«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2007-05-02 | #81, 2007-05-03 | #82, 2007-05-04


ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷԼ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը դեռ նոր է սկսվել, սակայն արդեն մեկնարկում մասնակից երեք թիմում գլխավոր մարզչի փոփոխություն է կատարվել: Առաջնության 2-րդ տուրից հետո պաշտոնանկ էր արվել «Ուլիսի» գլխավոր մարզիչ Արսեն Չիլինգարյանը: Օրերս նրա փոխարեն «Ուլիսի» ղեկը ստանձնել է հանրապետության փորձառու մարզիչներից մեկը` Սուրեն Բարսեղյանը, որ մինչ այդ մարզում էր «Գանձասարը»: Անկեղծ ասած, այդ քայլը մի փոքր անսպասելի էր, քանի որ Բարսեղյանի գլխավորությամբ «Գանձասարը» շատ հաջող էր մեկնարկել` տեղ զբաղեցնելով առաջատարների շարքում:

Մեր թղթակցի հետ զրույցում Սուրեն Բարսեղյանը հետեւյալ պարզաբանումը տվեց. «Տեղափոխման պատճառը նաեւ ընտանեկան հարցն է, ինչը համընկավ «Ուլիսից» ստացված հրավերի հետ: Ընդունեցի հրավերը եւ արդեն մարզում եմ թիմը: Պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի «Ուլիսի» հովանավորները չհիասթափվեն: Այսօր հայկական ֆուտբոլը պարտական է անհատ հովանավորներին: Որտեղ էլ որ աշխատել եմ, միշտ էլ խոնարհվել են նման մարդկանց առջեւ: Իմ մարզչական կարիերայում առաջին դեպքը չէ, որ կարծես շտապօգնության դեր եմ կատարել: Հավանաբար, «Ուլիսում» ինձ կօգնի Սեւադա Արզումանյանը: Կձգտենք շտկել թիմի մրցաշարային իրավիճակը»: Ինչ վերաբերում է «Գանձասարին», ապա ինչպես տեղեկացանք ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանից, առայժմ գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Աբրահամ Խաշմանյանը:

Պաշտոնանկության երրորդ դեպքը գրանցվել է «Փյունիկում»: Ինչպես տեղեկացանք ակումբից, «Արարատի» հետ ՀՀ գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից հետո հրաժարական է տվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը: Ինչպես երեւում է, ակումբի ղեկավարության կողմից պարտությունները չեն ներվում: Ճիշտ է, «Փյունիկը» չկարողացավ մտնել գավաթի եզրափակիչ, սակայն հաջող է մեկնարկել առաջնությունումՙ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ եւ միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: «Փյունիկում» գլխավոր մարզչի պարտականությունները դրվել են Վարդան Մինասյանի վրա:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4