ՀԿ-ներին խորհուրդ են տալիս փորձագետները
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ «Թիմ» ուսումնասիրությունների կենտրոնի հասարակական կազմակերպությունը լույս է ընծայել փորձագետներ Պյոտր Մաղդաշյանի եւ Ավետ Դեմուրյանի «PR հասարակական կազմակերպությունների համար» ձեռնարկը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ «Անի» հյուրանոցում: Հայաստանի PR մասնագետների ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը գրքի նախաբանում նշում է, որ այս ձեռնարկում «հնարավորինս սեղմ ներկայացված են այն նվազագույն գիտելիքները, որ անհրաժեշտ են հասարակական գործունեության ծրագրավորված զարգացման համար»: Նա նաեւ փաստում է, որ մեր երկրի պարագայում երրորդ սեկտորը դեռ թույլ է ինչպես կազմակերպական, այնպես էլ ռեսուրսային առումներով: Սեփական փորձով նա համոզվել է, որ «ոչ պետական կազմակերպությունների մեծ մասը կամ լռում է ընդհանրապես, կամ խոսում է շատերի համար անհասկանալի լեզվով, կամ էլ չի ուզում ու չի կարողանում ընդլայնել հասարակության հետ աշխատանքի «ճակատը»:
Գրքի բովանդակության մեջ ներառված են հետեւյալ բաժիններըՙ «Աուդիտ, մոնիտորինգ. միշտ չէ, որ ձանձրալի է», «Կայունություն ես ցանկանումՙ ինքդ գումար հայթայթիր», «Փաստարկներ ունեսՙ համոզիր բոլորին», «Մարքեթինգըՙ գործունեության սկիզբ», «ՀԿ եւ ԶԼՄ. համագործակցություն եւ գործընկերություն» եւ այլն: Վերջին բաժնում ուշագրավ են հեղինակների առաջարկած լրագրողների հետ աշխատանքի ձեւերը: Նրանք իրավացիորեն նկատում են, որ լրագրողներին այլեւս չեն հետաքրքրում հանդարտ մամլո ասուլիսներն ու շնորհանդեսները, միաժամանակ շեշտելով, որ ասուլիսներն անիմաստ չեն ու գլխավորը դրանք ճիշտ կազմակերպելն է: Նրանք խորհուրդ են տալիս չանտեսել այն լրագրողներին, ում հետ նրանք կտրականապես համաձայն չեն, նկատի ունենալով, որ նրանց լավ ընդդիմախոս է անհրաժեշտ` «Մեկ ակտիվ «թշնամին» ձեզ համար ավելի լավ գովազդ կապահովի, քան մեկ տասնյակ ալարկոտ բարեկամները: Մամլո ասուլիսի ժամանակ ծագած վեճը կգրավի այլ լրագրողների, իսկ մամուլում հնչած քննադատությունը, թեկուզ եւ խիստ լինի, ձեր վրա կհրավիրի ընթերցողների ուշադրությունը»: Համագործակցության առումով ՀԿ -ներին խորհուրդ է տրվում գործակցել բոլոր լրագրողների հետ այնպես, որ չունենան ակնհայտ «սիրելիներ», արձագանքել նրանց հրապարակումներին, խելամիտ խնդրանքներին, հետաքրքրվել լրագրողների աշխատանքով, օգնել նրանց, պաշտպանել նրանց հալածանքներից: Նրանց կարծիքով, ամենատարածված սխալն այն է, «երբ կազմակերպությունը պատրաստ չէ ԶԼՄ-ների հետ համագործակցության, երբ նշանաբաններից ու խանդավառ ելույթներից բացի, իր ակցիայի վերաբերյալ ոչինչ չի կարող առաջարկել լրագրողներին: Զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը գրավելու համար առաջարկվում է կազմակերպության միջոցառումների օրացույցն ուղարկել ԶԼՄ-ներին: «Եթե կազմակերպությունը ԶԼՄ-ներում տեղադրում է վճարովի տեղեկատվություն, ցանկալի է այն այնպես նախապատրաստել, որ լրագրողների մեջ ցանկություն ու հետաքրքրություն առաջանա հավելյալ տեղեկություն ստանալու` արդեն անվճար հրապարակումների համար»: Լրատվամիջոցների հետ հարաբերություններում ամենակարեւորը նրանք համարում են ԴԿՈԳ -ի` դիտարկում, կողմնորոշում, որոշում եւ գործողություն համակարգի վրա հիմնված համակարգը: Իսկ մամուլի հետ կապերի յուրաքանչյուր պատասխանատուի աշխատանքում պետք է առկա լինեն նշված համակարգի համապատասխան գործիքներ` ԶԼՄ-ների մատչելիությունից մինչեւ հետադարձ կապի օպերատիվ ապահովման միջոցները:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ