«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2007-05-03 | #82, 2007-05-04 | #83, 2007-05-05


ԵՐԵՔԸ ՌԴ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ

Հայաստանցի երեք գրոսմայստերներ` Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանն ու Սմբատ Լպուտյանը Դագոմիսում տարբեր թիմերի կազմերում մասնակցում են Ռուսաստանի շախմատի ակումբային առաջնությանը: Հայ շախմատիստների մասնակցությունը նման մրցաշարին արդեն ավանդույթ է դարձել: Նշենք, որ անցած տարի այդ մրցաշարին մասնակցել է նաեւ Լեւոն Արոնյանը` «Տոմսկ-400-ի» կազմում դառնալով երկրի չեմպիոն:

Վլադիմիր Հակոբյանն ընդգրկվել է Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում, իսկ Սմբատ Լպուտյանն ու Կարեն Ասրյանը հանդես են գալիս Չելյաբինսկի «Յուժնի Ուրալում»:

Առաջին տուրում մեր շախմատիստներից հանդես եկավ միայն Սմբատ Լպուտյանը, որը սեւերով պարտվեց «Էկոնոմիստի» շախմատիստ Եվգենի Ալեքսեեւին: Այդ մրցախաղը «Էկոնոմիստը» շահեց 4-2 հաշվով: 2-րդ տուրում պայքարի մեջ մտան Լպուտյանն ու Ասրյանը: Այս անգամ Սմբատի ելույթը հաջող էր: Նա հաղթեց ՏՊՍ-ի ներկայացուցիչ Անդրեյ Վոլոկիտինին: Իսկ Ասրյանը Վասիլի Իվանչուկի հետ պարտիայում 63-րդ քայլին հաշտություն կնքեց: Մեր շախմատիստների հաջող խաղը նպաստեց ՏՊՍ-ի հետ ոչ-ոքի արդյունքի գրանցմանը (3-3):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4