ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանով հայտարարել է, թե սփյուռքում բացի դաշնակցականներից, ո՛չ հնչակյանները եւ ո՛չ էլ ռամկավարները գոյություն չունեն: Այս առթիվ հայտարարություն է տարածել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մամլո դիվանը:
«Հովհաննիսյանի եւ իր գլխավորած կուսակցության այս մոտեցումը չի զարմացնում մեզ: Նրանք վաղուց վարակվել են իրենց կուսակցությունը ամենքից ու ամեն ինչից վեր դասելու հիվանդությամբ: Նրանց համար սեփական կուսակցությունն առաջ է գալիս նույնիսկ ժողովրդից ու հայրենիքից: Վկա է պատմությունը», ասված է ՍԴՀԿ հայտարարության մեջ: ՍԴՀԿ-ն նաեւ հայտարարում է, որ «Ձեր վաղեմի ընկեր դաշնակցությունը» կարգախոսով ընտրություններին ներկայացող այս կուսակցությունը մի անգամ չէ, որ խաբել է «ընկերներին», այսինքնՙ ժողովրդին ու այժմ ժողովրդին հիմարի տեղ դրած, դարձյալ փորձում է խաբել նրան: Տասը տարի լինելով իշխանության անբաժան մասնիկը, լինելով մեղսակից երկրում կատարված ամեն ինչին, նա չի ուզում ոչ մի պատասխանատվություն ստանձնել կատարվածի համար, նույնիսկ դավաճանելով կոալիցիայի իր գործընկերներին»:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ