Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության հայեցակարգով նախատեսված միջոցառումներն է երեկ հաստատել կառավարությունը: Անդրադառնալով այդ որոշմանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ 27 միջոցառումներ են նախատեսված այդ ուղղությամբ, այդ թվումՙ ժառանգության գույքագրում, ցուցակագրում, առանձնահատուկ մոտեցում ժողարհեստագործության կենտրոնների գործունեությանը եւ այլն:
Նախարարը տեղեկացրեց, որ ոչ նյութական մշակութային արժեքները ժողովրդի կողմից ստեղծված, բանավոր կերպով փոխանցվող արժեքներ են, որոնք երեք դասակարգում ունենՙ բանահյուսություն, ազգագրություն եւ ժողովրդական արվեստներ ու արհեստներ: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա Հասմիկ Պողոսյանի տեղեկացմամբ, այդ ծրագրի համար գումարներ կտրամադրվի ինչպես պետական բյուջեից, այնպես էլ դրամաշնորհային տարբեր ծրագրերից: Նախատեսվում է 2008 թ.-ին լրացուցիչ տրամադրել 30 մլն դրամ, 2009 թ.-ինՙ 52 մլն դրամ, 2010 թ.-ինՙ 60 մլն դրամ: Ինչո՞ւ լրացուցիչ, որովհետեւ, ըստ նախարարի, ներկայումս, փաստորեն, նույն նպատակով մի շարք կառույցների գումարներ հատկացվում են, պարզապես պետք է համախմբել նրանց գործունեությունը ոչ նյութական արժեքների պահպանման ուղղությամբ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ