց. «Մենք չենք ասում ձեր ձայնը մեզ տվեք, մենք միայն ասում ենք, որ դա մեր ցանկությունն է, որ մենք ունենք ծրագրեր եւ աշխատելու ենք ժողովրդի համար»:
Մարզի Գյումրի քաղաքում կուսակցության նախագահին ընդունեցին գյումրեցուն վայել հյուրընկալությամբ եւ ջերմությամբ: Քաղաքի մուտքին ԲՀԿ առաջնորդին դիմավորեցին գյումրվա կոլորիտին բնորոշ ձիերով ու ֆայտոնով եւ ուղեկցեցին մինչեւ հրապարակ: Գյումրվա հանդիպումն էլ ավելի ջերմացավ, երբ Գագիկ Ծառուկյանի հետ մեկտեղ բեմ բարձրացան մեր գյումրեցի ծանրամարտիկները, ովքեր ընդամենը 1 ամիս առաջ 18 մեդալ բերեցին Հայաստան:
«Մենք Ազգային ժողով ենք գալիս ոչ թե հացի խնդիր լուծելու, այլ ժողովրդի համար աշխատելու: Մենք մեր ընտրապայքարն սկսեցինք մեր համեստ թիմով, բայց այն ավարտում ենք ժողովրդի այսպիսի բազմահոծ տեսարանով», ասաց սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: ԲՀԿ-ին ներկայացրին նաեւ դերասան, ԲՀԿ անդամ գյումրեցի Գուժ Մանուկյանը, մանկավարժական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, ԲՀԿ անդամ, գյումրեցի Արեւիկ Պետրոսյանը: «Ես չինովնիկ չեմ եղել եւ չեմ էլ լինելու: Մենք աշխատելու ենք ժողովրդի հույսն ու հավատն արդարացնել: Ձեր հասանելիքը ձեզ պիտի հասնի, պիտի տրամադրվեն արտոնյալ վարկեր, դոտացիաներ, ավելացվեն թոշակներն ու աշխատավարձերը», իր ելույթում ասաց Գագիկ Ծառուկյանը` միաժամանակ գյումրեցիներին վստահեցնելով, որ եթե իր թիմակիցները վատ աշխատեն, անպայման կհեռացվեն: Վերջում կուսակցության նախագահը գյումրեցիներից ստացավ նկար, հուշանվեր, ինչպես նաեւ Գյումրին խորհրդանշող թառ եւ մուշուրբա (սրճեփ):
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Շիրակ-Երեւան